«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2001-12-12 | #229, 2001-12-13 | #230, 2001-12-14


«ԶԵՐԿԱԼՈՆ» ԴԺԳՈՀ Է ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻՑ

ԲԱՔՈՒ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի խորհրդարանի նոր նախագահն իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը կատարում է ոչ թե Ադրբեջան եւ Թուրքիա, այսինքն այն երկրներ, որոնք զորակցում են Թբիլիսիին ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով (բավական է հիշել Բաքվի զիջումները նավթի եւ գազի փոխադրման սակագների որոշման հարցում), այլ Հայաստան, ուր անընդմեջ տարածքային պահանջներ են հնչում հենց Վրաստանի հանդեպ: Այս մտահոգությունն է արտահայտում Բաքվի «Զերկալո» թերթը դեկտեմբերի 13-ի համարում տպագրված «Որքան էլ գայլին կերակրես...» հոդվածում:

Թերթն իր տագնապն է արտահայտում այն առթիվ, որ Բուրջանաձեն «Հայաստանին կոչ չի անում ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները, այլ խոստանում է պաշտոնական Երեւանին, որ «Վրաստանը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի հայկական կողմը ներգրավվի INOGATE եւ TRASECA ծրագրերում»: Դա քիչ է, գրում է թերթը, «առաջարկում է օգտագործել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Վրաստանի բարեկամական փոխհարաբերություններնՙ «ի բարօրություն Հայաստանի»:

«Զերկալոն» սպառնում է, որ «Ադրբեջանը եւ Թուրքիան, ելնելով դաշնակցային հարաբերություններից, միանգամայն կարող էին Վրաստանից պահանջել միանալ Հայաստանի տնտեսական շրջափակմանը, իբրեւ մի պետության, որը տարածաշրջանում վարում է ագրեսիվ քաղաքականություն»:

«Տառացիորեն օրերս Ժվանիայի կողմնակիցները, որոնց դրածոն է համարվում հենց Ն. Բուրջանաձեն, զրկեցին ադրբեջանցի Միքայիլ Մահմուդովին Վրաստանի խորհրդարանի պատգամավորի մանդատից», գրում է «Զերկալոն» եւ հարց տալիս. «Արդյոք չափից դուրս շատ չե՞ն հակաադրբեջանական դեմարշները նախագահության այդքան կարճ ժամանակամիջոցում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4