Նախագահը ներկայացրեց այս թիվը հիմնավորող տվյալները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ Արմենպրեսի մամուլի սրահում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց լրագրողների հետ: Սակայն մինչ այդ կարճատեւ բրիֆինգ ունեցավ նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը եւ ներկայացրեց այս ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կատարելիք այցերը: Դրանք, ինչպես նշել էինք երեկ, երեքն ենՙ Մոսկվա, (դեկտեմբերի 17-18), Տոկիո (դեկտեմբերի 19-22) եւ Թեհրան (դեկտեմբերի 25-27): Այնուհետեւ խոսքը տրվեց նախագահին, որի ելույթն ընդգրկում էր երկու հիմնական ուղղություններՙ տնտեսության, մասնավորապես աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ տեղեկատվություն եւ սահմանադրական բարեփոխումներ:
Ռոբերտ Քոչարյանը ներկաներին հիշեցրեց իր 2000 թ.-ի նոյեմբերի 2-ի հեռուստաելույթը, որտեղ նա առաջին անգամ ասել էր 1 տարվա ընթացքում 40 հազ. աշխատատեղերի բացման մասին: Մոտ 1 տարի է անցել այդ օրվանից եւ երեկվաՙ փաստորեն տարին ամփոփող հաշվետվությունը այդ ընթացքում բացված աշխատատեղերի քանակի վերաբերյալ էր: Նախագահը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում անց է կացվել վարչական մոնիտորինգ եւ կատարած հաշվարկի մանրամասներն առաջարկեց ներկայացնել ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանին:
Նախարարը նախ հայտնեց, որ տվյալները տրամադրվել են նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների եւ զբաղվածության հանրապետական ծառայության կողմից: Բացի վարչական մոնիտորինգից, աշխատատեղերի ստեղծման գնահատումների համար առանձին դեպքերում հիմք են հանդիսացել փորձագիտական գնահատումները: Կարեն Ճշմարիտյանը նոր աշխատատեղեր հասկացությունը բաժանեց երկու մասիՙ նոր աշխատատեղ եւ լրացուցիչ:
Առաջինը նոր ստեղծված ընկերություններում բացված աշխատատեղերն են, երկրորդըՙ վերագործարկված ձեռնարկություններում ստեղծվածը: Ըստ պետռեգիստրի տվյալների (որոնց վրա հիմնված են փորձագիտական գնահատումները), 2001 թ. հունվար-հոկտեմբերին գրանցվել են 2189 իրավաբանական անձինք, լուծարվելՙ 363-ը: գրանցված սուբյեկտների 95-97 տոկոսը փոքր եւ միջին ձեռնարկություններ են (ՓՄՁ): Դրանցից որպես փաստացի գործողներ ընդունվել է 1510-ը, որտեղ աշխատողների միջին թվաքանակ է ընդունվել տվյալ սուբյեկտի գործունեությունն ապահովող նվազագույն ցուցանիշը:
Ըստ «ՓՄՁ պետական աջակցության մասին» օրենքի, արդյունաբերության ոլորտում փոքր ձեռնարկության աշխատողների միջին թվաքանակը 50-ն է, հիմք է ընդունվել 10-ը, շինարարությունում եւ էներգետիկայումՙ 25-ը, ընդունվել է 9-ը եւ 5-ը, գիտության եւ կրթության ոլորտումՙ 25-ը, հիմք է ընդունվել 5-ը, տրանսպորտ, առեւտուր եւ ծառայությունների ոլորտի համարՙ 15-ը, հիմք է ընդունվել դարձյալ 5-ը:
Նախարարը հատուկ ընդգծեց, որ նոր ստեղծված աշխատատեղերի մեջ հաշվառված չեն ժամանակավոր, սեզոնային աշխատողները, չգրանցված կամ թաքնված զբաղվածները, բանակի սպասարկման ոլորտում ընդգրկված քաղաքացիական ծառայողները: Միայն նոր աշխատատեղերի թիվը կազմել է 10005: Ըստ ոլորտներիՙ այդ թիվը բաշխվել է հետեւյալ կերպՙ վերամշակող արդյունաբերությունՙ 2350, գյուղատնտեսությունՙ 360, լեռնահումքային արդյունաբերությունՙ 150, շինարարությունՙ 630, հյուրանոցներ, ռեստորաններՙ 1380, առողջապահություն, կրթություն, սոցիալական ծառայությունՙ 600, այլ ոլորտներՙ 4535: Այլ ոլորտներում ընդգրկված են առեւտուրը, մեքենաների, կենցաղային սարքերի նորոգումը, տրանսպորտը, պահեստավորումը, կապը, կոմունալ ծառայությունները, անշարժ գույքի գործառնությունները, ֆինանսական միջնորդությունները, գազը, ջրամատակարարումը: Ըստ մարզերի, նոր աշխատատեղերի թվով առաջին տեղում Երեւանն էՙ 5430, այնուհետեւ գալիս են Կոտայքըՙ 917, Լոռինՙ 638, Գեղարքունիքըՙ 570, Արարատըՙ 490, Սյունիքըՙ 421, Արմավիրըՙ 351, Տավուշըՙ 286, Արագածոտնըՙ 233, Վայոց ձորըՙ 188:
Լրացուցիչ աշխատատեղերի թիվը, ըստ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի հաղորդման, այս տարվա առաջին 10 ամիսներին կազմել է 27648: Դրանից 10900-ը բացվել է շինարարության, 7943-ըՙ վերամշակող արդյունաբերության, 1124-ըՙ լեռնահումքային արդյունաբերության, 1320-ըՙ գյուղատնտեսության, 1217-ըՙ սպասարկման, 780-ըՙ առողջապահության, կրթության, սոցիալական ծառայության եւ 4364-ըՙ այլ ոլորտներում: Նոր եւ լրացուցիչ աշխատատեղերի թիվը միասին այս տարվա 10 ամիսներին կազմել է 37653:
Ռոբերտ Քոչարյանը վերստին վկայակոչելով իր նոյեմբերի 2-ի ելույթը, նշեց, որ նոր աշխատատեղերի հաշվարկն ինքը սկսել է այդ օրվանից: Այդ պատճառով վերոնշյալ թվին պետք է ավելացնել 2000 թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին ստեղծված աշխատատեղերը: Խոշոր ընկերություններում դրանք առնվազն կազմել են 2000 եւ ավելացրած 4395 անհատ ձեռնարկությունները: Այս թվերը գումարելով 37653-ին, վերջին 1 տարում ստեղծված նոր եւ լրացուցիչ աշխատատեղերի թիվը կկազմի 44048: Հնարավոր շեղումները (մինչեւ 5 տոկոս) նկատի ունենալով, Կարեն Ճշմարիտյանի հավաստմամբ, նորաստեղծ աշխատատեղերի թիվը տատանվում է 41845-ի եւ 46250-ի միջեւ: Դրան նախագահը հավելեց, որ բոլոր դեպքերում հիմք են ընդունվել նվազագույն թվերը, որպեսզի վերջնական թիվը շատ մեծ չստացվեր: Ապա նա պատրաստակամություն հայտնեց պատասխանելու լրագրողների հարցերին:
Արտաշես Գեղամյանի այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի, վերջին 4 տարում Հայաստանում ոչ թե բացվել, այլ փակվել է 163 հազ. աշխատատեղ, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ արվել է ամեն ինչ, որ թվերն արժանահավատ լինեն: Այլապես «օդից կարելի է ամեն ինչ ասել»: Վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, պարզաբանելով այդ հարցը, ասաց, որ Արտաշես Գեղամյանը նկատի է ունեցել ընդհանուր զբաղվածության տվյալները: Դրա մեջ ընդգրկված են բոլոր ձեռնարկությունների հաստիքացուցակում նշված անձինք, որոնց հիմնական մասը չէր աշխատում:
Ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին հարցին նախագահը պատասխանեց, որ մի շարք օրենքներ ուղղված են ստվերի դեմ: Դրանք ենՙ «Գնումների մասին», «Ստուգումների մասին» օրենքները, այս օրերին ընդունված հարկային փոփոխությունների փաթեթը: Իսկ թե նոր աշխատատեղերի ինչպիսի՞ թիվ կնշի նախագահը եկող տարվա համար, պատասխանեց. «Այնպիսի, որ կարողանամ տակից դուրս գալ»: Դրա համար անհրաժեշտ են որոշակի ճշտումներ, ինչն ինքն արել է նաեւ մինչեւ 40 հազարը նշելը: Այնուհետեւ նա ընդգծեց, որ նոր աշխատատեղերի գործելու ավելի ստույգ ցուցանիշ է դրամական զանգվածի աճը: Այն ընդհանուր առմամբ աճել է 30 մլրդ դրամով, որից 14,5 մլրդ-ը միայն դրամով: Հարկային մուտքերը եւս անցյալ տարվա համեմատ աճել ենՙ 150 մլրդ դրամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 136 մլրդ-ի դիմաց:
«Ազգի» հարցերը նախագահին այսպիսին էինՙ արդարացա՞ն նախագահի ակնկալիքները նոյեմբերի 2-ի հեռուստաելույթում նշած ներդրումների (300 մլն դոլար Համաշխարհային բանկի, 165 մլն դոլար Լինսի հիմնադրամի կողմից) ծավալների առումով եւ նոր աշխատատեղերի մեջ զգալի թիվ կազմող ցածր վարձատրությամբ աշխատատեղերի առկայությունն ինչպե՞ս է մեկնաբանում նախագահը: Առաջին հարցի վերաբերյալ ասվեց, որ ներդրումները 9 ամսում կազմել են շուրջ 200 մլն դոլար, ինչը, մեկ այլ հարցի պատասխանելով, Ռոբերտ Քոչարյանը համարեց աճ: Բանն այն էր, որ այս թվի մեջ բացակայում են նախորդ տարիների հիմնականՙ «Արմենտելի» եւ «Հայռուսգազարդի» ներդրումները: Ցածր աշխատավարձերի առնչությամբ նախագահը կարծիք հայտնեց, որ 40 հազ. աշխատատեղ ասելով դեռ չի նշանակում, որ այդ մարդկանց բոլոր խնդիրները լուծվում են: Եթե աշխատատեղերի ստեղծման այս տեմպերը պահպանվեն, ապա գործատուները ստիպված կլինեն ավելի բարձր վարձատրել աշխատակիցներին: Հիմնական խնդիրն այն է, որ կայանա միջին խավը, որի համար անհրաժեշտ է խրախուսել փոքր եւ միջին բիզնեսը:
Շարունակո՞ւմ է մեր տնտեսությունը ռիսկային մնալ: Ըստ նախագահի, այո: Ռիսկերը բազմաթիվ են: Դրանցից մեկը կապված է քաղաքական վիճակի հետ: Ռիսկային գործոն է էներգետիկ համակարգը: Այստեղ կադրային փոփոխության նպատակը վարչարարության խստացումն էր, Ռոբերտ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ 1-2 ամսում իրավիճակն այստեղ կկարգավորվի եւ խնդրեց արտադրող ձեռնարկություններին մի քիչ էլ դիմանալ մինչեւ կմարվեն նրանց պարտքերը: Դրանք այլեւս չպետք է կուտակվեն, այլապես մենք գազ չենք ստանա ամբողջ տնտեսության համար: ԲԷՑ-երի վերաբերյալ նախագահը նշեց, որ ինքը շարունակում է դրանց սեփականաշնորհման կողմնակից մնալ, ինչը, սակայն, չհաջողվեց: Այժմ դրանք պետք է լիազորագրային կառավարման հանձնվեն:
Պատասխանելով Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի եւ Վանաձորի «Պրոմեթեյ-քիմպրոմի» աշխատանքի դադարեցման մասին հարցերին, Ռոբերտ Քոչարյանը հերքեց այդ տեղեկությունները: Ախթալայի ֆաբրիկան աշխատում է, պարզապես արտադրական գործընթացը չեն հասցնում ամբողջությամբ փակել: Այստեղ 2 շաբաթ հանքաքարն արդյունահանում են եւ 3 շաբաթ սպասում: Անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ լիարժեք գործունեության համար: Ներդնողը ցանկանում է սեփականաշնորհել գործարանը, որով էլ պայմանավորում է իր հետագա ներդրումները: Հույս կա, որ եթե ոչ դեկտեմբերին, ապա գոնե հունվարին դա տեղի կունենա:
«Պրոմեթեյ-քիմպրոմը» նույնպես աշխատում է, սակայն լիարժեք աշխատելու համար անհրաժեշտ է լուծել շուկաների, քիմիական արտադրանքի յուրահատկության հետ կապած հարցերը: Իսկ կառավարության խնդիրն այստեղ աջակցելն է, որպեսզի գազի գներն այնպիսին լինեն, որ ձեռնարկությունը շահույթով աշխատի:
40 հազարից ավելի աշխատատեղերի ստեղծումը նախագահի՞, թե՞ կառավարության հաջող գործունեության հետեւանք է հարցին նախագահը պատասխանեց. «Սա համատեղ գործունեության հաջողությունն է», ապա անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների թեմային:
«Ես գիտակցաբար եմ նման նախագիծ առաջարկել, որպեսզի իշխանությունների տարանջատումը հավասարակշռված լինի, եւ դա իմ նախընտրական խոստումն էր», հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը, ավելացնելով, որ ինքը չի փորձի կետ առ կետ ապացուցել, որ նախագահի լիազորությունները սահմանափակվում են, այլ ոչ թե ընդլայնվում: «Ոչ ոք թող չմտածի, թե դա ինձ պետք է կամ ես դրանից երջանիկ եմ», նշեց նախագահը: Նրա կարծիքով, գործող սահմանադրությամբ ինքն ավելի մեծ լիազորություններ ունի, եւ այն ճգնաժամային իրավիճակներում ավելի հստակ ելքեր է նախատեսում: Ինչ վերաբերում է սահմանադրության մյուս տարբերակին, որը քննարկվում է խորհրդարանում, ապա նախագահը կտրականապես դեմ արտահայտվեց այն հանրաքվեի դնելուն: «Չկա երկրորդ նախագիծ եւ չի լինելու», նշեց նա:
Երկրորդ նախագիծը ներկայացնելու համար նրա հեղինակներին անհրաժեշտ կլինի խորհրդարանի ձայների 2/3-ը, սակայն այդ դեպքում, ըստ նախագահի, կամ ինքը անելիք չունի, կամ խորհրդարանը: Ինչ վերաբերում է սահմանադրությունը հանրաքվեի դնելու ժամկետներին, ապա, ըստ Եվրախորհրդի առջեւ մեր ստանձնած պարտավորության, նախատեսվում է անցկացնել 2002 թ.-ի գարնանը: «Սակայն առայժմ քննարկումները շարունակվում են, որի ավարտից հետո կերեւա առավել հստակ ժամկետը», ասաց նախագահը եւ դրանով եզրափակեց գրեթե 2 ժամ տեւած մամուլի ասուլիսը: