ԲԱՔՈՒ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հանրահավաքների ակտիվ փուլ է սկսվում: Դեկտեմբերի 20-ին համազգային հանրահավաք տեղի կունենա ի պաշտպանության անկախ մամուլի: Դեկտեմբերի 22-ին, ինչպես հաղորդում է «Բիլիք դունյասի» գործակալությունը, ցուցարարները պահանջելու են լուծել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ դեկտեմբերի 29-ին ժողովրդին Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներ է խոստացել դուրս բերել մուսավաթամետ Ժողովրդավարական կոնգրեսը: Վաղը Բաքվի փողոցներ դուրս գալու պարտավորություն են ստանձնել Քաղաքացիական միասնություն կուսակցության կողմնակիցները, որոնք բողոքելու են կուսակցությանն արդարադատության նախարարությունում գրանցելուց իշխանությունների հրաժարվելու, ղարաբաղյան խնդրի կարգավորումը ձգձգելու եւ բնակչության սոցիալական վիճակի վատթարացման դեմ: Ժողովրդական զանգվածների զանգվածային ելույթները կեզրափակի «Ամբողջական Ադրբեջան» միավորումը, որն իր հանրահավաքը նշանակել է դեկտեմբերի 31-ինՙ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության միջազգային օրը: