Պատկերացրեք, թե ինչ վայնասուն կբարձրացնեին Իսրայելի պետությունը, հրեական լոբբին, եթե որեւէ հայ դիվանագետ, ասենք, Իսրայելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության երկրորդ քարտուղարը Թել Ավիվի «Քինգ Դեյվիդ» հյուրանոցում ճեպազրույցի հրավիրեր հրեա լրագրողներին եւ հայտարարեր հետեւյալը. «Հայաստանը ճանաչում է հրեա ժողովրդի կրած տառապանքները, այնուամենայնիվ, կարծում ենք, հրեական ողջակիզման քննարկումն այս փուլում պետք է սկսեն պատմաբանները եւ ճշտեն, թե հստակ ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ է տեղի ունեցել: Կարծում եմ, այսօրվա դրությամբ դժվար թե երբեւէ օգտակար լինի այս հարցը խառնել քաղաքականությանը: Ավելի լավ է դա մնա որպես կարեւոր, բայց ակադեմիական հարց»:
Պաշտոնական Երեւանը, որ իր արտաքին քաղաքականության հիմքում դրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, դեռեւս չի արձագանքել եւ դժվար թե արձագանքի Վրաստանում եւ Հայաստանում Իսրայելի դեսպանության երկրորդ քարտուղար Հարի Քլեյմանի օրերս «Երեւան» հյուրանոցում անցկացրած բրիֆինգում հայտնած սադրիչ հայտարարություններին: Մասնավորապես, Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ հրեա դիվանագետն արել է հայտարարություն, որը տեղավորվում է դիվանագիտական ցինիզմի շրջանակներում: «Իսրայելը ճանաչում է հայ ժողովրդի կրած տառապանքները, այնուամենայնիվ, կարծում ենք, Հայոց ցեղասպանության հարցի քննարկման այս փուլում պետք է սկսեն պատմաբանները եւ ճշտեն, թե հստակ ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ է տեղի ունեցել: Կարծում եմ, այսօրվա դրությամբ դժվար թե օգտակար լինի այս հարցը խառնել քաղաքականությանը: Ավելի լավ է դա մնա որպես կարեւոր, բայց ակադեմիական հարց», ասել է հրեա դիվանագետը:
Մոտավորապես նման մոտեցման վրա է հույսը դրել նաեւ Ադոլֆ Հիտլերըՙ հրեաների ցեղասպանության կազմակերպիչը, հայտարարելով, թե այսօր ո՞վ է հիշում հայերի կոտորածները:
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ, 10-ից ավելի պետություններ, այդ թվում Ֆրանսիանՙ այս տարվա հունվարին: Քլեյմանի ցինիկ «ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» է տեղի ունեցել հարցին ազնիվ պետությունները, քաղաքական գործիչները, պատմաբանները, որոնց թվում քիչ չեն ծագումով հրեա գիտնականները, պատասխանել են. «Տեղի է ունեցել մարդկության դեմ հանցագործությունՙ հայերի զանգվածային բնաջնջում, առաջին աշխարհամարտի տարիներին, Օսմանյան Թուրքիայի տարածքում»:
Պրն Քլեյմանը Ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն խորհուրդ է տալիս հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել եւ դրա լավ օրինակ է բերում «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը»: Իհարկե, մենք կարող ենք առաջարկել այսպիսի տարբերակ. ԱՄՆ պետդեպարտամենտը կազմակերպում է 4 հրեաների (երկուսըՙ Եհուդ Բարաքի նախկին կառավարության անդամներ, մեկ ռուսաստանցի եւ մեկ ամերիկացի հրեա) եւ 6 նեոֆաշիստների դռնփակ հանդիպումները Լեհաստանում, Ավստրիայում եւ Գերմանիայում, ապա հռչակում է «Գերմանա-հրեական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծման մասին եւ փորձում հստակություն մտցնելՙ եղե՞լ է հրեական ողջակիզում, թե՞ ոչ:
Չմոռանանք նշել, որ հրեական ողջակիզման հարցը գլխավորապես վերաբերում է պատմաբաններին, եւ այդ հարցի քաղաքականացումը վնասում է հրեա-գերմանական հարաբերություններին:
Հարի Քլեյմանն արել է եւս մի քանի սադրիչ հայտարարություններ: Հայաստանում Իսրայելի դեսպանատուն բացելու վերաբերյալ հրեա դիվանագետը նշել է, որ դա կախված է Հայաստանից, եւ եթե վաղը հայկական դեսպանատուն բացվի Թել Ավիվում, հաջորդ օրը հրեական դեսպանատուն կբացվի Երեւանում: Եթե վերոնշյալ սկզբունքով է գործում Իսրայելի պետությունը, ապա նշանակում էՙ Իսրայելը չպետք է դեսպանատուն ունենար Բաքվում, քանի որ մինչ օրս Ադրբեջանը դեսպանատուն չունի Թել Ավիվում: Մինչդեռ Իսրայելը Ադրբեջանում տարիներ առաջ է բացել դեսպանատուն, այդ երկրում ներկայացված է արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակով, իսկ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները վերընթաց ուղիով են ընթանում: Ադրբեջանը Իսրայելում դեսպանատուն չի բացում, քանի որ չի ցանկանում առավել վատթարացնել հարաբերությունները Իրանի եւ արաբական աշխարհի հետ: Իսկ Իսլամական երկրների կազմակերպության վեհաժողովներում Ադրբեջանը չի պաշտպանում Իսրայելիՙ տարածաշրջանում տարվող քաղաքականությունը:
Իրավամբ ժամանակն է, որ հայ օրենսդիրները ձեռնամուխ լինեն մի օրինագծի ընդունման, համաձայն որի Հայաստանի տարածքում Հայոց ցեղասպանությունը հերքող կամ հարցականի տակ դնող քաղաքացիները ենթարկվեն քրեական հետապնդման, իսկ օտարերկրացիներըՙ արտաքսման: Հիշեցնեմ, որ Իսրայելի տարածքում, եվրոպական մի շարք երկրներում հրեաների ողջակիզման իրողությունը հերքողները ենթարկվում են քրեական պատասխանատվության, մասնավորապես Ֆրանսիայումՙ մեկ տարվա բանտարկության:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ