Ֆրանսիայի նախագահ Ժ. Շիրակիՙ դեկտեմբերի 10-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին Պատվո լեգեոնի շքանշանով պարգեւատրելու արարողությունից հետո արված հայտարարությունը, որ «ղարաբաղյան հարցի լուծումը խիստ դժվար է, քանի որ կողմերից մեկըՙ Հեյդար Ալիեւը, Ադրբեջան վերադառնալուց հետո խուսափում է բանակցություններում որոշվածը գործադրելուց», անհանգստությամբ է ընդունվել Բաքվում: Շիրակն ասել էր նաեւ, թե Ադրբեջանում շուտով նախագահական ընտրություններ կլինեն, եւ Ալիեւը պետք է շահագրգռված լինի անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր երկիրը քաղաքական պարզորոշ վիճակի մեջ թողնելու համար, առավել եւսՙ եթե ցանկանում է, որ իրեն այդ պաշտոնում հաջորդի որդին:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մեթին Միրզան «Էխո» թերթում ասել է, թե Ժակ Շիրակի հայտարարությունների հավաստիությունը դեռեւս ճշտվում է եւ եթե հաստատվի, ապա արտգործնախարար Վ. Գուլիեւը հատուկ կարտահայտի Բաքվի դիրքորոշումը: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Է. Հուսեյնովան հրաժարվել է մեկնաբանություններից, ասելով, որ «դեսպանությունը ճշտում է տեղեկությունը, իսկ երկուշաբթի օրը նախատեսված են հանդիպումներ Ելիսեյան պալատում»:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղար Մուբարիզ Գուրբանլին ասել է, որ փարիզյան սկզբունքներ չկան, իսկ նախագահներ Ալիեւը եւ Քոչարյանը հանդիպման ընթացքում սահմանափակվել են բանավոր բանակցություններովՙ առանց որեւէ փաստաթուղթ ստորագրելու: Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, կասկածելով Շիրակի հայտարարության հավաստիությանը, կարծիք է հայտնել, թե Ֆրանսիայի նախագահին որոշակի նյարդայնություն է պատճառում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր միջնորդական առաքելության ձախողումը: Բացի այդ, ասել է Մուսաբեկովը, 2002 թ. Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ Շիրակը հայանպաստ հայտարարություններով փորձում է ստանալ ֆրանսահայերի քվեները:
Թ. Հ.