«Սահմանադրական փոփոխություններիՙ երկրի համար բախտորոշ գործընթացը Ռ. Քոչարյանն անձնավորում է եւ գնահատում միայն այն տեսակետից, թե դրանք որքանով են իրեն ձեռնտու կամ ոչ: Երկրի ղեկավարին անհարիր այս հայտարարությունները վկայում են գործող նախագահի որդեգրած կուրսի եւ ժողովրդավարության անհամատեղելիության մասին:
Ներքոստորագրյալ վեց կուսակցություններս Քոչարյանի հայտարարությունները գնահատում ենք որպես սահմանադրական գործընթացը վտանգող, սթափության ենք կոչում խորհրդարանական բոլոր ուժերին, հորդորելով տուրք չտալ նախագահի հայտարարություններով ուրվագծվող սցենարին եւ արհեստականորեն չվիժեցնել ԱԺ պաշտոնապես ներկայացված խորհրդարանական կառավարման համակարգ նախատեսող ՀՀ սահմանադրության միասնական նախագծի քննարկումները: Միավորելով մեր ուժերըՙ երկրում նախաձեռնում ենք սահմանադրական շարժումՙ նպատակ դնելով օրինական բոլոր միջոցներով հասնելու այն բանին, որ սահմանադրության միասնական նախագիծը դրվի հանրաքվեի եւ ժողովուրդը հնարավորություն ստանա ընտրելու իր շահերն արտահայտող սահմանադրություն»:
Հայտնի հնգյակի (գումարած նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը) այս հայտարարությունը հանրապետության նախագահի հայտնած պատասխանն էր, որը վերջնականապես սկիզբ դրեց իշխանություն-ընդդիմություն նոր, գաղափարական հողի վրա ընթացող պայքարի: Այդ առճակատումը վեցյակը հռչակեց որպես «սահմանադրական շարժում», հստակ նպատակ դնելով հնարավորինս մեծացնել հականախագահական ճակատը եւ պայքարը դարձնել առավել արդյունավետ: Յուրովի մեկնաբանելով նախագահի հայտարարությունը, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի կարծիքովՙ «իր պատկերացումներով նախագահը միակ սուբյեկտն է, որը կարող է սահմանադրության բարեփոխման նախաձեռնություն իրականացնել»: Մինչդեռ իրականում նախագահը ոչ թե խորհրդարանին իրավունք չի վերապահում նման նախաձեռնություն ներկայացնել, այլեւ գրեթե զրոյի էր հավասարեցնում խորհրդարանի ներկայացվելիք խորհրդարանական կառավարում նախատեսող նախագծի հանրաքվեի դնելու հարցը:
Հասկանալով, որ նախագահը վետո է դնելու որեւէ այլընտրանքի, եւ խորհրդարանը պարզապես կանգնել է երկընտրանքի առջեւ, վեցյակը խոստանում է ջանք չխնայել գոնե ստիպելու խորհրդարանին 66 ձայնով նման այլընտրանք ընդունել:
Շավարշ Քոչարյանը «Ազգի» այն հարցին, թե վեցյակի կարծիքով հնարավո՞ր է, որ խորհրդարանը քաղաքական կամք դրսեւորի եւ որոշմամբ հստակ դիրքորոշում հայտնի, պատասխանեց. «Մեր գնահատականներով խնդիրն առաջին քայլը կատարելն է: Եթե խորհրդարանը 66 ձայնով համաձայնություն տա մեր նախաձեռնությանը, դա որակական լուրջ փոփոխություն է նշանակում: Դրանից հետո նախագահը մի քանի անգամ կմտածի, նոր վետո կդնի: Իսկ եթե նա նույնիսկ դնի վետոն, այն փոփոխությունները, որոնք տեղի կունենան, կնպաստեն, որ ավելի խորանա հակասությունը եւ ավելի հեշտ կլինի մեզ համար հաղթահարել 2/3-ի արգելքը»: Խորհրդարանում արտահայտված քաղաքական կողմնորոշումների համատեքստում, սակայն, անհնար է պատկերացնել, թե ինչպե՞ս է «սահմանադրական շարժման» նախաձեռնողներին հաջողվելու ապահովել անգամ 66 անհրաժեշտ ձայները:
Հետաքրքրականը սակայն ընդդիմությանՙ նախագահի հայտարարությունների «խորքային» ընկալումներն են: Հրանտ Խաչատրյանի կարծիքով, Ռ. Քոչարյանի կեցվածքը որոշակի սցենարներ է ուրվագծում, որոնք առնչվում են իշխանափոխությանը: Այսինքնՙ Ռ. Քոչարյանը նույնությամբ կրկնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը ոչ պատահականորեն քաղաքական ուժերին եւ հասարակությանն իր դեմ տրամադրեցՙ հայտարարելով, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է. «Ես հիմա չեմ կարող ասել նախագահը դա միտումնավո՞ր է անում, արդեն կա՞ իշխանափոխության ռեալ սցենար, թե՞ ոչ ամեն դեպքում այդ ամենը պետք է ծառայեն այս երկրին»: Թե քաղաքական կամ անդրկուլիսային ի՞նչ տեղաշարժեր է նկատել Հրանտ Խաչատրյանը իշխանական վերնախավում նման եզրակացությունների հանգելու համար, թերեւս միայն իրեն է հայտնի:
Նախագահի «սահմանադրական» այս ընդդիմությունը չի գնալու «կամ-կամ» առճակատման եւ աշխատանքներ չի տանելու ի հակադրություն նախագահի հայտարարությունների, խորհրդարանում տապալելու նախագահական սահմանադրության նոր նախագիծը: Սահմանադրական շարժման էությունը նախաձեռնողները բացատրեցին այն գործնական քայլերով, որոնցով պետք է նախագահին եւ խորհրդարանին համոզել հանրաքվեի դնելու երկու առաջարկված նախագծերն էլ: Դրանով հնարավորություն կտրվի ժողովրդին ինքնակամ որոշելուՙ ո՞ր կառավարման համակարգն է իրենց պետք: Կհաջողվի՞ գործընթացը, հայտնի չէ:
Հայաստանի քաղաքական իրականության մեջ ընդամենը մեկ դեպք է գրանցվել, երբ խորհրդարանը առճակատմամբ «հաղթել» է նախագահին: Առաջինը 1997-98 թթ. էր, երբ առնետավազքի միջոցով մի գիշերվա մեջ ՀՀՇ-ական պատգամավորների մեծ մասը դարձավ երկրապահական, եւ նախագահն ստիպված հրաժարական տվեց: Երկրորդ դեպքում, երբ ԱԺ-ն պատասխանատվություն ստանձնեց կառավարության համար եւ նախագահը դիտորդի կարգավիճակ ձեռք բերեց, իրավիճակը հանգուցալուծվեց 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ից հետո նախագահի ձեռնարկած կադրային մի շարք փոփոխություններով: Ինչ կարժենա երկրի քաղաքական կայունության համար նախագահ-ընդդիմություն այս բախումը, ոչ ոք կանխորոշել չի կարող:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ