«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2001-12-15 | #232, 2001-12-18 | #233, 2001-12-19


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆՙ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Պուտին - Քոչարյան հանդիպում Կրեմլում

ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ մասին երկու ժամ տեւած բանակցությունների ավարտից հետո լրագրողներին հայտնեց ՌԴ կառավարության փոխնախագահ Իլյա Կլեբանովը: Նրա խոսքերով, «նախագահները տնտեսական թեմային հատկացրել են բանակցությունների ժամանակի առյուծի բաժինը»:

Ըստ Կլեբանովի, արծարծվել է երկու պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը, որոնք հանգում են «պարտքերի դիմաց ներդրումներ» ձեւակերպմանը: «Այսօր այդ պայմանավորվածությունների իրականացումը շատ առաջ է գնացել»,-ասաց փոխվարչապետը: Կլեբանովն ընդգծեց, որ կողմերը «բավարարված են կատարված աշխատանքից, բայց կա նաեւ այն բանի ըմբռնումը, որ հարկավոր է ավելի արագ առաջ շարժվել»:

Փոխվարչապետը նշեց, թե նախապատրաստված է միջկառավարական համաձայնագիր, որը կարգավորում է «պարտքերի դիմաց ներդրումներ» բանաձեւը: «Երկու երկրների նախագահները հանդես են գալիս այն բանի օգտին, որ ըստ կարելվույն արագ այդ համաձայնագիրը ներկայացվի ստորագրման», - հայտնեց Կլեբանովը:

Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը քննարկել են նաեւ երկու երկրների փոխհարաբերությունները գազի եւ էներգետիկայի բնագավառներում, ինչպես նաեւ Հայկական ատոմակայանի զարգացմանը նպատակամղված համատեղ աշխատանքը:

Մինչ ՌԴ նախագահի հետ հանդիպումը, ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանին մտահոգում են երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա խոչընդոտները, որոնց զարգացման համար անհրաժեշտ են նոր խթաններ: ՌԴ նախագահ Վ. Պուտինը գոհունակություն է հայտնել երկու նախագահների շարունակական շփումների առումով, եւ համոզմունք հայտնել, որ բանակցությունները հաջողություն կունենան:

Երեկ երեկոյան ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հանդիպում է ունեցել «Գազպրոմ» եւ «Իտեռա» ընկերությունների նախագահների հետ, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4