Դեկտեմբերի 25-27-ը Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այցի նպատակների եւ երկկողմ հարաբերությունների մասին խոսեցինք Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ֆահրադ Քոլեյնիի հետ:
- Պրն դեսպան, նախագահի պաշտոնական այցի նախօրեին ինչպես եք բնութագրում հայ-իրանական հարաբերությունները:
- Հայաստան-Իրան կապերը բավականին ամուր են: Առկա է երկկողմ սերտ համագործակցություն եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ մշակութային ոլորտներում: Այդ հարաբերությունները կարեւոր են երկու երկրների համար էլ, ուստի ամեն ջանք պետք է գործադրենք դրանք բարձր մակարդակի վրա պահելու համար:
- Պրն Քոլեյնի, Ռոբերտ Քոչարյանը մոտ ապագայում պաշտոնական այցով կլինի Իրանում: Ի՞նչ համատեղ ծրագրեր կան իրականացնելու եւ կոնկրետ ի՞նչ պայմանագրեր կամ համաձայնագրեր են ընդունվելու:
- Ինչպես նշեցի, երկու երկրների հարաբերությունները բավականին ջերմ են: Երկկողմ համագործակցությունը բնականաբար ծնում է նաեւ երկկողմ ակնկալիքներ: Կարեւորն այն է, որ այդ համագործակցությունը լինի երկարաժամկետ: Իմ կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի այցն Իրան շրջադարձային է լինելու երկու երկրների համար էլ: Հուսով ենք, որ ձեռք բերված տնտեսական եւ քաղաքական կապերով կզարգացնենք երկու երկրների ժողովուրդների կապերը: Հայաստանի ղեկավարությունը ճկուն քայլեր կկատարի վերացնելու այցագրային ռեժիմը: Այդ առումով Իրանն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը: Կան ստորագրվելիք պայմանագրեր, որոնք առնչվում են համատեղ սեյսմիկ պաշտպանությանը եւ գիտակրթական ոլորտին:
Գ. Ա.