ԿԻԵՎ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2002 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ երկրների քաղաքացիները կարող են Ուկրաինա ժամանել, այնտեղից մեկնել եւ տարանցմամբ անցնել նրա տարածքով առանց այցագրերիՙ արտասահմանյան անձնագրի հիման վրա: Այդ մասին այսօր հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Դոլգովը:
Տվյալ պահին ԱՊՀ երկրների քաղաքացիների Ուկրաինա ժամանելու հարցը կարգավորված է Բելառուսի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքմենստանի հետ Ուկրաինայի կնքած փոխադարձ ուղեւորությունների պայմանների մասին գործող համաձայնագրերով:
Այսպիսով, ինչպես նշել է Դոլգովը, որոշումը տարածվում է Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիների վրա, որոնց հետ Ուկրաինան ստորագրել է կամ մոտ ժամանակներս կստորագրի փոխադարձ ուղեւորությունների պայմանների մասին համապատասխան երկկողմ համաձայնագրեր: