«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2001-12-12 | #229, 2001-12-13 | #230, 2001-12-14


5 ՏԱՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ 1 ՄԵՏՐՈՎ

Սակայն ինչպե՞ս, եթե փող չկա

Սեւանա լճի մակարդակի անկումը եւ էկոլոգիական վիճակի հավասարակշռության խաթարումը դարձել են երկրի ազգային անվտանգությանն սպառնացող հիմնախնդիրներ, որոնք երբեւէ կառավարության լրջագույն ուշադրությանը չեն արժանացել: Թերեւս այդպես էլ շարունակվեր, եթե խորհրդարանը նրան չպարտադրեր հիմնախնդրի լուծման համալիր ծրագիր մշակել: Թեեւ ժամկետների խախտմամբ կառավարությունն ի վերջո մշակել եւ ներկայացրել է օրենսդրի դատին:

Ծրագիրը, որն իրագործվելու է 30 տարվա ընթացքում, առաջնահերթ խնդիր է դրել, նախՙ բարձրացնել լճի ջրի մակարդակը, որն արդեն մոտենում է թույլատրելի նվազագույնին, երկրորդՙ աշխատանքներ տանել լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ուղղությամբ: Այս միջոցառումների ընդհանուր արժողությունը ֆանտաստիկ թվերի է հասնում Հայաստանի նման երկրի համարՙ կազմելով մոտ 305 մլն ԱՄՆ դոլար: Չնայած հաշվարկվել են ընդհանուր ծախսերն, այնուամենայնիվ, ծրագրում կոնկրետ ներկայացված չէՙ որտեղի՞ց է ակնկալվում այդ գումարների մեծ մասը, որոնք նշված են որպես արտաքին ֆինանսավորման աղբյուրներ եւ թե ի՞նչ համամասնությամբ են դրանք ծախսվելու կոնկրետ միջոցառումների համար տարեկան եւ ամսական կտրվածքներով: Այս տեսակետից ներկայացված ծրագիրը գրեթե անիրագործելի է համարում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը. «Դա նշանակում է փաստաթուղթ, որը չի կատարվի, քանի որ ֆինանսական որեւէ աղբյուր նշված չէ: Երկրորդՙ ծրագրում նշված չեն տարեկան ջրթողումների նվազագույն եւ առավելագույն սահմանները եւ դրանք ամսական կտրվածքով: Ավելինՙ նշված է, որ կառավարությունն արտակարգ իրավիճակներում կարող է համապատասխան փոփոխություններ կատարել, որը «Սեւանա լճի մասին» օրենքի 30-րդ հոդվածի պահանջի խախտում է, քանի որ եթե արտակարգ իրավիճակներ եղան, ըստ օրենքի, կառավարությունը պետք է դիմի ԱԺ-ին, ներկայացնիՙ ինչ է նշանակում արտակարգ այդ իրավիճակը եւ ինչքան ջուր պետք է բաց թողնվի: Իսկ մենք պետք է դա հաստատենք, որից հետո միայն կառավարությունը պետք է որոշակի գործողություններ իրականացնի»:

Բնապահպանության նախարարությունը, որի վրա էր դրված ծրագրի ներկայացման պատասխանատվությունը, պատրաստ է վերանայել վերջին դիտողությունը: Այդ նախարարության ղեկավար Վարդան Այվազյանը, սակայն, Սեւանա լճի ներկայիս իրավիճակը ոչ մի կերպ չի ուզում կապել ջրի բացթողումների չարաշահումների հետ, այն առավելապես բացատրելով գոլորշիացման բարձր մակարդակով: Նախարարն անգամ փորձում էր համոզել, որ ձմռանը եւ ամռանը գոլորշիացումը նույն մակարդակի է եղել: Եվ չնայած դրան, նախարարությունում համոզված են, որ ֆինանսական նորմալ հոսքերի դեպքում իրենց կհաջողվի մշակված հնգամյա ծրագրի շրջանակներում եւ 114 մլն դոլարի առկայությամբ 5 տարվա ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացնել 1 մետրով: Դրա համար նախատեսված է հաջորդ տարի ավարտին հասցնել Որոտան-Արփա թունելի կառուցման աշխատանքները, շահագործման հանձնել Եղվարդի եւ հանրապետության մի շարք այլ ջրամբարները, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա մեծ քանակությամբ լճի ջուրը տնտեսել: Իսկ դա կատարված հաշվարկներով յուրաքանչյուր տարի լճի մակարդակը կբարձրացնի 20-25 սմ-ով:

Այս հեռանկարից ոգեւորված էկոլոգիական հարցերով զբաղվող ԱԺ հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը կարծում է. «Մենք պետք է հնարավորություն ունենանք միջազգային ատյաններին ասելուՙ տեսեք. սա է ծրագիրը, բայց մեր բյուջեն, ցավոք, ամբողջությամբ ֆինանսավորել չի կարող, մնացած մասը խնդրում ենք դուք տվեք: Թե ինչ պայմաններով, այլ խնդիր է: Դա կարող է լինել միջպետական վարկի տեսքով եւ համատեղ շահագործման միջոցով, ասենք, հանգստյան գոտիներում կամ ձկնարտադրության ոլորտում: Կարող ենք համատեղ կատարելագործել ձկնարտադրության տեսակները, կամ ստեղծել արդիական պահածոյի գործարան: Ուղիներ կա եւ պետք է աշխատել»:

Այս ամենը ներկայումս միայն երազներ են, որոնց իրականացման համար կոնկրետ միջոցներ ու գումարներ են պետք: Կառավարությունն առայժմ լռում է, թե ինչպես է 30 տարվա ընթացքում այդքան գումար ձեռք բերելու, սակայն դեռեւս նախորդ տարի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում հայ պատգամավորները եւ հատկապես Վիկտոր Դալլաքյանը վստահեցնում էին, թե ճգնաժամից դուրս գալու ռեալ ծրագիր ունենալուց հետո կարելի է այդ կազմակերպությունից գումարներ ձեռք բերելՙ խնդիրը կարգավորելու: Այդ գործընթացը վերջնական արդյունք կարող է տալ արդեն փետրվարին ՍԾՏՀ նախարարների խորհրդի նիստում: Ըստ այդ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վ. Դալլաքյանի. «Մենք հասել էինք հաջողության, որ Հայաստանի պատվիրակությունն այդ խնդիրը ներկայացրեց ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստին եւ համապատասխան որոշումն ընդունվեց: Կազմակերպության նախարարների կոմիտեն փետրվարին կքննարկի այդ հարցը եւ վերջնական որոշում կկայացնի: Հայաստանի գործադիր իշխանությունը եւ հատկապես արտգործնախարարը պետք է այս առումով լուրջ աշխատանք տանեն»:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4