Գալաթասարայի վեցհարկանի տներից մեկն իսկական թանգարան է: Այստեղ են գտնվում աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ստեղծագործությունները: Գյուլերների ընտանեկան տանն աշխարհի մեծերի, Անատոլիայի բոլոր գավառների լուսանկարներն են:
1928-ին Ստամբուլում ծնված Արա Գյուլերը փոքր հասակում մեծ հակում ուներ լուսանկարչության նկատմամբ: Բայց, ինչպես վկայում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթը, ապարդյուն մնացին հորՙ Տաճատ Գյուլերիՙ որդուն իր գործի շարունակող տեսնելու ճիգերը: Հոր նվիրած լուսանկարչական սարքով մտնում էր ամեն տեղ, հանդիպում հազարավոր մարդկանց, բարեկամություն հաստատում շատ ու շատ ճանաչված արվեստագետների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ: Թուրքական մամուլը բարձր գնահատեց Արա Գյուլերի վարպետությունը: Եվ համաշխարհային ճանաչումը հետեւեց թուրքական պարբերականներում հաճախակի տպագրվող արվեստագետին: Այո, արվեստագետին, քանզի Արա Գյուլերի աշխատանքներն իսկապես արվեստագետի «մատնահետք» ունեն: Մասնավորապես, ամերիկյան մամուլից բազմաթիվ առաջարկներ հետեւեցին միմյանց: Մեծ գումարներ էին խոստանում հայ լուսանկարչին, եւ պայմանագրեր կնքվեցին:
Արա Գյուլերի անձի եւ նրա արվեստի մասին բազմաթիվ հրատարակություններ են եղել համայն աշխարհում: «Իսթանպուլահայութեան համար մեծ բախտաւորութիւն մը եղած է իր ծոցէն բովանդակ աշխարհին ընծայել Արա Գիւլէրի նման այնքան արժէքաւոր արուեստագէտ մը, որ նաեւ մեր համայնքը հարստացուցած է ժամանակակից մտաւորականներու եւ արուեստագէտներու գեղարուեստական դիմանկարներով», գրում է «Ակօսը»:
Ս. Գ.