ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական «525-րդ» թերթը գրում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնին է դիմել Ադրբեջանի ազատ մամուլի առաջատարներից «Ազադլըղ» թերթի խմբագրական կոլեկտիվը, որտեղ ասվում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների կյանքը վտանգված է. «Ադրբեջանում ազատ մամուլի լրագրողների եւ նրանց ընտանիքների անդամների կյանքը վտանգի տակ է: Այդ պատճառով Ձեզ ենք դիմում խնդրանքովՙ այսօրվանից տրամադրել քաղաքական ապաստարան դեսպանատան տարածքում, իսկ հետագայումՙ ձեր երկրի տարածքում»:
Փաստաթղթում նշվում է, որ վերջին օրերին ազատ մամուլի դեմ իշխանությունների կողմից հալածանքներն ու ճնշումներն աննախադեպ չափերի են հասել, իսկ «Ազադլըղ» թերթը դարձել է դրա թիրախներից մեկը: Դիմումում ասվում է, որ թերթի աշխատակիցները վերջին մի քանի օրերին ենթարկվում են բացահայտ եւ թաքնված սպառնալիքների: Նշվում է, որ դեկտեմբերի 12-ին «Ազադլըղ», «Հուրիեթ» եւ «Ենի Մուսավաթ» թերթերի կողմից ի նշան ազատ մամուլի ճնշումների դեմ բողոքի պիկետի անցկացման փորձը կասեցվել է բռնի կերպով, որի հետեւանքով մի քանի լրագրողներ, այդ թվում նաեւ «Ազադլըղ» թերթի աշխատակից Ռամիզ Նաջաֆլին, մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Ասվում է նաեւ, որ պաշտոնական մարմիններն աշխատանքներ են տանում խմբագրության տարածքը խլելու ուղղությամբ, որտեղ այն գտնվում է շուրջ 9 տարի, որ պետական եւ մասնավոր տպագրատները, հալածանքներից վախենալով, խուսափում են տպագրել թերթի համարները: 39-րդ ոստիկանական բաժանմունք տարված լրագրողների հետ անց է կացվել «պրոֆիլակտիկ զրույց», իսկ «Էքսպրես» թերթի աշխատակից Էլման Մալիեւից առգրավվել է պիկետի մասնակիցների ելույթների ձայներիզը: Ոստիկանները իրենց գործողությունները արդարեցրել են նրանով, որ իրենց նման ցուցում է տրվել: