Վենեսուելայի Կարակաս-Չաքաո շրջանի քաղաքապետիՙ Լեոպոլդո Լոպեսի, կառավարական ու դիվանագիտական ներկայացուցիչների, հոգեւոր պետերի եւ տեղի հայության մասնակցությամբ կիրակիՙ դեկտեմբերի 16-ին, մայրաքաղաք Կարակասում բացումը կատարվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի, որ, ինչպես երեւում է լուսանկարում, գրեթե ամբողջովին պատճենումն է Ծիծեռնակաբերդի հուշարձանի: Բացման արարողությունը հանդիսապետում էր Տանն Կիլիկիո աթոռի միաբաններից Կոմիտաս եպս. Օհանյանը:
Քաղաքագլխի եւ այլ ներկայացուցիչների ելույթներից հետո սրբազանն օրհնել է հուշարձանը, որի հողօրհնեքը կատարվել էր շուրջ մեկ տարի առաջ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից: Հանդիսության ընթացքում հնչել են Վենեսուելայի եւ Հայաստանի օրհներգերը, երգվել է «Կիլիկիա» երգը, տեղեկացնում է Անթիլիասից Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանը: