«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2001-12-12 | #229, 2001-12-13 | #230, 2001-12-14


ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Յոհաննես Լեփսիուսի ծննդյան օրը

143 տարի առաջ, 1858 թ. դեկտեմբերի 15-ին, Բեռլինում հանրահայտ եգիպտագետ Կարլ Ռիխարդի ընտանիքում ծնվեց ապագա մեծ մարդասերը: Նա ապրեց ընդամենը 68 տարի: Այդ տարիներից գրեթե չորս տասնամյակը նա նվիրեց թուրքական բարբարոսությունների, աբդուլհամիդյան եղեռնագործության եւ ապա երիտթուրքերի ծրագրավորած ցեղասպանության զոհ դարձած հայ ժողովրդի, մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանության կանխման, համաշխարհային քաղաքակրթությանը հայ ժողովրդի ներդրումները ցույց տալու եւ նրա զրկանքները մեղմելու, նրան սատար կանգնելու ազնիվ գործին:

Աստվածաբանության դոկտորը տարբեր տարիների աշխատել ու ստեղծագործել է Գերմանիայում, Երուսաղեմում, Թուրքիայի հայաշատ բնակավայրերում եւ մոտիկից շփվել հայ գործարարների, իրավաբանների, մտավորականների, հոգեւորականների շատ ու շատ ներկայացուցիչների հետ: Խմբագիր, Բողոքական եկեղեցու սպասավոր, դոկտոր, պրոֆեսորը 1895 թվականին գերմանական արեւելյան քաղաքականության ծրագրում քրիստոնեական-միսիոներական գործունեություն է ծավալում Օսմանյան Թուրքիայի Ուրֆա եւ այլ նահանգներում, ծանոթանում Հայկական հարցին, աշխարհի տարբեր երկրների դիվանագետների, միսիոներների հետ:

1896 թ. հայազգի Գրինֆիլդի հետ Արեւմտյան Հայաստանում ականատեսն է դառնում համիդյան ցեղասպանության բազում փաստերի, որին զոհ գնաց ավելի քան 300 հազար հայ: Թալան, ավեր, կոտորած: Մեծ մարդասերը նույն թվականին Գերմանիայում հրապարակում է «Հայաստանը եւ Եվրոպան» աշխատությունը:

Միեւնույն ժամանակ նա ակտիվ գործունեություն ծավալեց, նյութական միջոցներ հավաքեց եւ տեղահանված, որբ մնացած հայ երեխաների համար զանազան ձեռնարկություններ ստեղծեց, բացեց դպրոցներ ու որբանոցներ, հիվանդանոցներ ու գործատեղիներ:

Յոհաննես Լեփսիուսը նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, Արմին Վեգների եւ այլ մարդասեր այն նվիրյալների շարքին է պատկանում, որոնց անունները հոմանիշ են դարձել արդարության, մարդասիրության, վեհանձնության ու սրբության գաղափարների հետ: Հետաքրքիր էր, որ Յոհաննես Լեփսիուսը Ուրֆայում հիմնում է գորգագործական ֆաբրիկա: Նպատա՞կը: Հայ այրիները, որոնք կորցրել էին ամուսիններինՙ աշխատանք ունենային:

Նա մեծ աշխատանք է կատարում արեւմտահայության ծանր վիճակի պատճառները բացահայտելու: «Հայաստանը եւ Եվրոպան», ավելի ուշՙ «Զեկուցագիր Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին» 302 էջանոց աշխատության մեջ, որը հետո հրապարակեց «Հայ ժողովրդի կործանումը» խորագրով, գերմանահայ ընկերության կողմից համաշխարհային առաջադեմ հասարակայնությանը ներկայացրեց թուրքական մարդատյաց քաղաքականությունը եւ Անգլիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ այլ խոշոր տերությունների անտարբեր վերաբերմունքն ու մասնավոր շահերը:

Լեփսիուսը տարիների անլուր տառապանքների, չվհատվող պայքարի ու պահանջատիրության շնորհիվ Գերմանահայ ընկերության հանրաճանաչ ակտիվի հեղինակությամբ ու ջանքերով կարողացավ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության 500 պաշտոնական փաստաթղթեր պարունակող ստվարածավալ գրքով ներկայացնել հանրությանը Արեւմտահայաստանի ու ընդհանրապես Հայաստանի խնդիրները: Իհարկե, որոշ փաստաթղթեր ամբողջությամբ չի ներկայացրել. «Գերմանիան եւ Հայաստանը 1914-1918 թթ.» վավերագրերի, փաստաթղթերի գիրքը հզոր զենք էր թուրքական քարոզչության, կայզերական Գերմանիայի հակահայ քաղաքականության մերկացման գործում: Գերմանահայ ընկերությունը, իմիջիայլոց, որի գործավարներից էր նաեւ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, դրական շատ աշխատանք կատարեց մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմը: Հիշյալ փաստաթղթերի եւ վկայությունների ժողովածուն եւ մյուս գրքերը ժամանակին թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն եւ այլ լեզուներով: Հենց միայն Յոհաննես Լեփսիուսի աշխատությունները, որոնք վերաբերում են սուլթանհամիդյան հայաջինջ քաղաքականությանը եւ 1915-16 թթ. Հայոց ցեղասպանությանը, թուրքական քարոզչությունը կանգնեցնում է մեղքերի շարանի, անելանելի կացության առաջ: Ուրեմն, այսօրվա թուրք «գիտնական պատմաբանները» ի՞նչը պիտի հերքեն.

1920 թ. «Թալեաթ փաշայի դատավարությունը» վերնագրով գերմաներեն լեզվով հրապարակվեց հայտնի բեռլինյան գործը:

1921 թ. հունիսի 2-3-ին տեղի ունեցած դատավարությունում անարգանքի սյունին գամվեց Հայոց մեծ եղեռնի գլխավոր հանցագործներից մեկըՙ Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Թալեաթը, որին Բեռլինում գնդակահարել էր հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը: Դատավարությանը մասնակցում էին Գերմանիայի ամենաճանաչված դատավորներ, դատապաշտպաններ, դիվանագետներ, լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Թեհլիրյանը հանդես էր գալիս մեղադրողի դերում: Նրա հարազատները, հայրենակիցները զոհ էին գնացել Հայոց եղեռնին: Նա վրիժառու էր: Ժամանակին կռվել էր Անդրանիկ Զորավարի ջոկատում, պաշտպանել իր հայրենակիցներին սպանդից, ծրագրավորված եղեռնից: Եվ գլխավոր վկաներից երկուսըՙ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները բնականաբար հայեր չէին: Նրանք մեծ ժողովրդի մեծ մարդասերներ էին: Նրանց բերած փաստերը, փաստաթղթերը ցնցել էին դատարանին: Այդ նյութերը հրապարակվեցին գերմաներեն, 1921-ինՙ «Թալեաթ փաշայի դատավարությունը» խորագրով եւ ոչ թե «Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը», ինչպես սխալմամբ հայերեն թարգմանության մեջ էՙ նույն թվականին: Գերմաներեն հրատարակության վերնագիրը միանգամայն ճիշտ է, այնտեղ դատապարտվեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչըՙ Թալեաթը: Գերմաներեն գրքում առաջաբան է գրել Արմին Վեգները: Ինչը մոռացել են հայ թարգմանիչները: 1921 թ. գերմաներեն գրքում տեղ են գտել Թալեաթի բոլոր հրամանագրերը, որոնք ծրագրված ցեղասպանության փաստաթղթեր են: Հայերենի թարգմանիչը այդ էջերը եւս բաց է թողել:

Մեղադրյալի աթոռին հայ վրիժառու Թեհլիրյանն էր, սակայն դատարանին ներկայացված իրական փաստերով մեղավորը ոչ թե սպանողն է, այլ սպանվածըՙ արյունռուշտ Թալեաթը, որն իր հանցավոր ժամանակակիցների հետ կանգնած է պատմության դատաստանի առաջ, ինչպես նշում է մեր ճանաչված պետական գործիչ ու պատմաբան Ջոն Կիրակոսյանը: Արմին Վեգները եւ Յոհաննես Լեփսիուսը դատավարությունում ցույց տվեցին, որ իրենց վկայությունները միայն նշույլներ էին տեղի ունեցած եղեռնագործության, երբ թուրքական բանակում ծառայող հայ սպաներին ու զինվորներին հարյուրներով, խմբերով գնդակահարում էին նրանց երեկվա զինվոր ընկերները, տղամարդկանց առանձին, կանանց ու երեխաներին թալանելուց, ջրից ու ունեցվածքից զրկելուց հետո թողնում էին անապատներում ու քրդական, չերքեզական ու թուրքական ավազակախմբերի տիրույթներում:

Ակամայից հիշում ես մեկ այլ արյունարբու հրեշիՙ Հիտլերի խոստովանությունը, երբ սանձազերծել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ ուզում էր, ինչպես թուրքերըՙ ծովից-ծով, օվկիանոսից-օվկիանոս, մինչեւ Չինաստան ու Հնդկաստան տիրույթներ ունենալ, ծնկի բերել ամենքինՙ լեհերին, ռուսներին, մյուս ազգերին: Նրան ոգեւորողը թուրքական օրինակներն էին, երբ ասում էր.

- Հիմա ո՞վ է հիշում հայկական կոտորածները.

Սակայն նրա հայրենակիցներըՙ մարդասերներ Լեփսիուսը, Վեգները, շատերը վեր հանեցին ինչպես Աբդուլ Համիդ Երկրորդի, այնպես էլ երիտթուրքերի մշակած բարբարոսական ծրագրերը: Ե՚վ Թալեաթը, ե՚ւ ռազմական գործերի նախարար Էնվեր փաշան իրենց հրամաններում քանիցս նշել ենՙ «Տեղահանությունը բնաջնջում է»: Տեղահանված հայ ազգաբնակչության 90 տոկոսը ոչնչացվեց ճանապարհներին, միայն 10 տոկոսը հասավ աքսորավայր: 2 մլն հայություն տարագրվեց սեփական հայրենիքից, թալանվեց ու ծրագրված ոչնչացվեց:

Լեփսիուսը գերմանական դատարանում ասաց հետեւյալը.

«Հայկական հարցը բնածին ծառ չէ: Այն եվրոպական դիվանագիտության պտուղն է: Դիվանագիտական շախմատային խաղում հայը հանդիսացել է զոհաբերվող զինվոր: Թուրքիայի ծրագիրն էր, քանի որ բալկանյան ժողովուրդներն ազատագրվեցին իրենց լծից, պատերազմը հարմար առիթ էր, որպեսզի հայերը նույնը չանեին, որոշվեց բնաջնջել նրանց»:

Հայ ժողովուրդը երախտապարտ է Յոհաննես Լեփսիուսին, գերմանական դատարանին, բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին պաշտպանեցին Հայ դատը, հայ վրիժառուներին: Պողոս Նուբար փաշան 1921 թ., որպես հայերի ազգային պատվիրակության նախագահ, իր ժողովրդի անունից դրվատեց Լեփսիուսի քաջությունն ու անձնուրացությունըՙ իր երախտագիտությունը հայտնելով նրա ազնվությանն ու մարդասիրությանը:

ՌՈԲԵՐՏ ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4