Տարիներ առաջ Քեմբրիջ (ԱՄՆ) եւ Երեւան քույր քաղաքների կազմակերպության նախագահ Ջեկ Մեծօրյանը կարողացավ դրամաշնորհներ ձեռք բերել Երեւանի պետհամալսարանի եւ Բեդֆորդի Միդլեքս համայնքային քոլեջի միջեւ համագործակցության ծրագրի համար, որն իրականացվեց ԱՄՆ պետդեպարտամենտի կրթության եւ մշակույթի բյուրոյի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի արժեքը 200 հազար ԱՄՆ դոլար էր: Այդ գումարից 50 հազարը տրամադրվել է համապատասխան տեխնիկա ձեռք բերելու, իսկ մնացյալըՙ դասախոսների եւ ուսանողների ԱՄՆ համալսարաններ փոխայցելությունների համար: Ծրագիրը երկու տարվա վաղեմություն ունի եւ իրականացնելու համար ջանք ու եռանդ չեն խնայել ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Ջոն Բալյանը: Վերջինս ֆակուլտետին տրամադրել էր հատուկ գրանտ (5000-ից ավելի ԱՄՆ դոլար)ՙ ամբողջ մասնաբաժնի վերանորոգման համար: Երեկ ավարտվեց համալսարանների համագործակցության երկու տարվա ծրագրի իրականացումը, եւ նոր մասնաբաժնի բացման արարողությամբ սկիզբ դրվեց նորՙ էլեկտրոնային ռադիոստուդիայի, հեռուստաստուդիայի եւ մամուլի սրահների գործունեությանը: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց համալսարանի ռեկտոր Ռ. Մարտիրոսյանին եւ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Օրդուեյին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ