«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2001-12-18 | #233, 2001-12-19 | #234, 2001-12-20


ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՎԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԵՐՈՎ

Ֆուտբոլում միշտ էլ ուշադրության կենտրոնում են արդյունավետ խաղով աչքի ընկնող ֆուտբոլիստները: Չէ՞ որ ֆուտբոլը գեղեցիկ է գոլերով, որոնք ֆուտբոլային հանդիպումների զարդն են: Այսօր խոսքը կրկին ռմբարկուների, նրանց սահմանած յուրօրինակ ռեկորդների մասին է:

Արսեն Ավետիսյանն առայժմ անհասանելի է

Առաջնության արդյունքների նախորդ ամփոփումը վերաբերում էր հոբելյանական առաջնության ռմբարկուներին: Իսկ ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել անցած 10 առաջնությունների արդյունքներով լավագույն ռմբարկուների ցուցանիշներում: Առաջնության մասնակիցներից իրենց հաշվին բոլորից շատ գնդակներ էին գրանցել Վահե Յաղմուրյանն ու Տիգրան Եսայանը (103-ական գնդակ): Երկուսն էլ շատ կարճ ժամանակահատված անցկացրին բարձրագույն խմբում: Յաղմուրյանը «Կոտայքում» անցկացրած 7 խաղում խփեց 1 գոլՙ ավարտելով ելույթները: Ավելի արդյունավետ էր Տիգրան Եսայանի ելույթը: «Արարատում» նա մասնակցեց 6 խաղի եւ խփեց 5 գնդակ: Դա էլ բավական էր, որ Տիգրանը Անուշավան Փահլեւանյանի հետ դառնար «Արարատի» լավագույն ռմբարկուն: ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցուցակում Տիգրանը մեկ հորիզոնականով վեր բարձրացավՙ մեկնելով Ֆրանսիա: Մկրտիչ Հովհաննիսյանի խփած 11 գնդակները հնարավորություն տվեց նրան ընդգրկվելու լավագույն տասնյակումՙ 12-րդ տեղից տեղափոխվելով 9-րդ հորիզոնական:

Բնականաբար, ամենամեծ առաջընթացն ունեցել է հոբելյանական առաջնության լավագույն ռմբարկու Արման Քարամյանը, որը 34-րդ տեղից տեղափոխվեց 19-րդ հորիզոնական: ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստըՙ Արսեն Ավետիսյանը, ընթացիկ մրցաշրջանում դիպուկությամբ աչքի ընկավ ՌԴ առաջնության 2-րդ խմբում հանդես եկող Սոչիի «Ժեմչուժինայի» կազմում: Առայժմ նրա ցուցանիշն անհասանելի է հակառակորդների համար: Ռմբարկուների ցուցակում 2-րդ արդյունքն ունեցող Արթուր Պետրոսյանն էլ անցյալ տարվա ավարտին մեկնեց Հայաստանիցՙ ընդգրկվելով շվեյցարական «Յանգ Բոյզ» թիմում, որի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2004 թ.: Այնպես որ, Արսեն Ավետիսյանի ցուցանիշը դեռ երկար տարիներ կարող է անգերազանցելի մնալ: Միակ վտանգը սպառնում է Արման Քարամյանից, սակայն դժվար թե Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը երկար տարիներ հանդես գա ՀՀ առաջնությունումՙ չգայթակղվելով արտասահմանյան հրավերներով:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ առաջնությունների ընդհանուր հաշվարկով 25 լավագույն ռմբարկուների ցուցանիշները:

1. Արսեն Ավետիսյան - 150

2. Արթուր Պետրոսյան - 125

3. Գեղամ Հովհաննիսյան - 111

4. Տիգրան Եսայան - 108

5. Վահե Յաղմուրյան - 104

6. Շիրակ Սառիկյան - 96

7. Սամվել Նիկոլյան - 83

8. Վարազդատ Ավետիսյան - 81

9. Մկրտիչ Հովհաննիսյան - 81

10. Արա Ադամյան - 79

11. Արթուր Քոչարյան - 78

12. Մհեր Ավանեսյան - 74

13. Անուշավան Փահլեւանյան - 72

14. Արմեն Կարապետյան - 70

15. Սերգեյ Հայրբաբամյան - 66

16. Արմեն Շահգելդյան - 66

17. Արամ Ոսկանյան - 66

18. Անդրանիկ Հովսեփյան - 65

19. Արման Քարամյան - 64

20. Կարեն Միքայելյան - 61

21. Հովհաննես Թումբարյան - 60

22. Հենրիկ Բերբերյան - 55

23. Սեւադա Արզումանյան - 55

24. Աշոտ Բարսեղյան - 54

25. Լեւոն Ստեփանյան - 54

21 «հեթ-տրիկ»

Հայաստանի առաջնություններում եզակի չեն այն դեպքերը, երբ միեւնույն ֆուտբոլիստը մեկ խաղում դառնում է երեք եւ ավելի գոլերիՙ ֆուտբոլային լեզվով ասածՙ «հեթ-տրիկի» հեղինակ: Հոբելյանական առաջնությունում գրանցվեց 21 «հեթ-տրիկ» նախորդ մրցաշրջանի 8-ի համեմատ: Սա եւս ցայտուն ապացույց է, որ թիմերի խաղամակարդակների տարբերությունն ակնհայտ էր: «Հեթ-տրիկներից» 7-ը գրանցվել է «Լեռնագործի» դարպասում: 4-ական անգամ ֆուտբոլիստները հաջողության են հասել «Կոտայքի» եւ «Ղարաբաղի», 3 անգամՙ «Լոռու», 2 անգամՙ «Դինամոյի», մեկ անգամ էլՙ «Միկայի» հետ հանդիպումներում:

«Հեթ-տրիկի» հեղինակ է դարձել 16 ֆուտբոլիստ: Առավել հաճախՙ 3 անգամ նման հաջողության է հասել Արման Քարամյանը, 2-ական անգամ աչքի են ընկալ Արամ եւ Հայկ Հակոբյանները եւ Անդրեյ Բուլանովը: Երկու ֆուտբոլիստիՙ Հայկ Հարությունյանին եւ Տիգրան Դավթյանին հաջողվել է մեկ խաղում խփել 4-ական գնդակ, մյուսները դարձել են 3-ական գոլի հեղինակ: Ի դեպ, Տիգրան Դավթյանի հաջողությունը սեպտեմբերի 9-ին «Լոռու» հետ կայացած խաղում ՀՀ առաջնություններում գրանցված հոբելյանականՙ 250-րդ «հեթ-տրիկն» էր: 10 մրցաշրջաններում ընդհանուր առմամբ գրանցվել է 257 «հեթ-տրիկ»: Դրանց առատությամբ հատկապես աչքի է ընկել 1992 թ. անդրանիկ առաջնությունը (76 «հեթ-տրիկ») 24 թիմերի մասնակցությամբ: Հոբելյանական առաջնությունում գրանցված «հեթ-տրիկների» քանակը ռեկորդային է վերջին 7 առաջնությունների համար, ինչը բնավ էլ առաջընթացի վկայություն չէ:

Վիճակագրությամբ հետաքրքրվողներին հիշեցնենք, որ մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է արարատցի Վահե Յաղմուրյանին, որը 1992 թ. 8 գնդակ էր խփել Սեւանի «Ախթամարի» դարպասը: «Հեթ-տրիկների» քանակով ռեկորդակիրն Արսեն Ավետիսյանն է: Նա 5 անգամ մեկ խաղում խփել է 4 գոլ, 10 անգամՙ 3 գոլ: Երկրորդ ցուցանիշն ունի Գեղամ Հովհաննիսյանըՙ 11 «հեթ-տրիկ»: Վահե Յաղմուրյանի հաշվին գրանցված է 10 «հեթ-տրիկ»: Ավարտված առաջնության մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Արման Քարամյանըՙ 7 «հեթ-տրիկ»:

Արդյունավետության յուրօրինակ ռեկորդներ

Հոբելյանական առաջնությունում արդյունավետության յուրօրինակ ռեկորդի հեղինակ դարձավ «Փյունիկի» հարձակվող Արման Քարամյանը: Նա մեկնարկային 5 հանդիպումներում դաշտից չհեռացավ առանց գոլիՙ ընդհանուր առմամբ խփելով 9 գնդակ: Արդյունավետ խաղերի շարք հաջողվեց նրան նաեւ հետագայումՙ 4 խաղում 7 գոլ: Արման Քարամյանի ռեկորդի կրկնությանը շատ մոտ էր շիրակցի Տիգրան Դավթյանը: Նա եւս 5 խաղ շարունակ դարձավ գոլի հեղինակՙ իր հաշվին գրանցելով 8 գնդակ: 4 խաղ շարունակ դաշտից առանց գոլ խփելու չեն հեռացել «Զվարթնոցի» ռմբարկու Մհեր Ավանեսյանը (6 գնդակ), «Բանանցի» հարձակվող Մկրտիչ Հովհաննիսյանը (6) եւ շիրակցի Վարդան Բիչախչյանը (5): 10 ֆուտբոլիստի հաջողվել է գոլ խփել 3 խաղ անընդմեջ: Նրանց մեջ առանձնանում է Արամ Հակոբյանի արդյունքը, որը վերջին 3 տուրերում դարձել է 6 գոլի հեղինակ: 3 խաղում 5-ական գնդակ են խփել Հայկ Հակոբյանը, Անդրեյ Բուլանովը, Ալեն Մովսիսյանը եւ Աբել Մինասյանը:

ՀՀ առաջնություններում արդյունավետ խաղերի թվով յուրօրինակ ռեկորդակիրը Արա Հակոբյանն է: Նա 1998 թ. «Դվինի» կազմում առաջնության ավարտական 9 խաղերում դարձել է գոլի հեղինակՙ խփելով 16 գնդակ: ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստըՙ Արսեն Ավետիսյանը 1994 թ. 8 խաղում խփել է 13 գնդակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4