ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձնաբքի պատճառով այսօր օրվա երկրորդ կեսին փակվել են Արթիկ-Ալագյազ 22 կմ, Ծաղկահովիտ-Ալագյազ, Ալագյազ-Ապարան եւ Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածները: Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում, դժվարանցանելի է հատկապես Քաջարան-Մեղրի հատվածը: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայավտոճան» ՓԲ ընկերության տեղեկատվության, Ալագյազ-Սպիտակ հատվածում մառախուռ է, քամի, տեսանելիությունը գրեթե զրոյական է: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ Վարդգես Եղիազարյանի խոսքերով, հիդրոօդերեւութաբանական ծառայությունից իրենք արդեն տեղեկացել են սպասվելիք ձյան մասին եւ նախապատրաստվել դրան: Մայրաքաղաքում ակնկալվող ձյունը մաքրելու համար կումունալ տնտեսության վարչությունն ունի պահեստավորած 500 տոննա աղ եւ 517 տոննա ավազ: Ձյան դեպքում մայրաքաղաքի մաքրմանը կներգրավվի մոտ 250 միավոր մեքենա: Այլ աղբյուրների վկայությամբ, հանրապետության վերը նշված ճանապարհներին մնացած մոտ 70 ավտոմեքենաները հաջողվել է դուրս բերել ձնաբքից: Որեւէ արտակարգ միջադեպ չի գրանցվել: