Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) Վաշինգտոնից հաղորդում է, որ «խորապես հուսախաբ» է եղել իմանալով, որ դեկտեմբերի 11-ին «Թուրք-հայ հաշտեցման հանձնաժողովի» թուրք անդամները միակողմանիորեն դիմել են արդարադատության միջազգային կենտրոն եւ պահանջել չձեռնարկել Հայկական ցեղասպանությանը ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայի կիրառման ուսումնասիրությունը: Ըստ համագումարի տեղեկատվությանՙ ԹՀՀՀ-ի հայ անդամները որպես այդ քայլի հետեւանք թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Ֆիլիպսին հայտնել են, որ ԹՀՀՀ-ն չի կարող շարունակել իր գործունեությունը:
Թուրքերը նույնիսկ պրն Ֆիլիպսին չեն նախազգուշացրել իրենց կատարած քայլի մասին: ԹՀՀՀ-ին ուղղված Հայկական համագումարի նամակում մասնավորապես ասված է. «Ենթադրում ենք, որ նրանք (թուրք անդամները) անհանգստացած լինեն ուսումնասիրության արդյունքից: Երկխոսությունը շարունակելու փոխարեն նրանք որոշեցին հետ կանգնել եւ ավարտել: Դա ձեռք բերված հիմնական պայմանավորվածության խախտում է եւ պետք է բացահայտվի»:
ԱՀՀ-ի տեղեկատվությունն ավելացնում է, որ ուսումնասիրության պահանջն առաջ է քաշվել Նյու Յորքում նոյեմբերի 18-21-ը կայացած ԹՀՀՀ-ի նիստից հետո: «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայաններին տված հարցազրույցում պարոններ Արզումանյանն ու Միհրանյանը նշել են, որ կոնվենցիայի կիրառման ուսումնասիրության արդյունքները կարող էին ազդել պաշտոնական Երեւանին եւ Անկարային հանձնաժողովի տված առաջարկների վրա:
Դեկտեմբերի 12-ին իր անդամներին ուղղած նամակում Հայկական համագումարի պատասխանատուները գրում են, որ նման արարքը թուրք անդամների կողմից եւ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի շարունակվող ձգձգումներն այլեւս «անընդունելի» են իրենց համար:
«Այս ձախողման համար Թուրքիան պետք է կրի ամբողջ պատասխանատվությունը», այս առթիվ հայտարարել են Սենատում հայկական հարցերի խմբավորման համանախագահների ներկայացուցիչներ Ջո Նոլենբերգն ու Ֆրենկ Փալոն կրտսերը: «Հանձնաժողովի թուրք անդամներն իրենց արարքով եւ Թուրքիան իր անտարբերությամբ կործանման դատապարտեցին ԹՀՀՀ-ին»:
Վերոհիշյալ միջազգային արդարադատության կենտրոնը ստեղծվել է այս տարվա մարտինՙ ուսումնասիրելու զինված հակամարտությունների, զանգվածային դաժանությունների եւ բռնակալական իշխանությունների արդյունքում տեղի ունեցած մարդկային իրավունքների խախտումները եւ օժանդակելու այն հասարակություններին, որոնք ձգտում են պատասխանատվության կանչել այդ խախտումներն իրագործողներին: