«Մեր կուսակցությունն է Խորհրդային Հայաստանի կոմկուսի անմիջական ժառանգորդը»: Երեկ լրագրողներին իրենց նորՙ այս տարվա նոյեմբերի 26-ին միայն ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված «Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունն» էին ներկայացնում ՀԿԿ-ից հեռացած Յուրի Մանուկյանը, Հրանտ Ոսկանյանը եւ մարքսիզմ-լենինիզմի մի քանի ուրիշ հետեւորդներ: «Ինչո՞ւ ստեղծեցինք նոր ուժ, երբ անհրաժեշտ էր վերակառուցել եղած կուսակցությունը», իր իսկ հռետորական հարցին Յ. Մանուկյանը պատասխանեց, թե պատճառն այդ քաղաքական ուժիՙ ժամանակի պահանջներից շեղվելն էր: Ըստ նրա, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Սերգեյ Բադալյանի օրոք բռնել էր ժամանակի պահանջներին համապատասխան բարեփոխումների ուղին, բայց վերջին երկու տարիներին ՀԿԿ կենտրոնական կոմիտեի բյուրոն կուսակցությունը վերածեց անձնական խնդիրներ լուծելու եւ ամբիցիաներ իրականացնելու մեխանիզմի:
Այսպես. Յ. Մանուկյանի հավաստմամբ, բյուրոն Վլադիմիր Դարբինյանի գլխավորությամբ հրաժարվել է ընդունել երկրի իշխանությունների հետ հարաբերությունները ճշգրտելու, շուկայական տնտեսության պայմաններում կողմնորոշվելու, կուսակցական ուռճացված համակարգը կրճատելու վերաբերյալ առողջ տեսակետները, առհասարակ այլընտրանքային տեսակետ: «Ոչ ոք կուսակցությունում իրավունք չունի բյուրոյի տեսակետից տարբերվող կարծիք ունենալ: Այնպես որ, մենք անվանվում էինք տրոցկիստներ, բուխարինականներ», նշեց պրն Մանուկյանը: Նա ՀԿԿ վերջին երկու տարիների ներկուսակցական ռեժիմը համեմատեց անգամ ստալինյան մենիշխանության եւ ռեպրեսիաների հետ: Նորացված կոմկուսի ներկայացուցչի վստահեցմամբՙ ՀԿԿ բյուրոն, փոխանակ հոգալու շարքային գործազուրկ, ծանր կենսապայմաններ ունեցող կոմունիստների խնդիրները, զբաղվել է կուսակցական ելույթներ հաշվելովՙ իր անդամների թիվը 76-ից հասցնելով 130-ի: Իսկ որպես գերագույն նպատակ ընդունվել է «Սարո-Նորո-Խորոներին Ազգային ժողով մտցնելու դարբինյանական ծրագիրը»:
Իսկ խանգարողներն, ի դեմս նոր քաղաքական ուժ ստեղծած պարոնների, հեռացվել են կուսակցության շարքերից: Պրն Մանուկյանը հիշեցրեց, որ վտարվել են նաեւ բոլոր այն կոմունիստները, որոնք համարձակություն են ունեցել մասնակցելու իրենց բողոքի միջոցառումներին: «Եվ վտարված հարյուրավոր կոմունիստներ ինձանից պահանջում էին ստեղծել կոմունիստական նոր ուժ: Արդեն ունենք շուրջ 3000 անդամ»:
«Արդյոք նոր կոմկուսն ունի՞ նոր ծրագիր» հարցին Յ. Մանուկյանը պատասխանեց, թե իրենց եւ ՀԿԿ-ի ծրագրերը զգալի տարբերություններ ունեն: «Մենք բավական փոփոխություններ ենք արել ՀԿԿ ծրագրումՙ նկատի ունենալով ժամանակի պահանջները: Մասնավորապես ուսումնասիրել ենք եւ օգտագործել մեր դրույթներում Չինաստանի, Մոլդովայի փորձը», պարզաբանեց պրն Մանուկյանը: Առհասարակ, նորացված կոմկուսն ակնկալիք ունի, որ շուտով նորացված բառը դուրս կգա կուսակցության անվանումից, քանզի Հայաստանի բոլոր կոմունիստները կգիտակցեն դրությունն ու կմիանան հենց այս կոմկուսին:
Գալով կուսակցական հակամարտությունների սրման պատճառ դարձած Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի միանալու խնդրինՙ պրն Մանուկյանը պնդեց, թե անշուշտ իրենք կողմ են դրան եւ մեր ապագան առհասարակ տեսնում են Ռուսաստանի հետ, բայց այդ խնդիրը չի կարելի օգտագործել երկրի կենսամակարդակի բարձրացման խոստումներում, եւ դեռ վաղ է դրան անդրադառնալը:
Լ. Գ.