«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2001-12-15 | #232, 2001-12-18 | #233, 2001-12-19


«ՀԱՅ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ» ԱՐՎԵՍՏԻ ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

1992-ին «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային կից ստեղծվեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Գրեթե տասը տարվա ընթացքում նրա կենսագրության մատյանում գրանցվեցին ակներեւ ստեղծագործական նվաճումներ: Դրանց թվում. մրցանակներ «Այսթեդֆուդ» (1993 թ., Ռուդեպուրտ, 1994 թ., Մեծ Բրիտանիա), «Գոլդն Գեյթ» (1995 թ., ԱՄՆ), միջազգային մրցույթներում, մասնակցություն Բազելի եւ «Ոսկե մակույկ-2001» միջազգային փառատոներին եւ Expo-2000 համաշխարհային ցուցահանդեսին Հանովերում, հյուրախաղեր աշխարհի տարբեր երկրներումՙ Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա.

Իսկ վերջերս «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը դարձավ Եվրոպայի երգչախմբերի միության անդամ (առաջինըՙ նախկին ԽՍՀՄ երգչախմբերից): Բացի այդ, նրան շնորհվեց «Մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսը: «Եվրոպական երաժշտության խորհուրդ» հեղինակավոր կազմակերպությունը, որի հովանու ներքո գործում է Երիտասարդական երգչախմբերի եվրոպական ֆեդերացիան, նման գերապատվությունը տալիս է միջազգային համբավ, խմբերգային արվեստի տարածման եւ զարգացման գործում ներդրում եւ պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող երգչախմբերին: Ահա դրանց թվում է նաեւ Հայաստանում եւ արտերկրում ճանաչված խմբավար, միջազգային մրցույթների դափնեկիր, Մովսես Խորենացու շքանշանակիր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի ստեղծած ու ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում անցյալ կիրակի օրը կայացավ երգչախմբի համերգը, որը նվիրված էր նրան «Մշակույթի դեսպան» տիտղոս շնորհելու իրադարձությանը:

Առաջին անգամը չէ, որ ըմբոշխնում ենք «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ելույթը: Եվ արդար ցանկություն է առաջանում ի մի բերել նրա շուրջ տասը տարիների գեղարվեստական նվաճումները, ամփոփել ստեղծագործական նկարագիրը: Առավել դյուրին է անել այդՙ վերլուծելով հիշյալ երեկո մեզ մատուցած համերգային ծրագրի երկու բաժինները, որոնք ընդգրկեցին ամենատարբեր ժամանակների, ոճերի ստեղծագործություններ: Հոգեւորՙ Մեսրոպ Մաշտոցից, Ներսես Շնորհալուց մինչեւ Սերգեյ Ռախմանինով եւ աշխարհիկՙ Ռոբերտ Շումանից, Ջակոմո Ռոսինիից մինչեւ հայ արդի կոմպոզիտորները:

Անտարակույս, գործ ունենք բացառիկ, կասեի նաեւ արտիստիկ երաժշտականությամբ օժտված, տաղանդավոր խմբավարի եւ նրա ներքին ու արտաքին, զուսպ ու ճկուն, նրբագեղ ու արտահայտիչ շարժմանը կայծակնորեն ու ճշգրտորեն արձագանքող երգչախմբի հետ: Երգչախումբն ու դիրիժորը միաձույլ ու կենդանի օրգանիզմ են, որոնք ներդաշնակ, անսամբլային անվրեպ զգացողությամբ ու միասնականորեն կերտում են գեղարվեստականորեն բարձրաճաշակ ամբողջական երգաշար: Դրանումՙ առանձին մանրածավալ կտավ, դրանումՙ երաժշտական պարբերույթ, դրանումՙ փոքրիկ դարձվածք:

Երաժշտական մակրոկոսմոս, հյուսված գրեթե կատարելապես կերտված միկրոկոսմոսների մարգարտաշարից: Վերջինիս համալիր հասկացության մեջ ամփոփվում են երաժշտարվեստի, տվյալ պարագայումՙ խմբերգային, այնպիսի բաղադրյալներ, ինչպիսիք են ստեղծագործության եւ դրա յուրաքանչյուր միավորի ձեւակառուցման հստակ զգացողություն, պոլիֆոնիկ ձայնատարության ճշգրտություն, չափակշռութային ճկուն փոփոխականություն, ձայնարտաբերման ոճականություն, դինամիկ, վեր ու վար ճկուն երանգավորում, հնչերանգային գունեղություն, հստակ առոգանություն: Ավելացնենք նաեւՙ վոկալ շարադրանքի եւ բառի ներդաշնակորեն իմաստավորված զգացողություն ու արտաբերում, կերպարայնություն, երգեցիկ ու բեմական կուլտուրա: Եվ, ի վերջո, պատանեկան եռանդ ու անմիջականություն:

Այդպիսին է «Հայաստանի փոքրիկ երգիչների» ստեղծագործական նկարագիրը, ինչը նրա գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ջանադիր ստեղծագործական աշխատանքի, գեղարվեստական անզիջում պահանջկոտության, գործին անձնվեր նվիրվելու արգասիքն է:

Հոգեւոր պատշաճ երաժշտական մթնոլորտով էին օծված Մ. Մաշտոցի, Ն. Շնորհալու, Կոմիտասի, Ֆ. Մենդելսոնի հիշյալ ոլորտին պատկանող ստեղծագործությունները: Առաջին բաժնի լավագույն կատարումների թվում յուրահատուկ գրավչությամբ հնչեցին Ս. Ռախմանինովի «Աստվածածինը» եւ Ֆ. Պուլենկի «Ave Maria»-ն: Համերգի երկրորդ բաժինը ներկայացավ մեզ որպես երկու այլազան, կերպարային առումով բեւեռայնորեն տարբեր ստեղծագործությունների համադրություն: Թափանցիկ քնարականությամբ հնչեցին Ռ. Շումանի «Անուրջներ», Պ. Չեսնոկովի «Խնձորենի», Ի. Խրոմուշինի «Արծաթե անձրեւ» նրբահյուս խմբերգերը: Պատկերավոր ու եռանդունՙ Ռոբերտ Պետրոսյանի «Ֆուգան», «Պոլիֆոնիկ կատակը», «Քոչարին», Արզաս Ոսկանյանի Սյուիտը, Արմինե Կարապետյանի «Տերեւ», Լ. Պեչնիկովի «Ուրախ թզուկը», Յ. Գարլենդի «Տրամադրություն» ստեղծագործությունները: Եվ եթե որեւէ հարցում կարելի է փոքր-ինչ չհամաձայնելով վիճաբանել մատուցման մեկնաբանման հետ, ապա դա երկրորդ բաժնում հնչած Կոմիտասի «Սարեն կուգա» եւ «Տուն արի» խմբերգերն են, մասնավորապես դրանց տեմպային լուծումը:

«Հայաստանի փոքրիկ երգիչների» նախկին սաները չեն խզում ստեղծագործական կապը արվեստի աշխարհ իրենց համար ճանապարհ բացած հարազատ կոլեկտիվի հետ: Որպես հավաստում այդ ավանդույթիՙ համերգին իրենց գեղեցիկ մասնակցությունը բերեցին Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի այժմյան ուսանողուհիներ Անահիտ Պապայանը եւ Նարինե Օջախյանը: Համերգին իր նպաստը բերեց երգչախմբի նվագակցող Նարինե Մարդոյանը: Խոսելով հիշյալ երգչախմբի եւ դրա գեղարվեստական ղեկավարի մասին, հարկ է հիշատակել նաեւ մի ինքնատիպ առանձնահատկություն: Տիգրան Հեքեքյանը, որն օժտված է նաեւ որոշակի ռեժիսորական ձիրքով, պատեհ պարագաներում ոչ միայն հնչեցնում է խմբերգը, այլ նաեւ. բեմադրում: Երգչախմբի երգացանկում կան համարներ, որոնք բեմականացված խմբերգային դրվագներ են (Ռ. Պետրոսյանի «Ագռավները մեր քաղաքում» եւ այլ): Գեղարվեստական հնարք, որն ավելի պատկերային ու կենդանաշունչ է դարձնում կատարումըՙ, առավելագույնս երեւան բերելով երգչախմբիՙ անդամների ավյունն ու անմիջականությունը:

Ինչ վերաբերում է Տիգրան Հեքեքյանիՙ «երաժշտությունը բեմադրելու» ունակությանը, ապա պատեհ առիթով ասենք, թե պատահական չէ, որ նա ընտրվեց Սոչիում անցկացված «Ոսկե մակույկ-2001» միջազգային մանկապատանեկան փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ եւ գլխավոր ռեժիսոր: Այնպես, ինչպես եւ օրերս Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում կայացած Ռամկավար Ազատական կուսակցության 80 եւ Հայաստանի ռամկավար Ազատական կուսակցության 10-ամյա հոբելյաններին նվիրված հանդիսավոր երեկոյի: Մեծապես հաջողված համերգային ռեժիսորական գեղարվեստական աշխատանք, որում, ըստ Տիգրան Հեքեքյանի մտահղացման, տոնական հանդիսությունը ներկայացրեց հատուկ ներքին կառույց ունեցող դրամատուրգիա: Դրա զարգացումը պսակվեց 500 հոգանոց միացյալ երգչախմբի կատարմամբ հնչեցրած էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւան» երգի ապոթեոզով: Իսկ ամբողջ բեմականացման գաղափարային կոնցեպցիայի առանցքը հայրենասիրական պաթոսն էր, որը նույնպես որոշակի ռեժիսորական լուծում ստացավ:

Անդրադառնալով սույն հոդվածի խնդրո առարկա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին եւ նրա գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին, ցանկանում եմ հիշատակել Բազելի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Էրիխ Հոլլիգերի խոսքերը. «Դուք եւ Ձեր հրաշալի երգչախումբը պարգեւեցիք մեզ ձեր հոգու հարստությունըՙ շաղախված արտակարգ որակյալ երգային արվեստով»:

Անվիճելի է. «Հայաստանի փոքրիկ երգիչները» ոչ միայն սեփական, այլեւ ամենքիս, եւ ոչ միայն հոգու, այլեւ ազգային մշակութային հարստություն են: Հարկ է մշտապես գիտակցել այդՙ հնարավորինս հովանի լինելու երաժշտական աստվածատուր շնորհով օժտված մեր երեխաներին:

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4