«Արշակ Չոպանյանը եւ հայասիրական շարժումը Ֆրանսիայում» գիրքը
Տասնհինգ տարի անցՙ 2001 թ. մարտ ամսին Փարիզում վերահրատարակվեց Էդմոնդ Խայաճյանի «Արշակ Չոպանյանը եւ հայասիրական շարժումը Ֆրանսիայում» աշխատությունը, որպես հետադարձ հայացք ավելի քան մեկ հարյուրամյակ ընդգրկող այն դժվարին, բայց ազգանվեր ճանապարհի, որի վայելուչ բարձունքը դարձավ հայերի ցեղասպանության ճանաչումը ֆրանսիական կառավարության կողմից:
Մոտ 350 էջերի վրա ծավալված այս գիրքը, բացի վերոհիշյալից, ունի բազմաշերտ ճառագայթումՙ սկսած իբրեւ հիմնաքար չոպանյանագիտությանՙ մեծ հայրենասերի կենսագրությամբ ու բեղուն գործունեությամբ: Ակնհայտ է եւ այս երկի պատմագիտական արժեքըՙ իրադարձությունների չոպանյանական վերլուծություններով, կռահումներով, ակնկալություններով ու հուսախաբություններովՙ ըստ նրա մեծ էրուդիցիայի, որպես Հայկական հարցին վերաբերող մի կենդանի հանրագիտարանի: «Հայասիրական շարժումը Ֆրանսիայում սկսած «լռության դավադրությունից» եւ... «Հայաստանի խաչելության չարչարանացը» եւ «Աքսորյալ մի ժողովրդի «գոյատեւելու աննկուն տենչանքը»ՙ սրանք են առաջին եւ երկրորդ բաժինների վերնագրերը, որոնց անցումակետը, ժամանակագրական առումով, երիտթուրքերի իշխանության գլուխն անցնելու նախօրյակն է:
«Հայկական հարցը եւ Եվրոպան», «Հայաստանում կոտորածներՙ զոհերի վկայությամբ», «Զեյթունն իր ակունքներից մինչեւ 1895 թվականի ապստամբությունը», «Հայաստանը, նրա պատմությունը, գրականությունը, դերը Արեւելքում», «Հայ ժողովուրդը, նրա անցյալը, մշակույթը, ապագան», «Հայաստանը թուրքական լուծի տակ», «Հայ ազգը եւ նրա մշակութային գործունեությունը»ՙ ահա ոչ լրիվ ցանկը Արշակ Չոպանյանի այն աշխատությունների, որոնցով կարեւորվում է ազգօգուտ քարոզչությունն արտասահմանում ու որոնց կարելի է հավելել նրա խնդրանքով ու աջակցությամբ ֆրանսիացի գրողներ Ժակ դը Մորգանի «Հայ ժողովրդի պատմությունը» եւ Ռենե Գրուսեի «Հայաստանի պատմությունը» աշխատությունները:
Էդմոնդ Խայաճյանի այս գիրքն իր նշանակությամբ շեշտում է թարգմանական գրականության ազդեցությունների տարածքը ժողովուրդների փոխմերձեցման ոլորտում: Պատահական չէ, որ Չոպանյանի բարեկամները փոխաբերական առումով նրան շնորհեցին «Հայ գրականության դեսպան» կոչումը: «Հայ բանաստեղծությունըՙ հին ու ժամանակակից», «Հայկական ժողովրդական երգեր», «Հայ աշուղներ», «Ջիվանու լավագույն երգերը» եւ այլ թարգմանություններով ֆրանսիացի ընթերցողին ներկայացված գրքերը յուրովի անդրադարձն են այն բազմաթիվ թարգմանությունների, որոնք կատարվել են ֆրանսերենից հայերեն: Բացի այդ, գրական շփումների ձեւով, պակաս դեր չեն խաղացել Հյուգոյի, Շատոբրիանի, Լամարթինի, Ժորժ Սանդի եւ ուրիշների ստեղծագորությունների մեջ հայազգի գրական հերոսների ընդգրկումը, նրանց եւ ուրիշ ֆրանսիացի գրողների բարերար ներգործությունը հայ գրականության զարգացման վրա:
Ի՞նչ կարող է իրագործել մի անհատ, երբ նվիրյալ է, հետեւողական, անընկճելի: Թեպետ մարդկության պատմության մեջ եւ ամեն մի ազգի ներսում, տարբեր մասշտաբներով գոյություն ունեցել են այդպիսի անհատականություններ, բայց ավելին կլինեին, եթե շատերը կիսաճամփին չկաշկանդվեին անդամալուծող մի վեհերոտությամբ, թե «ես ինձանից ի՞նչ եմ ներկայացնում»: Գրախոսվող այս գրքի հերոսը նրանցից է, ովքեր թափ տվին ամենայն տարակուսանք ու լիովին մխրճվեցին այն մշակութային ջունգլիի մեջ, որտեղ մոլորվելու, գայթակղվելու, հուսալքվելու վտանգներ, տատասկների նման, հառնում են ամեն քայլափոխի: Ֆրանսերենի կատարյալ իմացությունը, այդ լեզվով հրապարակախոսելու, արձակ թե չափածո ստեղծագործելու օժտվածությունը անտարակույս նրան մեծապես նպաստել են ֆրանսիացի քաղաքական, պետական, հոգեւորական, գրական գործիչների մի ամբողջ համաստեղություն հայանպաստ գործունեության մեջ ներառելու համարՙ լինի դա անձնական շփումների, թե նամակագրության շնորհիվՙ հաղթահարելով եսակենտրոն այն անտարբերությունը, որով շղարշված է արդի քաղաքականությունը:
Մեզանում հայտնի եւ անհայտ անուններ... Պիեռ Քիարՙ բանաստեղծ, Մարդու իրավունքների լիգայի գլխավոր քարտուղար, ֆրանսերենի եւ լատիներենի ուսուցիչ Կոստանդնուպոլսի հայկական քոլենում, առաջինը, որ երիտասարդ Չոպանյանի առջեւ բացեց խմբագրությունների եւ գրական շրջապատի դռները: Եվ անկասկած նա իր զայրույթը պիտի արտահայտերՙ ականատես լինելով հայասպան կոտորածներին եւ մեկընդմիշտ մնաց մեր բարեկամը, այն ռահվիրան, որ խախտեց ամոթալի լռությունը Համիդյան բարբարոսությունների մասին:
«Լրագրության արքայադուստրը» մի քառորդ դարից ավելի, անսպառ եռանդով պաշտպանում է «այդ երկիրը, որտեղ բոլորը քաջ են մահվան հանդիման, խաղաղասեր են, հմուտ, որտեղ կանայք գեղեցիկ են եւ հավատարիմ, եւ ուր տիրում է սքանչելի բանաստեղծականությունը»: Լրագրող Անրի Ռոշֆորը մերկացնում է սուլթանին ծախված ֆրանսիական մամուլն ու իշխանություններինՙ անսալով Չոպանյանի գլխավորությամբ մի հուզիչ նամակի խնդրանքին: Ժորժ Կլեմանսոն հաշիվ է պահանջում Ֆրանսիայի կառավարական շրջաններից այն լռության համար, որ պահպանում են հայերի մարտիրոսության մասին, որ կայանում է «հուսահատեցուցիչ միօրինակությամբ նույն ոճիրների նույն մեթոդներով, նմանատիպ պայմաններում գործադրվող նույն սարսափների մասին»:
Հունագետ Վիկտոր Բերար. «Ես միշտ էլ հավակնել եմ հաղորդակից լինել Ձեր տառապանքներին ու հույսերին... եւ պատրաստ եմ ծառայելու Ձեր ժողովրդի դատին»: Պատգամավոր Դենի Կոշենը պառլամենտում հայկական հարցն է բարձրացնում 1896 թվականին: Հայր Ֆելիքս Շարմետանըՙ արեւելյան գործերի ընդհանուր տնօրենը, փորձում է կազմակերպել մի իսկական խաչակրաց արշավանք հայերին օգնության հասնելու համար: Էռնեստ Լավիսըՙ «Ռեւյու դը Փարի» պարբերականի տնօրենը քաջալերում է հայանպաստ հոդվածների հրատարակումը նրա կողմից: Ժան Ժորեսի ցնցող ելույթը ֆրանսիական պառլամենտի նիստի ժամանակ: Սկեպտիկ Անատոլ Ֆրանսը, որ թափ է տալիս հավաքույթների հանդեպ իր ունեցած անբարեհաճությունը եւ Չոպանյանի խնդրանքով նախագահում է ի պաշտպանություն հայերի կազմակերպած ժողովը, որ բացում է հետեւյալ խոսքերով. «Պարոնայք, նահատակների արյունն իզուր չի լճացել...»: Ռոմեն Ռոլանի աջակցությունը Կոմիտասի համերգը Փարիզում կազմակերպելու համար:
Էմիլ Վերհարնըՙ Չոպանյանին. «Ես հրճվանքով կարդացի Ձեր բանաստեղծությունները: Դուք ուրիշ եք, բոցավառ, հզոր, մեղմ, տագնապալի, քնարական եւ Ձեր բանաստեղծությունները «Մեր մայր Հայաստանին» բարձր ու ողբերգական վեհությամբ են շնչում»: Ժորժ Դյուհամելՙ բանաստեղծ, «Մերկյուր դը Ֆրանսի» տնօրենը հոդված էր գրում նվիրված հայրենասեր ու տաղանդավոր հայ մտավորականի մասին:
Ի պատիվ այդ գրքի հեղինակ Էդմոնդ Խայաճյանին, պետք է նկատի ունենալ, որ Չոպանյանի պոլեմիկան հայատյաց Պիեռ Լոտիի, Կլոդ Ֆարերի, Պիեռ Բենուայի հետ շարադրված էՙ վերջիններիս տրամադրելով ընդարձակ մեջբերումներ ունենալու հնարավորությունը, եւ ճշգրտորեն հիշատակելով նույնիսկ նրանց զրպարտություններն ու վիրավորանքները: Հայատյացների դեմ հայրենասեր մտավորականն իր մենամարտը տարել է հավասարը հավասարին հակահարձակվելով չեզոք մի գոտու սահմաններում:
Ֆոտոփաստաթղթերով, լուսանկարներով, բիբլիոգրաֆիայով եւ աղբյուրների հիշատակումով հագեցած այս գիտական աշխատությունն ընթերցվում է թեթեւ, շարադրված է ֆրանսերեն եւ հասցեագրված է ինչպես Ֆրանսիայի հասարակական կարծիքին, այնպես էլ հայերենին լավ չտիրապետող ֆրանսահայերին, որոնք պահպանել են հետաքրքականությունն իրենց ազգային ակունքների հանդեպ: Գիրքը լույս է տեսել Արշակ Չոպանյան ՌԱԿ Ֆրանսիայի ակումբի նախաձեռնությամբ:
ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ