«Պատերազմի եւ խաղաղության լրատվության ինստիտուտ» ինտերնետային էջում «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը գրում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի այցը Հայաստան նպատակաուղղված է մեծացնելու ռազմական համագործակցությունը երկու երկրների միջեւ: Դրանից առաջ Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Օրդուեյիՙ առավել սերտ համագործակցության կոչն այդ ասպարեզում արդեն իսկ աղմուկ էր բարձրացրել մեկնաբանների շրջանում: Նրանք բացատրում էին, որ դրանով Օրդուեյը հարաբերությունների սերտացման ճանապարհ է հարթումՙ օգտվելով Հայաստանի «կոմպլեմենտար» քաղաքականության ընձեռած հնարավորություններից, որով նախատեսվում է համագործակցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Մ. Նահանգների հետ:
Երեւանը, որ ցարդ Ռուսաստանի ամենանվիրական դաշնակիցն է եղել տարածաշրջանում, գտնում է, այնուհետեւ գրում է լրագրողը, որ կայունությունը պահպանելու համար այդ քայլն անհրաժեշտ է: Արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, Ռուսաստանի եւ Ամերիկայի մերձեցումը կթուլացնի լարվածությունը Հարավային Կովկասում, քանի որ նրանք ստիպված կհամագործակցեն որպես գործընկերներ եւ ոչ թե պայքարել իրար դեմՙ որպես հակառակորդներ:
Ռազմական առավել սերտ կապեր հաստատելու գործընթացը, գրում է հոդվածագիրը, կարծես թափ ստացավ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, երբ Մ. Նահանգները պատերազմ հայտարարեց ահաբեկչության դեմ: Քանի որ այդ առնչությամբ Ռուսաստան-Մ. Նահանգներ հարաբերությունները կտրուկ բարելավվեցին, Երեւանը ոչ մի խոչընդոտ չտեսավ Ամերիկային մերձենալու հարցում: «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի սահմաններում ՆԱՏՕ-ն նախատեսում է 2003 թ. դաշինքի տարածաշրջանային զորավարժությունները անցկացնել Հայաստանում:
Ամերիկայի հետ մերձեցումը հավանաբար ավելի համատեղելի է լինելու Վրաստանի եւ Ադրբեջանի վարած քաղաքականության հետ, որոնք վաղուց են երազում առավել սերտ ռազմական համագործակցություն Արեւմուտքի հետ: Այս համատեղելիությունն էլ, իր հերթին, կարող է նպաստել տարածաշրջանային վեճերի լուծմանը:
Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելով Վաշինգտոնն անկասկած հարմար պահ է ընտրել իր ազդեցության ոլորտը Կովկասում ընդլայնելու համար: Սակայն միաժամանակ զգուշավորությամբ հայտարարել է, որ նպատակ չունի այնտեղ «ռուսական զորքերին փոխարինելու կամ նրանց հետ մրցելու»: