«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2001-12-18 | #233, 2001-12-19 | #234, 2001-12-20


ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԳԱՆԱԿՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՍԱՎ 6700 ԴՈԼԱՐԻ

«Բրիտանական ավիաուղիների» Երեւանի գրասենյակի կողմից Սբ. Անդրյուի տոնի առիթով վերջերս կազմակերպված աճուրդի ընթացքում հանգանակվեց եւս 5200 դոլար Գյումրիի կարիքավոր 2000 երեխաների Սբ. Ծննդյան տոների առիթով ուրախացնելու նպատակով ավիաընկերության ձեռնարկած հանգանակության արշավի համար: Այդպիսով, ցարդ հանգանակված գումարը հասավ 6700 դոլարի, ինչը շատ ավելին է, քան ավիաընկերության նպատակադրված 3000 դոլարանոց ծրագիրն էր պահանջում: Այսպիսով, փաստորեն, «Բրիտիշ էրուեյզը» կարող է մասնակցել նաեւ Ուորլդ Վիժընի կողմից հովանավորված ծրագրի մյուս հանգրվանին, որի նպատակն է այս ձմեռ Գյումրիի կարիքավոր երեխաներին ապահովել դպրոցական սննդարար ճաշով:

Աճուրդի գլխավոր մրցանակը «Բրիտիշ էրուեյզի» տրամադրած մեկ զույգ ձրի տոմսերն էին դեպի Լոնդոն եւ Եվրոպայի որեւէ այլ քաղաք : «Արմենիա» հյուրանոցը, որտեղ անցկացվեց բարեգործական աճուրդը, իր կողմից տրամադրել էր մեկ զույգի շաբաթավերջյան հանգիստը հյուրանոցում, 4 եւ 2 հոգու ձրի ընթրիքը հյուրանոցի Ginger ռեստորանում: Նվիրատվությամբ աճուրդին մասնակցում էր նաեւ Թյուֆենկյան ձեռագործ գորգերի ընկերությունըՙ աֆղանական ոճի 3 ծածկոցներով, հուշանվերների «Աղաման» խանութըՙ կավե էլեկտրական թոնիրով եւ կավե տիկնիկներով, «Երեւան» հյուրանոցն իր բարեձեւության Active սրահի 6 ամսվա անդամության մեկ զույգ տոմսերով, իսկ Wheel Club ռեստորանըՙ 2 հոգու համար ընթրիքի տոմսով:

Ինչպես հայտնի է նախորդ հաղորդագրությունից, հանգանակությունը նախաձեռնել էին «Բրիտիշ էրուեյզի» աշխատակիցներըՙ ուղեւորներին յուրաքանչյուր տոմսի համար 2 դոլար հավելյալ վճարում առաջարկելով:

Գյումրիի 2 հազար ծնողազուրկ եւ կարիքավոր երեխաների համար կազմակերպվելիք Սբ. Ծննդյան տոնակատարությունն ընդգրկելու է ընթրիք, նվերներ, խաղալիքներ, պար եւ երաժշտություն: Բացի Հայաստանում հանգանակված միջոցներից, Գյումրիի եւ առհասարակ Հայաստանի մանկատների համար խաղալիքներ են նվեր բերում Լոնդոն-Երեւան-Լոնդոն չվերթի շահագործողՙ «Բրիտիշ էրուեյզի» Ֆրենչայզ ձեռնարկությանՙ «Բրիտիշ Մեդիտերանիըն էրուեյզի» օդանավերի անձնակազմերը:

Այս կապակցությամբ ընկերության մենեջեր Դագի Դուգլասն ասաց. «Մենք մեր ողջ կարելին ենք ի սպաս դրել հանգանակության հաջողության համար եւ ուրախ ենք արձանագրելու Երեւանի գործարար շրջանակների առատաձեռնությունը բարեգործական աճուրդի կազմակերպման եւ նյութական այդպիսի հաջողություն ապահովելու գործում: Նմանապես մեր անձնակազմը, մեզ հետ համագործակցող ճամփորդական ընկերությունները մեծ դեր են կատարում Հայաստանի երեխաներին օգնելու նպատակով Ուորլդ Վիժընի ծրագիրը հաջողացնելու գործում»:

«ԲՐԻՏԻՇ ԷՐՈՒԵՅԶԻ» ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4