«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2001-12-18 | #233, 2001-12-19 | #234, 2001-12-20


ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 18-22-ը պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը:

Ինչպես հայտնեցին ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, դեկտեմբերի 19-ին Ռ. Շուգարյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ի ԱԳ փոխնախարար Սեյֆ Սաիդ բեն Սաադի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2002 թ. առաջին կիսամյակում ՀՀ նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին, երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանի հավատարմագրմանը, երկու երկրների դեսպանատների կառուցման համար հողատարածքների փոխանակմանն առնչվող եւ մի շարք այլ խնդիրներ:

Նույն օրը Ռ. Շուգարյանը «Աֆղանստանի պատերազմը եւ կայունության խնդիրները Հարավային Կովկասում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Արաբական պետությունների լիգայի քաղաքական մարմինը հանդիսացող Զայեդի հետազոտությունների եւ համակարգման կենտրոնում, որին ներկա են գտնվել ԱՄԷ-ում հավատարմագրված բազմաթիվ օտարերկրյա դիվանագետներ եւ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄԷ-ի արտաքին գործերի պետական նախարար Շեյխ Համդան բեն Զայեդ Ալ Նահայանի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4