Արդեն երկու շաբաթից ավելի ավարտվել է ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում, հանդարտվել են կրքերը: Ֆուտբոլիստների համար արձակուրդներ են, իսկ ահա ակումբների ղեկավարներն այս օրերին զբաղված են թիմերի ելույթները սթափ գնահատելու, նոր մրցաշրջանի նախապատրաստական ծրագրեր կազմելու գործընթացով: Ֆուտբոլային արձակուրդը որպես կանոն կարճ է տեւում, եւ արդեն դեկտեմբերի վերջերից սկսվում է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Այս առումով բարդ է նորընծա չեմպիոն «Փյունիկի» խնդիրը: ՀՀ քառակի չեմպիոնը մեր մյուս թիմերից առաջինն է մտնելու մրցասպարեզ, այն էլ արդեն հունվարի կեսերիցՙ մասնակցելով ԱՊՀ երկրների չեմպիոնների գավաթի հոբելյանականՙ 10-րդ խաղարկությանը: Ինչպես տեղեկացրել ենք, «Փյունիկն» ընդգրկվել է «A» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մոսկվայի «Սպարտակը», Տիրասպոլի «Շերիֆը» եւ Ֆերգանայի «Նեֆթչին»: Այդ մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու նպատակով «Փյունիկը» ծրագրել է ուսումնամարզական երկու հավաք. դեկտեմբերի 18-28-ըՙ Ծաղկաձորում, հունվարի 4-17-ըՙ Սոչիում: Բացառված չէ, որ «Փյունիկի» կազմում ընդգրկվեն եւս մի քանի լեգեոներներ:
Նոր մրցաշրջանին բավական լրջորեն են նախապատրաստվելու նաեւ Երեւանի «Սպարտակի» ֆուտբոլիստները, որոնց ելույթներն ավարտված առաջնությունում չգոհացրին ակումբի ղեկավարությանը: Վերջինս նախատեսել է կադրային լուրջ փոփոխություններ կատարել թիմում: Դեկտեմբերի 20-ից «Սպարտակը» կներգրավվի մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքներում: Ծրագրված են արտասահմանյան 2 հավաքներ, որոնցից մեկը նախատեսված է հունվարինՙ Կիպրոսում: Ըստ ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի, թիմում այժմ կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնցով հետաքրքրվում են ռուսաստանյան եւ ուկրաինական ակումբները: Հնարավոր է, որ «Սպարտակն» էլ իր հերթին «դրսից» լեգեոներներ հրավիրի, թեեւ հիմնական շեշտը դնելու է տեղի ֆուտբոլիստների վրա: Ներկայումս թիմում ընդգրկված են նաեւ «Մալաթիայի» հեռանկարային ֆուտբոլիստներից մի քանիսը:
ՀՀ գավաթակիր Աշտարակի «Միկայի» ղեկավարությունն էլ գալիք մրցաշրջանում թիմի կազմն ուժեղացնելու, խաղը կայունացնելու ծրագրեր ունի: Փոփոխությունները սկսվել են ակումբի ադմինիստրատիվ կազմից, հետագայում հնարավոր են դրանք վերաբերեն նաեւ թիմի մարզչական շտաբին: «Միկան» արդեն հրավիրել է ռուսաստանցի մարզիչ Վալերի Գլադիլինին, որը լինելու է ակումբի հիմնադիր եւ հովանավոր Միքայել Բաղդասարովի խորհրդականըՙ զբաղվելով մարզումային գործընթացի կազմակերպմամբ: «Միկան» եւս մտադիր է լեգեոներներ հրավիրել, սակայն հիմնականում ԱՊՀ երկրներիցՙ հրաժարվելով աֆրիկացի ֆուտբոլիստների ծառայություններից:
Առաջնության մասնակից մյուս ակումբներն էլ, անշուշտ, հաջորդ մրցաշրջանի նախապատրաստության լուրջ ծրագրեր են մշակել, որոնց մասին ընթերցողներին կտեղեկացնենք մեր հաջորդ հրապարակումներում: