«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2001-12-15 | #232, 2001-12-18 | #233, 2001-12-19


ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ԿԱՍՅԱՆՈՎԸ ԿԱՐԵՎՈՐԵՑԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅՏ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովը արտահայտվել են երկու երկրների փոխգործակցության խորացման նպատակով ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների շուտափույթ իրականացման օգտին:

Այսօր, բացելով բանակցությունները Հայաստանի նախագահի հետ, Կասյանովը նշել է, որ, թեեւ երկու երկրների նախարարություններն ակտիվորեն են աշխատում, այդուամենայնիվ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը փոքր-ինչ ձգձգվում է: Վարչապետի ասելով, Ռուսաստանը եւ Հայաստանը պետք է այդ ոլորտում աշխատանքն ավարտեն «ամենակարճ ժամանակում»:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կողմից նշել է, որ Ռուսաստանի մայրաքաղաք կատարած իր այցը «կապված է այն անհանգստության հետ, որ մենք կարող ենք չտեղավորվել սահմանված ժամկետներում»: Նա նշել է, որ «նախագահների համար դյուրին է պայմանավորվել, իսկ դրան հետեւում է նախարարությունների ծանր աշխատանքը, որը պետք է հասցնել տրամաբանական ավարտի»:

Միխայիլ Կասյանովը փոխվարչապետ, գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովին հանձնարարել է արագացնել Հայաստանի այն ձեռնարկությունների ցանկի նախապատրաստումը, որոնց բաժնետոմսեր ստանալու հարցում Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Տատյանա Ռաշբաշըՙ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Միխայիլ Կասյանովի միջեւ կայացած բանակցություններից հետո:

Հանդիպման ընթացքում Միխայիլ Կասյանովը եւ Ռոբերտ Քոչարյանը քննարկել են նաեւ Հայաստան ռուսաստանյան ալմաստի հումքի մատակարարումների մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4