«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2001-12-13 | #230, 2001-12-14 | #231, 2001-12-15


ԱՅՈ, ՄԵՆՔ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ԵՆՔ

Մեր պաշտոնակից «Հայկական ժամանակը» իր երեկվա համարում փորձել է մեղադրել մեր թերթը եւ վիրավորել, որի համար խմբագրությունս շնորհակալություն է հայտնում հոդվածագիր Ավետիս Բաբաջանյանին եւ վերջինիս հոդվածը հրատարակած խմբագրին: Արդարեւ, թերթը մեզ մեղադրել է «անսահման պետականամետության» մեջ ու փորձել թարմ օրինակներով ցույց տալ մեր պետականամետության ողջ էությունը: Այդ օրինակներից մեկը վերաբերում է Ադրբեջանի նավթը շահարկող միջազգային կոնսորցիումի մի հայտարարությանը, որը «Ազգը» 2 օր առաջ անգլերենից թարգմանաբար ներկայացրել էր նույնությամբ, մյուսըՙ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի մամլո ասուլիսում հնչած մտքերի մեր մեկնաբանությանը: Չենք մեկնաբանում հոդվածագրի մեկնաբանությունը մեր մեկնաբանության մասին, քանի որ Ա. Բաբաջանյանը կամ չի ցանկացել եւ կամ չի կարողացել առանց բարդույթների ընկալել դրանք, ինչը որքան անբուժելիՙ այնքան էլ ցավալի է: Բայց դա մեզ չի հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է հոդվածագրի վերոնշյալ մեղադրանքը, որը հաճույքով ընդունում ենք որպես կրկնություն բազմիցս մեր կրկնածինՙ այո, մենք պետականամետ ենք, անսահման պետականամետ: Այո, այդպիսին եղել ենք մեր թերթի ստեղծման պահից ու կմնանք մինչեւ վերջ: Ատում ենք անիշխանականությունը կամ անարխիզմը, սարսափում ենք մեր պետականությունը նորից կորցնելու ամեն մի վտանգից: Մեղադրեք մեզ դրա համար: Միշտ պատրաստ ենք ընդունելու այդ մեղադրանքը: Խոստանում ենք այն չհամարել շողոքորտություն:

«ԱԶԳ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4