Պարզաբանում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանը
- Վերջերս եղան հրապարակումներ, այդ թվում եւ «Ազգում», որ ուկրաինական «Ուկրֆերրի» նավագնացային ընկերությունը եկող տարվա համար հայկական կազմակերպություններին պարտադրում է նոր պայմանագիրՙ Իլյիչեւսկ-Փոթի լաստանավային ուղու փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Իլյիչեւսկ-Բաթում ճանապարհով, որը որոշակիորեն թանկ է նախորդից:
Հանձնաժողովն ունի՞ բավարար տեղեկություններ, ի՞նչ է կատարվում իրականում:
- Մինչ հրապարակումները մենք արդեն տեղյակ էինք եւ զբաղվում էինք խնդրի կարգավորմամբ: Հայաստանի տրանսպորտային առաքողների միությունը դիմել էր մեզ եւ հայտնել, որ «Ուկրֆերրի» ուկրաինական կազմակերպությունը, որն ամենայն հավանականությամբ մենաշնորհային դիրք ունի Իլյիչեւսկի նավահանգստից վրացական նավահանգիստներ բեռների տեղափոխման ասպարեզում, մեր կազմակերպություններին պարտադրում է 2002 թ. համար կնքել ոչ շահավետ պայմանագիր, այն էՙ այսուհետ բեռնափոխադրումներն իրականացնել Իլյիչեւսկ-Բաթում երթուղով: Ուսումնասիրություններից պարզվել է, որ, այո՚, փաստը համապատասխանում է իրականությանը:
- Ինչպե՞ս է հիմնավորվում պայմանագրի փոփոխությունը: Գուցե պատճառն Իլյիչեւսկ-Փոթի երթուղու տեխնիկական հնարավորությունների մե՞ջ է:
- Բնականաբար մենք ճշտել ենք նաեւ այդ հարցըՙ արդյոք կա՞ն տեխնիկական դժվարություններ Փոթի նավահանգստում: Դիմեցինք նավահանգստի տնօրեն պարոն Ինիաշվիլուն: Նա միանշանակ պատասխանեց, որ չկա որեւէ սահմանափակում, նավահանգիստն ունի բավարար հզորություններ, որպեսզի ընդունի հայկական բեռները:
- Բեռնափոխադրումների այդ գրաֆիկն առաջարկվում է միայն հայկակա՞ն կողմին:
- Այո՚, այդպես է: Եվ ինչ-որ առումով մեզ համար հասկանալի կլիներ «Ուկրֆերրի» ընկերության դիրքորոշումը, եթե հավասարապես տարածվեր նավահանգստի ծառայություններից օգտվող նաեւ մյուս երկրներիՙ Ադրբեջանի, Վրաստանի տնտեսվարող սուբյեկտների վրա:
- Նշանակում էՙ օգտվում է այն հանգամանքից, որ բեռնափոխադրումներ իրականացնող միակ կազմակերպությո՞ւնն է հայկական կողմի համար:
- Չեմ կարող պնդել, որ միակ տեղափոխող կազմակերպությունն է: Նրան այդպիսին են հայտարարում մեր տնտեսվարող սուբյեկտները: Ուկրաինական կողմի հետ եւս պետք է ճշտենք տվյալ հարցըՙ գուցե կան նաեւ նույն գործունեությունն իրականացնող այլ կազմակերպություններ: Ինչեւէ, մենք զբաղվում ենք խնդրով եւ փորձում ստանալ սպառիչ պատասխան: Սակայն փաստն այն է, որ մեր կազմակերպությունները միայն «Ուկրֆերրիի» հետ են աշխատում:
- Ունե՞ք տեղեկություններՙ երկրի բեռնափոխադրումների ո՞ր տոկոսն է իրականացվում լաստանավով: Եվ երթուղու փոփոխության պարագայում ինչպիսի՞ ֆինանսական կորուստներ կունենան մեր տնտեսվարող սուբյեկտները: Ընդհանուր առմամբ փաստն ինչպիսի՞ ազդեցություն կթողնի տնտեսական դաշտի վրա:
- Լաստանավով են փոխադրվում հանրապետություն ներկրվող ապրանքների 3 եւ արտահանվող ապրանքների 1,8 տոկոսը: Ըստ հաշվարկների, եթե փոխադրումներն իրականացվեն Բաթումով, ապա նույն ծավալի բեռնափոխադրումների պարագայում մեր կազմակերպությունները տարեկան կկրեն ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Սակայն թվերից առավել անհանգստացնողը միտումը եւ հնարավոր հետեւանքներն են, որոնք անդրադարձ կունենան հեռանկարային զարգացման առումով:
Այսպես, ըստ Հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության հանձնաժողովի, եկող տարում ակնհայտորեն ավելանալու են լաստանավային բեռնափոխադրումների ծավալները:
Եթե երթուղու փոփոխությունը չխանգարի, եւ մենք իսկապես ունենանք բեռնափոխադրումների էական աճ, ապա, հասկանալի է, հայկական կազմակերպությունների տնտեսական կորուստներն առավել կմեծանան: Վերջին հանգամանքը կարող է բերել սոցիալական անցանկալի հետեւանքներ: Բնական է, որոշակի չափով կբարձրանան գները եւ այլն: Նկատի ունենանք, որ լաստանավային բեռնափոխադրումներ են իրականացվում ամենատարբեր ուղղություններով: Բեռներ են առաքվում եւ բեռներ են ներմուծվում բոլոր այն տարածաշրջաններից, որտեղ գոյություն ունի ցամաքային կապՙ երկաթգիծ եւ ավտոմոբիլային մայրուղիներ: Այսինքնՙ դրանք ձգվում են մինչեւ եվրոպական երկրներ, Սիբիր, Միջին Ասիա եւ այլն:
Այնպես որ, մենք պարտավոր ենք կանգնել մեր տնտեսվարողների թիկունքին եւ պաշտպանել նրանց շահերը:
- Սակայն Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հնարավորություն ունի՞ իր երկրի տնտեսվարող սուբյեկտների շահերը պաշտպանել նաեւ արտաքին շուկայում: Կա՞ն լծակներ, համապատասխան մեխանիզմներ:
- ԱՊՀ երկրների մակարդակով գոյություն ունի համապատասխան կառույցՙ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդ: Խորհրդի անդամ են տարբեր երկրների նմանատիպ կառույցների ղեկավարները:
Եթե որեւէ երկրի, տվյալ դեպքումՙ Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեն չի արձագանքի մեր հարցադրմանը եւ չի փորձի կարգավորել խնդիրը, ապա այն քննության կդնենք միջպետական խորհրդում:
- Ի՞նչ ընթացքի մեջ է գործը:
- Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ դիմել ենք Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նրանք սկսել են աշխատել հարցի կարգավորման ուղղությամբ: Հույս ունեմՙ առաջիկայում կստանանք վերջնական պաշտոնական պատասխանը:
Ի դեպ, նշեմ մի հատկանշական դեպք. վերը նշված տնտեսվարող սուբյեկտը խնդրի կարգավորման համար սկզբնական շրջանում դիմել էր ինչպես մեր երկրի, այնպես էլ օտարերկրյա մի շարք դեսպաններիՙ չիմանալով, որ գոյություն ունի պետական այնպիսի կառույց, որի խնդիրն է նշված հարցի կարգավորումը եւ ի պաշտոնե պարտավոր է զբաղվել դրանով:
Բնականաբար, նրան պատասխան է տրվել, որ տվյալ խնդրի կարգավորումն իրենց իրավասության շրջանակներում չէ: «Ուկրֆերրին» մասնավոր կազմակերպություն է, եւ ինքն է որոշում գործունեության սեփական պայմանները:
ԱՐՓԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ