Դեկտեմբերի 14-ին Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա կատարելիք այցի շրջանակներում Բաքու կժամանի ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: Քննարկման առարկա են լինելու ահաբեկչության դեմ համատեղ պայքարի եւ ԱՄՆ-Ադրբեջան ռազմական համագործակցության թեմաները:
Ըստ ադրբեջանական «Էխո» թերթի, քննարկվելու է նաեւ ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական ռազմարշավում Ադրբեջանի օդակայանների օգտագործման հարցը:
Ադրբեջանի նախագահի նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն այս առիթով նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անեն առավելագույնը, որպեսզի բացատրեն ամերիկացի պաշտոնյային, որ Հայաստանի քաղաքականության հիմքում ընկած է զավթողականությունը: Գուլուզադեն շեշտել է, որ այն մոտեցումը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն են, որ պետք է քննարկեն Ղարաբաղյան կարգավորման հարցը, միանգամայն սխալ է: «Մենք խոսելու ընդհանուր թեմա չունենք: Ադրբեջանի գրավյալ տարածքները պետք է առանց նախապայմանների վերադարձվենՙ ՄԱԿ-ի բանաձեւերի համաձայն»: Գուլուզադեի տեսության համաձայն, տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից ամենակարեւոր պետությունն Ադրբեջանն է, որին հաջորդում է Վրաստանը: «Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս երկիրը հանդիսանում է ռեակցիոն ուժերիՙ Իրանի եւ Ռուսաստանի դաշնակիցը», հայտարարել է Գուլուզադեն:
ՆՏ