Թեպետ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության նախորդ նիստում մեղադրող Գ. Ավետիսյանը հայտարարել էր, թե ավարտում է ամբաստանյալ Կարեն Հունանյանի հարցաքննությունը, այդուհանդերձ երեկվա նիստի ընթացքում էլ մի քանի հարցեր ուղղեց ամբաստանյալին: Թե ինչ ակնկալիքովՙ ակնհայտ էր. Կ. Հունանյանի հարցաքննության փուլի սկիզբ առնելուց ի վեր դատավարության մասնակիցները մի «երազանք» են փայփայումՙ նրանից լսել գեթ մեկ խելացի, գրագետ ու փաստ պարունակող պատասխան: Սակայն Կ. Հունանյանի պես անկանխատեսելի (բառիս վատագույն իմաստով) ամբաստանյալի պարագայում «երազանքներն» այդպես հեշտ չեն իրականանում: Նա «հոգեհան» արեց հարցաքննողին, բայց Մարդու իրավունքների հռչակագիրը վկայակոչելուց այն կողմ չծավալվեց, եթե չհաշվենք նրա «սենսացիոն» հայտարարությունները, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում ո՚չ միայն գործի նյութի, այլեւ տրամաբանության շրջանակներում: Օրինակ, ամբաստանյալը, փաստերն անտեսելով, հայտարարում է, թե Վազգեն Սարգսյանին սպանելուց հետո նրան չի հարվածել, ԱԺ դահլիճ ներխուժելովՙ նախագահության ամբիոնի կողմը չի կրակել եւ այլն: Ինչեւէ, մեղադրողը փաստեր ուներ, որ Հունանյան եղբայրները մինչ ահաբեկչությունն ուսումնասիրել են ստալինյան եւ հիտլերյան կործանարար քաղաքականության սկզբունքները, ինչ-ինչ դասեր քաղել. այդ մասին էլ հարցրեց ամբաստանյալին: «Մենք բռնապետություն չէինք ստեղծելու, մենք բռնապետություն էինք տապալել», հին երգը երգեց ամբաստանյալը: Մեղադրողը, վերստին չհասնելով արդյունքի, դադարեցրեց հարցաքննությունը:
Զարմանալի չէ, որ մինչ նախորդ նիստը Ն. Հունանյանը հնարավոր ամեն միջոց գործադրում էր եղբոր հարցաքննությանը ներկա գտնվելու համար: Եղբոր բնավորությունն ու մտավոր կարողությունները լավագույնս ճանաչելովՙ նա, ըստ երեւույթին, վստահ էր, թե Կ. Հունանյանին չպետք է միայնակ թողնել դահլիճումՙ փաստաբանների հետ դեմ առ դեմ, դեռ հայտնի չէր, թե այդ «հաճելի» շփումից ինչ բարդություններ էին ծագելու, անցանկալի փաստեր էին բացահայտվելու: Սակայն, քանի որ հանգամանքների բերումով ամբաստանյալն այդուհետ միայնակ էր կանգնելու իրեն հարցաքննողների առջեւՙ առանց եղբոր ու առանց զինակիցների, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, ընտրեցին «չարյաց փոքրագույնի» տարբերակը, այսինքնՙ եղբոր ցուցմունքներին սեփական ցուցմունքներով չհակասելու համար լավագույն ելքը հարցերին առհասարակ չպատասխանելն էր, ինչը եւ երեկ արեց Կ. Հունանյանը: Երեւի նրանց միջեւ գործում է ինչ-որ համր պայմանավորվածությունՙ Հունանյան-ավագի ցուցմունքները պիտի անհերքելի մնան. սա կպարզվի նաեւ առաջիկայում, երբ սկսեն հարցաքննվել մյուս ամբաստանյալները եւս: Իսկ առայժմ դատավարության մասնակիցները, Կ. Հունանյանի անկառավարելի ու քմահաճ վարվելակերպի «ալեբախությանը» հանձնված, ստիպված էին համբերությամբ զինվելՙ դեպքերի զարգացմանը սպասելով:
Ամբաստանյալն առավոտյան եւեթ հայտարարեց, թե միջնորդությամբ է հանդես գալու: Սակայն դատավորն առաջարկեց սպասել որոշ ժամանակՙ մինչեւ կհասցնեին նիստին ներկայանալ բացակայող փաստաբանները: Չկանՙ բերեք. այսպիսին էր ամբաստանյալի պատասխանը դատավորին: Վերջինս, բնականաբար, համբերությունը կորցրեց. «Դու առհասարակ հասկանո՞ւմ ես, թե ինչո՞ւ ես այստեղ», զայրացավ նա: Ամբաստանյալը, սակայն, ենթարկվելու նշաններ ցույց չէր տալիս. դատավորին ընդհատելուց մինչեւ նրա դեմ բացարկ հայտարարելը, առիթ-անառիթ խոսափողի մոտ հայտնվելն ու դատավարության ընթացքը խաթարելն, ի վերջո, անտանելի դարձան: Ս. Ուզունյանը նրան տեղեկացրեց, որ անհարգալից վերաբերմունքի եւ կրքեր հրահրելու «պտուղներն» առաջիկայում անպայման կքաղիՙ դատարանն այս ամենը հաշվի է առնելու: Մինչ նիստի ավարտն ամբաստանյալին հարցեր էին ուղղում եւ պատասխանի չէին «արժանանում» տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ա. Կարախանյանը, Է. Աղաջանյանը, Ա. Սարգսյանը:
ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ