ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի տարեվերջյան ամփոփումները
ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ
Հազիվ թե չափազանցրած լինենք, եթե անցնող տարինՙ 2001-ը, ՀՌԱԿ-ի եւ ՌԱԿ-ի համար բնորոշենք որպես բացառիկ տարի: Տարվա բացառիկությունը պայմանավորված էր ո՚չ միայն կուսակցության պատմության համար կարեւոր, վճռորոշ ու շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություններով, այլեւ այն հանգամանքով, որ այդ իրադարձություններն իրենց բնույթով դրական էին, երկար սպասված: Թերեւս վերոնշյալ հանգամանքն էլ հենց հիմք է տալիս կուսակցության ներկայացուցիչներին պնդելու, որ տարին իրենց համար իրոք հաջող էր: Այդ հաջողություններն ու, ընդհանրապես, տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը ներկայացնելու եւ արդյունքներն ամփոփելու նպատակով էլ երեկ Թեքեյան կենտրոնում լրատվամիջոցներին ասուլիսի էր հրավիրել ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը: Ի դեպ, ասուլիսը ներառում էր նաեւ գրքի շնորհանդես. Ռ. Միրզախանյանի «Հանգրվան» գիրքը, ուր ընդգրկված են վերջին տասը տարիների նրա բոլոր հոդվածները, ելույթներն ու հարցազրույցները, ներկայացվեց լրատվամիջոցներին:
Արդեն առիթ ունեցել ենք մեր տարբեր հրապարակումներում նշելու, որ 2001-ը չափազանց արդյունավետ ընթացք ունեցավ ՀՌԱԿ-ի համար: Այս փաստը հաստատեց նաեւ ՀՌԱԿ ՀՎ անդամ Ռոբերտ Մավիսակալյանը, որը երեկ մի քանի թվեր հրապարակեցՙ հապացույց ՀՌԱԿ ղեկավարության այն պնդման, թե կուսակցությունը զգալի աճ է ապրել ո՚չ միայն որակական, այլեւ քանակական առումներով: Այսպիսով, միայն Երեւանում այս տարվա ընթացքում բացվել է 7 ակումբ, եւ դրանց ընդհանուր թիվը հասել է 12-ի, իսկ Հայաստանի մարզերում գործող 38 ակումբներից 28-ը բացվել են 2001-ին: Կուսակցության աշխուժացումն, ըստ ՀՎ անդամի, պատահական չէր, քանի որ ՀՌԱԿ-ը լուրջ նպատակներ ու խնդիրներ ունի երկրի քաղաքական դաշտում իրականացնելու:
ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը կուսակցության համար տարվա կարեւորագույն իրադարձություն համարեց ՌԱԿ 80-ամյակին եւ ՀՌԱԿ 10-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք մեծ շուքով տեղի ունեցան ո՚չ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում, ուր, ինչպես հայտնի է, կուսակցությունը մասնաճյուղեր ունի հայկական գաղթօջախների առկայությամբ աչքի ընկնող բոլոր երկրներում: Հայաստանում վերջերս տեղի ունեցած տոնական այդ միջոցառումներին հրավիրվել ու ներկա էին բազմաթիվ պատվիրակներ մի շարք երկրներիցՙ Լիբանանից, Ֆրանսիայից, Մ. Նահանգներից, Սիրիայից, Եգիպտոսից, Հունաստանից եւ այլն: Օրերս ՀՌԱԿ պատվիրակությունն էլՙ ատենապետի գլխավորությամբ, Իսրայելում էր, ուր նույնպես տեղի ունեցան այս հոբելյանները նշանավորող միջոցառումներ: Սակայն այդ ամենն իրականություն չէր դառնա, եթե, ՀՌԱԿ ատենապետի խոսքերով, չնախորդեր եւս մի կարեւոր իրադարձությունՙ փաստորեն, հիմնաքարը. այս տարվա ապրիլին Աթենքում տեղի ունեցավ ՌԱԿ պատգամավորական ժողովը: ՀՌԱԿ ատենապետը մեկ անգամ չէ, որ արձանագրել է, թե որչա՚փ կարեւոր էր այս ժողովը. Աթենքում, փաստորեն, վերջ դրվեց սփյուռքում գործող ՌԱԿ կառույցները 1996-ից ի վեր մասնատած անհամերաշխությանը, որի արդյունքում ձեւավորվել էր 2 Կենտրոնական վարչություն, մեկըՙ Մ. Նահանգներում, մյուսըՙ Լիբանանում: Ներկայումս ՌԱԿ ԿՎ-ն մեկ մարմին է, մեկ ուժ: Երեւանում, Թեքեյան կենտրոնում տեղի ունեցած հավաքը, որին ներկայացել էին 450 մասնակիցներ ՌԱԿ-ից ու ՀՌԱԿ-ից, Ռ. Միրզախանյանի խոսքերով, մեծապես հստակեցրեց կուսակցության անդամների առաջիկա անելիքները, իսկ առաջնահերթ խնդիրների թվում ամենահրատապը տեղական ինքնակառավարման սպասվող ընտրություններն են:
Ռ. Միրզախանյանը որոշ փաստեր ներկայացրեց Իսրայել կատարած իր այցից: Թեպետ Երուսաղեմում քաղաքական առումով չափազանց լարված վիճակ է, այդուհանդերձՙ Երուսաղեմի հայ համայնքը հնարավորինս տոնական ապահով մթնոլորտ էր ապահովել Հայաստանից ժամանած հյուրերի համար: Երուսաղեմի ՌԱԿ մասնաճյուղն այնտեղ գործող մյուս կազմակերպությունների թվում ամենաբազմամարդն ու կազմակերպվածն է. իր այցի ընթացքում ՀՌԱԿ ատենապետն անցկացրել է եւս 29 նորագիր անդամների երդմնառության արարողությունը: Իսկ հաջորդ տարվա ամռանն, ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստան կժամանեն կուսակցության երիտասարդական շարժման ներկայացուցիչներըՙ 12-21 տարեկան պատանիներն ու աղջիկները, որոնք կշփվեն տեղացի երիտասարդների հետ, ընկերական սերտ կապեր կհաստատեն:
ՀՌԱԿ ատենապետին հարց տրվեց, թե Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու վերաբերյալ կուսակցության հայտարարությունն ինքնին շտապողական չէ՞ր եւ հակասությունների պատճառ չդարձա՞վ արդյոք ՌԱԿ ու ՀՌԱԿ ղեկավարությունների միջեւ, Ռ. Միրզախանյանը պատասխանեց, թե որեւէ շտապողականություն չի տեսնում այդ հայտարարությունն անողների գործելակերպում, քանի որ կուսակցությունն ընդամենն արձագանքել է նախագահի այն խոսքերին, թե ինքը մասնակցելու է նախագահական ընտրություններին: «Մեր հայտարարությունը հստակ դիրքորոշման վկայություն էՙ ի տարբերություն հենց, օրինակ, ԱԺ-ում գտնվող քաղաքական ուժերի, որոնք այդպես էլ չկարողացան հարկ եղած հստակությամբ հայտնել իրենց «կողմը» կամ «դեմը» տվյալ հարցի կապակցությամբ: Իսկ ՀՌԱԿ-ը չի շտապել, պարզապես մյուսներն են ուշացել», պատասխանեց նա: Ինչ վերաբերում է այս հարցի հետեւանքով իբր ծագած ՌԱԿ-ՀՌԱԿ հակասությանը, ապա Ռ. Միրզախանյանը, վկայակոչելով ՌԱԿ ԿՎ ատենապետ Հակոբ Գասարճյանի հետ ունեցած զրույցները, հավաստեց, թե նման կասկածները չեն համապատասխանում իրականությանը:
Հարց տրվեց նաեւ, թե կուսակցությունն իրականացրե՞լ է 2001-ի ընթացքում աշխատատեղեր բացելու, ներդրումային քաղաքականությանը նպաստելու իր խոստումը: Ռ. Միրզախանյանը, զուտ այս տարվա տվյալները վկայակոչելով տեղեկացրեց, որ Երեւանում գործող «Մաքսֆիլդ» խանութների շարքը պատկանում է ՌԱԿ անդամի, մեկ այլ ձեռնարկություն էլՙ ժամանակակից սարքավորումներով հագեցած, հիմնադրել է Դամասկոսի ՌԱԿ մասնաճյուղի փոխատենապետ Գյոնջյանը. ձեռնարկությունը զբաղված է կոշիկի արտադրությամբ եւ գտնվում է Երեւանից ոչ հեռու: Սակայն, Ռ. Միրզախանյանի գնահատմամբ, այսօրինակ աշխատանքներից առավել կարեւոր է ճիշտ, նպատակաուղղված քարոզչությունը սփյուռքի շրջանակներում. ներդրումները, փաստորեն, սոսկ հետեւանքն են դառնալու այդ քարոզչության, որը պիտի ոգեւորիչ, հուսադրող գործոն դառնա սփյուռքի համարՙ Հայաստանում ձեռնարկություններ հիմնելու: Այնինչ մի շարք լրատվամիջոցներ սփյուռքում եւ Հայաստանում սերմանում են այնպիսի հոռետեսական տրամադրություններ, որ դրանց ծանոթանալով ու հավատ ընծայելով, հազիվ թե որեւէ սփյուռքահայ գործարար ցանկանա ներդրում կատարել Հայաստանում:
Անշուշտ, չէր կարող շրջանցվել նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցը, որն այսօր բոլորի ուշադրության կենտրոնում է: ՀՌԱԿ-ն արդեն վաղուց ի վեր հայտարարում է, որ հասունացել է սահմանադրությունը փոփոխության ենթարկելու հարցը, դա դարձել է ժամանակի պահանջ: «Մենք նախկինում էլ ասել ենք, այսօր էլ կրկնում ենք, որ առաջնային մանդատի կողմնակիցն ենք եւ կառավարման նախագահական ձեւն ենք ընդունում», ասաց նաՙ ավելացնելով, որ, այդուհանդերձ, ՀՌԱԿ-ի կարծիքով, «ուժեղ նախագահ եւ ուժեղ խորհրդարան ունենալու ցանկություններն իրատեսական են եւ միմյանց չեն հակասում»: