«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2001-12-15 | #232, 2001-12-18 | #233, 2001-12-19


ՍԿՍՎԵԼ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պետգույքի կառավարման նախարարությունը այս օրերին իրականացնում է զանգվածային լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների չափագրումՙ դրանք օգտագործողներին անվարձահատույց եւ անժամկետ տրամադրելու նպատակով: Ըստ նախարարության Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վահրամ Մկրտչյանի, հաջորդ հինգշաբթի սպասվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունումը: Վ. Մկրտչյանը նշեց, որ 1 քառ.մ հաշվարկով գանձվող 300 դրամ ամսական վարձավճարը փոխարինվելու է 250 դրամ «սպասարկման վճարով»: Տարածքները տրամադրվելու են անժամկետ, իսկ օգտագործման վերաբերյալ պայմանագրերը նորոգվելու են հնգամյակը մեկ: Ամանորյա այդ նվերը մատուցվում է 7 հեռուստաընկերության, 10 լրատվական գործակալության, 30 թերթի, 6 ամսագրի եւ 5 հրատարակչության:

Պետության սեփականություն հանդիսացող այդ տարածքները ներկայումս լրատվամիջոցների կողմից վարձակալվում են, ինչի վերաբերյալ պայմանագրերը յուրաքանչյուր տարի վերակնքվում են: Ըստ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Հարությունյանի, պայմանագրերի ամենամյա վերակնքումների անհրաժեշտությունը խոչընդոտում է լրատվամիջոցների կողմից այդ տարածքներում նշանակալից ներդրումներ կատարելուն (շենքի պայմանների բարելավման համար): Ողջունելով ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության նախաձեռնությունը, Տ. Հարությունյանը նշեց, որ դա պետք է վաղուց արվեր, քանի որ այդ հարցը բազմիցս է շոշափվել գործադիր իշխանությունների եւ ԶԼՄ-երի ղեկավարների միջեւ հանդիպումների ընթացքում: Տ. Հարությունյանը նշեց, որ ԶԼՄ-երի ղեկավարներն առաջարկել են տարածքների տրամադրման այլընտրանքային տարբերակ. դրանք տրամադրել ոչ թե ամեն մի առանձին լրատվամիջոցի, այլ փոխանցել լրատվամիջոցները միավորող «Մեդիա» ընկերակցության հաշվեկշռին, որը եւ կկազմակերպի տարածքների սպասարկումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4