«Նկարելը խոսելու պես մի բան է: Չգիտես ինչ է արտասանելու խոսակիցդ: Մինչ խոսում է, բառերը դուրս են գալիս բերանից. Արվեստը հոգի է: Իսկ կյա՞նքը: Դու երբեք չես հասկանում, թե ինչ է անցնում դառնում: Բայց հակառակ ամեն ինչին, կյանքը գեղեցիկ է: Լավ է կյանքում մաքուր, հղկված, նրբաճաշակ լինել: Անհրաժեշտ է թափանցել իրերի էության մեջ, հասկանալ նրանց հոգին», ասել է ֆրանսահայ համայնքի «Աշխարհ» թերթի լրագրող Մավյանին միջազգային համբավի տիրացած նկարիչ Ժանսեմը, որի «Կոտորածներ» վերնագրով ցուցահանդեսըՙ բացված հոկտեմբերի 10-ին Փարիզի «Մատինյոն» պատկերասրահում, շարունակվելու է մինչեւ 2002 թ. հունվարի 31-ը:
Ժանսեմի ծնողները Թուրքիայից մազապուրծ անցել են Հունաստան եւ ապա 30-ական թվերինՙ Ֆրանսիա: Դեկորատիվ արվեստի դպրոցն ավարտելով, 19-ամյա Ժանը (Հովհաննես) մասնակցում է մի շարք խմբակային ցուցահանդեսների, իսկ 32 տարեկանում նրա նկարներն արդեն սկսում են գնելՙ մեծ զարմանք պատճառելով հատկապես մորը: «Սկզբնական շրջանում չէի կարող պատկերացնել, թե նկարչությամբ կարողանալու եմ ապրուստս վաստակել», խոստովանում է նկարիչը: Միայն Մ. Նահանգներում 30-40 ցուցահանդես է բացել: Իր նկարների 80 տոկոսը վաճառվել է ԱՄՆ-ում: Իսկ Ճապոնիայում երեք մասնավոր պատկերասրահներ հատուկ դահլիճներ են նվիրել նրա կտավներին: Հոլիվուդյան շատ հայտնի դերասանները, որոնց թվում Յուլ Բրինները եւ վերջերս վախճանված Էնթոնի Քուինը ձեռք են բերել նրա վրձնած նկարները:
Ներկա ցուցահանդեսում, ըստ «Աշխարհ» թերթի, գերիշխում են բարբարոսություն տխրությունը, սառնությունն ու լռությունը:
Հ. Ծ.