ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) 2001 թ. հունիսի 10-22-ը Հայաստանում անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների, 1 500 հարցվածների 46 տոկոսն անգամ մեկնելու հնարավորության դեպքում գերադասում է ապրել Հայաստանում, եւ միայն 23 տոկոսն է ցանկանում արտագաղթել: Հարցման ենթարկվածների 13 տոկոսը հակված է մնալու, իսկ 10 տոկոսըՙ Հայաստանից հեռանալու: Սոցիոլոգիական հարցման պատկերի համաձայն, արտագաղթելու ցանկությունը հատկապես մեծ է բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում. համալսարանական կրթություն ունեցողների 22 տոկոսը գերադասում է հեռանալ Հայաստանից: Սոցիոլոգիական հարցումը կատարվել է «Քաղաքացիների իրազեկությունը եւ մասնակցությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներումՙ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի աջակցությամբ»: