ՄԱԱ-ում պնդեց Արտաշես Գեղամյանը
Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 18-ին լրագրողները հանդիպեցին Ազգային միաբանություն կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ: Թեման քաղաքական տարվա ամփոփումն էր: Ինչպիսին է եղել ընդդիմության քաղաքական տարին: Ըստ Գեղամյանիՙ եղել է «ինքնահաստատման, ազգաբնակչության լայն շրջանակների հավատի, հույսի արթնացման տարի, որը հաջողությամբ ավարտվեց ՀՀ նախագահի վերջին ասուլիսով, որը հաստատեց, որ ընդդիմությունը տարավ բացահայտ հաղթանակ ՀՀ նախագահի հանդեպ»: Այնուհետեւ անդրադառնալով նախագահի վերջին ասուլիսում բերված թվերին 44000 աշխատատեղերի բացման շուրջՙ ՄԱԱ-ի հյուրը նշեց, որ ըստ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող պաշտոնական տեղեկագրերի»ՙ «Ռ. Քոչարյանի վարչապետության եւ նախագահության օրոք, ցավոք, Հայաստանում աշխատատեղերը կրճատվել են 163.500-ով: Մասնավորապես, 1996 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի տնտեսությունում զբաղված է եղել 1 մլն 440770 մարդ, 97-ին այդ թիվը նվազել է 68500-ով, 98 թ.-ին կազմել է 1 մլն 350 հազար, 99-ին նվազել է 29900-ով, 2000-ինՙ 37100-ով: 2001 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ տնտեսության մեջ զբաղվածների թիվը կազմել է 1 մլն 270200, նվազել են 5800 աշխատատեղեր: Գեղամյանն ավելացրեց, որ «բացահայտ սխալ տեղեկություններ էին ներկայացված ՀՀ արդյունաբերության նախարարի ներկայացրած տեսապատկերային աղյուսակներում, ուր նշված է նաեւ նոր աշխատատեղերի կառուցվածքը ըստ մարզերի: Համաձայն այդ տեղեկություններիՙ Սյունիքում աշխատատեղերի թիվն ավելացել է 4 տոկոսով, Շիրակումՙ 5, Լոռիումՙ 6 տոկոսով: Մինչդեռ ՀՀ պաշտոնական տեղեկագրում 2001 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին աշխատանք փնտրող մարդկանց թիվը նախորդ տարվա համեմատությամբ նկատելիորեն աճել է: Գեղամյանը նշեց, որ բոլոր թվերը վերցված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկագրերից: Ըստ ՀՀ նախագահիՙ պետական արժեթղթերի դրույքաչափերն իջել են, ինչը նշանակում է, որ բավականին վարկային միջոցներ են ազատվել, որոնք ուղղված են տնտեսությանը, պետական կարճաժամկետ պարտատոմսերի նվազմանը, ավելացել են միջոցներ, որոնք ուղղվել են վարկային ներդրումներին, որոնց շնորհվ ստեղծվել են աշխատատեղեր: Մինչդեռ, ինչպես ներկայացրեց ՄԱԱ-ի հյուրը, տեղեկագրերում նշված է, որ 2001 թ. հունվար-սեպտեմբերին ներդրումների ծավալը կազմել է 88 մլն 447600 դոլար, որից ուղղակի ներդրումներինըՙ 63 մլն 321: 2000 թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ ներդրումների ծավալը նվազել է 37,1 տոկոսով, այդ թվումՙ ուղղակի ներդրումներինըՙ 36,5 տոկոսով: Զգալիորեն պակասել են նաեւ առեւտրային բանկերի վարկային ներդրումները: Գեղամյանը նկատեց, որ, իրոք, պետական կարճաժամկետ դրույքաչափերը իջեցվել են: Եթե 2 տարի առաջ մինչեւ 68 տոկոս էին կազմում, այսօրՙ 17-25 տոկոս: Այդ դրույքաչափերն անգամ զգալիորեն ավելի են, քան նյութական արտադրության ոլորտի շահութաբերությունը: Սա նշանակում է, որ բանկային միջոցները չեն ուղղվել նյութական արտադրության ոլորտ, այլՙ բանկային սպեկուլյատիվ ոլորտ, որտեղ դրույքաչափերը կազմում են 17-25 տոկոս:
ՄԱԱ-ի հյուրը զարմանք հայտնեց, որ ՀՀ նախագահը նշել է, թե եկամտահարկը չէ, որ տնտեսության մեջ բնութագրում է նոր աշխատատեղերի ստեղծումը, այլՙ փողի զանգվածի աճը, որը 30 մլրդ-ով ավելի է եղել, քան նախորդ տարի: Նա նկատեց, որ հավանաբար նախագահը նկատի է ունեցել տնտեսության մոնիտարիզացիայի մակարդակը, որը աշխատատեղերի հետ ոչ մի առչություն չունի, այլ ներկայացնում է փողի զանգվածի եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը, որը Հայաստանի մակրոտնտեսությունում կազմում է ընդամենը 17 տոկոս: Մինչդեռ տնտեսության նորմալ շնչելու համար այդ ցուցանիշը պետք է կազմի 80-100 տոկոս: «Դրամական զանգվածի այսքան սեղմված լինելը վիժեցնում է ընդլայնված վերարտադրության հնարավոր պայմանների ստեղծումը», ընդգծեց Մամուլի ազգային ակումբի հյուրը, ավելացնելովՙ «այս ամենը ապացուցում է, որ ներկա վարչակազմը 2001 թ. ապրեց խորը ֆիասկո, ինչը բնավ չի ուրախացնում ընդդիմադիր ուժերին, քանի որ երբ վարչակազմը ֆիասկո է ապրում, դա բացասաբար է անդրադառնում ազգաբնակչության կենսամակարդակի վրա»:
Գեղամյանն ընդգծեց, «հեռախոսային տեղեկատվությունը» վատ խորհրդատու է: Եթե 44 հազար աշխատատեղ է ստեղծվել, ուրեմն պետք է նույնչափ էլ պակասեր գործազուրկների թիվը: Մինչդեռ 2001 թ. հոկտեմբերին ՀՀ զբաղվածության ծառայությունում հաշվառման է վերցվել 17 հազար մարդ, հաշվառումից հանվել է 32 հազարը, որոնց ընդամենը 18,8 տոկոսըՙ աշխատանքի տեղավորման պատճառով: Այսինքնՙ միայն 5016 մարդ է աշխատանքի տեղավորման պատճառով հանվել այդ ցուցակից:
Ըստ նրաՙ միայն 447 հազար մարդու աշխատավարձն է գերազանցում նվազագույն սպառողական զամբյուղը, բացված մանր եւ միջին ձեռնարկությունների 47 տոկոսը զրոյական հաշվեկշիռ է ցույց տալիս, ինչը նշանակում է, որ դրանք ընդանրապես չեն գործել: Ըստ այդմՙ «երկիրը հայտնվել է չքավորության, աղքատության գրկում», ընդգծեց ՄԱԱ-ի հյուրը:
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ