Արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո մի խումբ ֆուտբոլիստներ մեկնում են Իրան եւ Լիբանանՙ ձմեռային շրջանն անցկացնելով այդ երկրների թիմերում: Այդ քայլով նրանք լուծում են միանգամից երկու խնդիր. բարելավում են ֆինանսական վիճակը եւ պահպանում մարզավիճակը: Ֆուտբոլային առաջին դեսանտը Հայաստանից արդեն ուղեւորվել է: «Փյունիկի» ֆուտբոլիստներ Արմեն Սանամյանն ու Արթուր Քոչարյանը մեկնել են Իրան, որտեղ հավանաբար հանդես կգան Թեհրանի «Արարատ» թիմում: Ավելի վաղ այդ երկրում խաղալու մտադրությամբ Իրան էին մեկնել Երեւանի «Արարատի» դարպասապահ Մայիս Ազիզյանը եւ կիսապաշտպան Արշակ Ամիրյանը:
Երեք ֆուտբոլիստ համալրել է Բեյրութի ՀՄՄ-ի կազմը, որը վերջերս ուսումնամարզական հավաք էր անցկացնում Արարատի «Այգ» մարզաբազայում: Դեկտեմբերի 16-ին մեկնարկող Լիբանանի ֆուտբոլի առաջնությանը ՀՄՄ-ի կազմում կմասնակցեն «Զվարթնոցի» ռմբարկու Մհեր Ավանեսյանը եւ «Բանանցի» ֆուտբոլիստներ Գագիկ Սիմոնյանն ու Վիգեն Աբրահամյանը: Իհարկե, թվարկած ֆուտբոլիստներով չի սահմանափակվում Հայաստանի պատվիրակների ներկայությունն արտերկրների թիմերում: Մրցաշրջանը դեռ նոր է ավարտվել, ֆուտբոլիստները գտնվում են արձակուրդում, եւ առաջիկայում դեռ նորանոր անուններ կհայտնվեն արտերկրների թիմերում: