Շարունակվում են Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տոկիոյում հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի հետ:
Հանդիպումը կրել է արարողակարգային բնույթ:
Հանրապետության նախագահը հանդիպել է նաեւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության /JETRO/ եւ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի /JBIC/ ղեկավարների հետ:
Արտաքին առեւտրի կազմակերպության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2002 թ. Ճապոնիայում կազմակերպել հայկական ոսկերչական ապրանքատեսակների ցուցահանդես, նախատեսվում է նաեւ Երեւանում բացել տեղեկատվական մարկետինգի կենտրոն:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը երեկ այցելել է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ կազմակերպված արարողության ժամանակ ներկայացվել է հայ-ճապոնական բարեկամության նորաստեղծ խորհրդարանական խումբը: Խմբին անդամակցում են Ճապոնիայի խորհրդարանի 35 անդամներ:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը այսօր կայցելի Ճապոնիայի հնագույն մայրաքաղաք Կիոտո:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ