ՓԱՐԻԶ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջատար տերությունները շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության լուծմամբ, քանի որ դրա սրվելը կհանգեցնի տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի անկայունության: Այդ մասին այսօր «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որն ավարտել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ Ֆրանսիա կատարած հովվապետական այցը: Վեհափառին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Նա հանդիպում է ունեցել հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ, այցելել Լիոն եւ Մարսել քաղաքներ:
Գարեգին Երկրորդը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները ցանկանում են լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նրա կարգավորման ուղիները պետք է գտնեն երկու երկրների նախագահները: «Եթե այսօր դա չարվի, ապա ապագայում մեծ դժվարություններ կծագեն», ասել է կաթողիկոսը: Նա ընդգծել է, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի ջանքերով այս տարվա դեկտեմբերի վերջին պետք է կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրագույն հոգեւոր առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: