Հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանին երեկ ուղղված հարցերի գերակշիռ մեծամասնությունը վերաբերում էր «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործին: Նա ասաց հետեւյալը.
- Պողոս Պողոսյանի գործն իմ վերահսկողության ներքո է, ես գիտեմ առաջին էջերից մինչեւ վերջինը: Ամենաուշը վաղը (այսօր-Ա. Մ.) գործը կուղարկվի Կենտրոն համայնքի դատարան: Աղամալ Հարությունյանը մեղադրյալի կարգավիճակում է: Նա կալանքի տակ չէ, եւ իրեն մեղավոր չի ճանաչել: Նրա փաստաբանը միջնորդել է քրեական գործը կարճել այդ մասով, սակայն քննիչը մերժել է: Քննիչի նախաքննությունից ես գոհ եմ, որովհետեւ արվել է բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ: Հարցաքննվել են զուգարանի դիմացի սեղանների մոտ եղած բոլոր մարդիկՙ մասնավորապես Պողոս Պողոսյանի հետ եղած Ստեփան Նալբանդյանը, Յուրա Նավոյանը, Սերժ Պապանցյանը: Հաջորդ սեղանիցՙ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Փարաջանովի կինը եւ Ուկրաինայից ռեժիսոր Ռոման Բալայանը, մյուս սեղանիցՙ Ծառուկյան ազգանունով մի անձնավորություն, որը կապ չունի հայտնի Ծառուկյանի հետ, բացի այդՙ նաեւ լրագրողներ եւ այլք:
Մեր պատկերացմամբ եւ գործի տվյալներովՙ այստեղ մեղքի անզգույշ ձեւն է: Դատավարության ժամանակ խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել դատաբժշկական փորձագետի եզրակացությանը եւ նրա հարցաքննությանը, որը վերաբերում է վնասվածքի պատճառման մեխանիզմին: