Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհն իրոք փոխվել է
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի օգնականի տեղակալ Լին Պասկոն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի ելույթում անդրադարձել է ամերիկա-կիրգիզական հարաբերություններին: Մեզ համար կարեւորն ամերիկա-կիրգիզական հարաբերությունները չեն, այլ Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում նոր աշխարհակարգ ձեւավորելու ԱՄՆ նախաձեռնությունները: Լին Պասկոն հայտարարել է, որ Մ. Նահանգները չի մոռանա այն պետություններին, որոնք սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո իրենց աջակցությունը հայտնեցին ԱՄՆ հակաահաբեկչական պայքարին: Այս առումով, Կենտրոնական Ասիայի բոլոր 5 հանրապետությունները, որոնք այս կամ այն չափով գտնվում են Ռուսաստանի ազդեցության ոլորտում, միացան ԱՄՆ հակաահաբեկչական պայքարին: «Երբ Աֆղանստանում վերջանա այս հակամարտությունը եւ ամերիկյան զորքերը դառնան հայրենիք, մենք չենք հեռանա Կենտրոնական Ասիայից եւ, անշուշտ, Կիրգիզիայից», ասել է Պասկոն:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը փոխվել է, եւ ԱՄՆ արտաքին նոր քաղաքականությունը պետք է զարգանա, որպեսզի հետ չմնա այդ փոփոխություններից: Ջոնսը, որը նախկինում եղել է Կասպիցի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, անդրադարձել է Միջերկրական-Թուրքիա-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա առանցքին, նշելով. «Այս տարածաշրջանի պետությունները պետք է առավել ակտիվորեն ներգրավվեն համաշխարհային տնտեսության մեջՙ օգտագործելով Արեւմուտք-Արեւելք միջանցքը, որն անցնում է Կովկասով»: «Երբ Աֆղանստանում հակամարտությունը ավարտվի, մենք չենք հեռանա այս տարածաշրջանից», ասել է Ջոնսը:
Էլիզաբեթ Ջոնսը հատուկ անդրադարձել է Կասպիցի էներգակիրների երթուղուն. «Արեւմուտք էներգակիրները հասնում են Ռուսաստանով, առաքումների ընդլայնման քաղաքականությունը կրում է ոչ թե հակառուսական, այլ հակամենաշնորհային բնույթ: Ես հպարտորեն ասում եմ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը կսկսվի եկող ամռանը, իսկ 2005 թ. կասպյան նավթը կհասնի Արեւմուտք»: Տկն Ջոնսը հիշեցրել է, որ Շահդենիզ հանքավայրից գազը նույն երթուղով կհասնի արեւմտյան շուկաներ:
Բուշի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, ինքըՙ ԱՄՆ նախագահը, տարբեր առիթներով շեշտում են, որ հակաահաբեկչական պատերազմը երկար տարիներ կտեւի, չի ավարտվի բեն Լադենի կամ մոլլա Օմարի ձերբակալությամբՙ ողջ թե մեռած: Երեկ այդ մասին հիշեցրեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Պոլ Վալֆովիցը: Ընդհանրապես, ինչպես նկատում են վերլուծաբանները, ԱՄՆ հակաահաբեկչական պատերազմը կավարտվի նոր աշխարհակարգի ձեւավորումից հետո, երբ Վաշինգտոնն իր քաղաքական, տնտեսական, մշակռութային ազդեցությունը տարածի ողջ աշխարհի վրա: Ամերիկացի դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուդոլֆ Պերինան վերջերս Երեւանում սեպտեմբերի 11-ը անվանեց «հետսառըպատերազմյան ժամանակաշրջանի» սկիզբը:
Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի տեղը նոր աշխարհակարգում: Սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ նախագահն աշխարհի պետություններին հայտարարեց. «Կամ մեզ հետ եք, կամ ահաբեկիչների»: Երեւանն անմիջապես արձագանքեց ԱՄՆ վերջնագրին, ասելով, որ Հայաստանն ահաբեկիչների կողքին չէ: Նույն բանն արեցին աշխարհի շատ պետություններ, այդ թվում նրանք, որոնք անուղղակիորեն աջակցել են ահաբեկչությանը, այդ թվում մեր անմիջական հարեւաններըՙ Վրաստանը եւ Ադրբեջանը: Մեր մյուս հարեւանը եւ ռազմավարական դաշնակիցըՙ Իրանը, համարձակություն ունեցավ հայտարարելու, որ Թեհրանը ո՚չ ահաբեկիչների, ո՚չ էլ ԱՄՆ-ի հետ է: Բացի Իրանից, աշխարհում եւ մեր անմիջական տարածաշրջանում կան պետություններ, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, որոնք նոր աշխարհակարգում ունենալու են իրենց ինքնուրույն տեղըՙ չենթարկվելով ԱՄՆ-իՙ ամբողջ աշխարհը Սպիտակ տնից կառավարելու հավակնություններին: Աշխարհի տարբեր տարածաշրջաններում շարունակվելու է Ռուսաստան-ԱՄՆ, Չինաստան-ԱՄՆ, Իրան-ԱՄՆ ազդեցությունները տարածելու պայքարը: Եթե մեկ հարցում Մոսկվայի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են, չի նշանակում, թե այլ հարցերում նրանք եւս կհամագործակցեն: Այս առումով մեր տարածաշրջանըՙ Հարավային Կովկասը, ԱՄՆ-Ռուսաստան պայքարի կիզակետում է: Այսպես, ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի տարածաշրջանային այցը խիստ հատկանշական է: Կարեւո՞ր էին պրն Ռամսֆելդի Բաքվում, Երեւանում կամ Թբիլիսիում արված հայտարարությունները: Ո՚չ, կարեւորը ինքնին այցն էր: Սա առաջին դեպքն էր, երբ ամերիկացի նման բարձրաստիճան պաշտոնյան ժամանում է Հարավային Կովկաս: Անշուշտ, Ռամսֆելդը ուշագրավ հայտարարություններ արեց, մասնավորապես Ադրբեջանին եւ Վրաստանին խոստացավ ամերիկյան ռազմական օժանդակություն, ինչը չխոստացավ Հայաստանին: ԱՄՆ պաշտպանության քարտուղարը շրջանցեց հայ լրագրողի հարցըՙ չի՞ պատրաստվում Վաշինգտոնը ճնշումներ բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վերացնի Հայաստանի շրջափակումը: Չպետք է բացառել, որ ԱՄՆ պետդեպարտամենտի նախաձեռնությամբ ձեւավորված եւ հովանավորված «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը» «մահացավ» հենց Վաշինգտոնի խորհրդով: Այլապես պետդեպարտամենտին պարտական հայ հաշտարարները դժվար թե նման խիզախ քայլի դիմեինՙ դադարեցնելով իրենց հետագա աշխատանքները:
Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն իրոք յուրահատուկ է: Մեր երկրի տարածքով են անցնում Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք առանցքները: Առաջին առանցքըՙ Ռուսաստան-Հայաստան-Իրան-Պարսից ծոց, հակասում է ԱՄՆ շահերին, երկրորդըՙ Միջերկրական-Թուրքիա-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա, հակասում է Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, նույնիսկ ամերիկամետ Եվրոպայի շահերին: Հենց այս ենթատեքստում պետք է դիտել Դոնալդ Ռամսֆելդի տարածաշրջանային այցը: ԱՄՆ պետքարտուղարը Բաքվում, Երեւանում եւ Թբիլիսիում հնարավորություն ունեցավ մեկ անգամ եւս շոշափելու երեք նորանկախ պետությունների ձգտումները:
Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհն իրոք փոխվել է: ԱՄՆ հակահաբեկչական պայքարում Հայաստանի տեղը Ռուսաստանի եւ Իրանի կողքին է: Մենք չպետք է արտաքին քաղաքական կողմնորոշումներում դնենք ԱՄՆ կամ Ռուսաստան ուղղության ընտրությունը, միեւնույն ժամանակ հայ-ամերիկյան, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները չպետք է որեւէ ձեւով խոչընդոտեն Երեւան-Մոսկվա, Երեւան-Թեհրան հարաբերությունների խորացմանը:
Հայ-ռուսական հարաբերություններն առանձնապես կարեւոր են Հայաստանի տնտեսության առողջացման, զարգացման, ինչպես նաեւ երկրի ներքաղաքական կայունության համար, իսկ Իրանն արտաքին աշխարհի հետ մեր կապի միակ հուսալի ճանապարհն է: