«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2001-12-19 | #234, 2001-12-20 | #235, 2001-12-21


«ՄՈՍԿՎԱ-ՎԱՇԻՆԳՏՈՆ ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՍՔԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՉԵՆ ԱՆՑՆԻ»

Ըստ իրանական թերթիՙ «Ադրբեջանը գործում է ԱՄՆ-ի թելադրանքով»

Պաշտոնական տեսակետներ արտահայտող «Իրանի ձայն» ռադիոկայանը դեկտեմբերի 16-ին լայնորեն անդրադարձել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի տարածաշրջանային այցին: «Ահաբեկչության դեմ պատերազմի անվան տակ ամերիկացիներին հաջողվեց ռազմական ներկայություն հաստատել Ուզբեկստանում: Վաշինգտոնը նպատակ ունի վերացնել Ադրբեջանի եւ Հայաստանի հանդեպ կիրառվող արգելքները եւ հող նախապատրաստել այդ երկու պետությունների հետ ընդլայնելու ռազմական համագործակցությունը», հաղորդում է «Իրանի ձայնը»: Ռադիոկայանը առավել ուշադրություն է դարձնում պրն Ռամսֆելդիՙ Վրաստանի հասցեին արած հայտարարություններին: ԱՄՆ պաշտպանության քարտուղարը ակնարկել էր, թե չէին լինի ռուսական օդուժի վրացական տարածքների ռմբահարումները, եթե Վաշինգտոն-Թբիլիսի կապերը պատշաճ մակարդակի լինեին: «Մենք լիովին պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Մենք զգում ենք, որ վրաց-ամերիկյան ռազմական սերտ համագործակցությունն արդարացված է եւ օգտակար նման խնդիրներ առաջանալու համատեքստում», ասել էր Ռամսֆելդը: Այս հայտարարությունն իրանական ռադիոն մեկնաբանել է որպես ԱՊՀ անդամ պետությունների հարաբերություններին խոչընդոտելու ԱՄՆ-ի փորձ: «ԱՄՆ-ը բոլորովին էլ Ռուսաստանին չի վերաբերվում որպես ռազմավարական գործընկերոջ: Հակահրթիռային պաշտպանության համակարգից ԱՄՆ-ի միակողմանիորեն դուրս գալը ցույց է տալիս, որ միջազգային հարցերում Վաշինգտոնը որեւէ կարեւորություն չի տալիս Մոսկվայի դիրքորոշումներին: Մոսկվա-Վաշինգտոն ջերմ հարաբերությունները խոսքից այն կողմ չեն անցնի», եզրակացնում է Իրանի ռադիոն:

Իրանական մամուլն այս օրերին հաճախակի է անդրադառնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ դեկտեմբերի 25-27-ը Թեհրան կատարելիք պաշտոնական այցին: Պաշտոնական տեսակետներ արտահայտող «Իրան նյուս» օրաթերթը դեկտեմբերի 19-ի խմբագրականում Հայաստանի նախագահի այցը որակում է «իդեալական հնարավորություն Իրան-Հայաստան բարձր մակարդակի համագործակցությունը» խորացնելու առումով: Խմբագրականում շեշտվում է ԼՂ հարցում Իրանի «չեզոք եւ անաչառ» դիրքորոշումը: Թերթը նշում է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չկարողացավ ճիշտ արձագանքել Թեհրանի առաջարկություններին եւ այսօր «Ադրբեջանը գործում է ԱՄՆ-ի թելադրանքով»: «Իրան նյուսը» Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւի տարիներ ձգձգվող այցելությունը Իրան պայմանավորում է Բաքվի ամերիկամետ քաղաքականությամբ:

«Ե՚վ Իրանը, ե՚ւ Հայաստանը Ռուսաստանի հետ պահպանում են ամուր կապեր, եւ այս եռակողմ ռազմավարական դաշինքը կարող է իդեալականորեն ծառայել բոլոր երեք պետությունների շահերին», եզրափակում է «Իրան նյուսը»:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4