«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2001-12-19 | #234, 2001-12-20 | #235, 2001-12-21


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ., ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելից վերադարձավ Հայաստան, որտեղ Ս.Սարգսյանը մասնակցեց դեկտեմբերի 18-ին կայացած Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների հերթական նիստին: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, նիստը քննարկել է ահաբեկչության եւ անվտանգության համար ոչ սովորական սպառնալիքների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ընթացքը:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը հիշատակել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ դատապարտեց ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները եւ առաջարկեց իր աջակցությունը հակաահաբեկչական պայքարի հարցում: «Վերջերս Հայաստան կատարած իր այցի ժամանակ քարտուղար Ռամսֆելդը նշեց, թե որքան օգտակար է այն տեղեկատվական օգնությունը, որ ցուցադրեց Հայաստանը. դա եւս մեկ անգամ վկայում է, թե որքան կարեւոր է աշխարհի բոլոր պետությունների համագործակցությունը հակաահաբեկչական պայքարումՙ անկախ նրանց աշխարհագրական դիրքից եւ չափից», նշել է Ս. Սարգսյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր ելույթում նույնպես խոսել է հակաահաբեկչական պայքարի ընթացքի մասին: Ավելի ուշ ադրբեջանական պատվիրակությունը, խախտելով ընթացակարգային կանոնները, փորձել է շփոթության մեջ գցել համաժողովի մասնակիցներին, գրավոր տեսքով տարածելով նախարարի ելույթի մեկ այլ տեքստ, որը ոչ մի ընհանուր բան չուներ իրականում արված հայտարարության հետ եւ ամբողջությամբ ուղղված էր Հայաստանի հասցեին զրպարտանքների տարածմանը: Ի պատասխան ՀՀ պատվիրակությունը գրավոր հայտարարություն է տարածել, մատնանշելով կեղծիքը եւ գործնական փաստեր բերելով Ադրբեջանում ահաբեկչական խմբերի գործունեության վերաբերյալ: «Ցավոք, ԱՄՆ-ում տեղի ունեցած դժբախտությունը շահարկվում է որոշ պետությունների կողմիցՙ այն նեղ ազգային շահերին ծառայեցնելու նպատակով», նշվում է հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային զրույցներ եւ մտքերի փոխանակում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Իվանովի, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ռամսֆելդի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռոբերտսոնի եւ Ռումինիայի պաշտպանության նախարարի հետ:

Նշենք, որ Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների հանդիպումները տեղի են ունենում տարին 2 անգամՙ Բրյուսելում: Այդ կազմակերպությունը ձեւավորվել է 1997թ-ին, որի նպատակն է համագործակցություն ծավալել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին անդամակցող պետությունների միջեւ Եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության գործուն համակարգ ստեղծելու ուղղությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4