«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2001-12-19 | #234, 2001-12-20 | #235, 2001-12-21


«ԻՄ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ Ո՚Չ ՄԵԿԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՉԵՄ ՊՆԴԵԼ»

Հակասությունների բեռի տակ չքմեղանում է Կարեն Հունանյանը

Ամբաստանյալ Կարեն Հունանյանի ցուցմունքների հրապարակումը երեկվա դատական նիստի ընթացքում սկսվեց եւ ավարտվեց: Նրան անհամեմատ ավելի փոքր թվով հարցեր էին տրվել, քան Նաիրի Հունանյանին, հարցերի գերակշիռ մասին էլ ամբաստանյալը չէր պատասխանել, այնպես որ դատավարության այս փուլն արագ ամփոփվեց: Նիստի առավոտյան հատվածը, սակայն, այնքան էլ հարթ չընթացավ, քանի որ ամբաստանյալը հերթական անգամ բացարկ հայտնեց դատավորին, դժգոհեց, թե ոտնահարվում են իր իրավունքները, թե դատարանն անաչառ չէ եւ այլն: Սրան հավելածՙ մեղադրյալների պաշտպաններն էլ վերստին բարձրացրին չվճարված աշխատավարձերի հարցը: Այս անգամ բողոքելու հերթը պաշտպան Աղասի Աթաբեկյանինն էր. նա վերջնագիր ներկայացրեց, թե չի վերադառնա դատարանի դահլիճ, քանի դեռ իր աշխատավարձը վճարված չէ: Եվ հեռացավ: Ավելի ուշ դատավորն ափսոսանք հայտնեց նրաՙ դահլիճից հեռանալու շտապողականության վերաբերյալ, քանի որ աշխատավարձերը հաջորդն օրն իսկ վճարվելու էին:

Ինչ վերաբերում է Կարեն Հունանյանին, ապա դատավորը պահանջեց, որ նա հիմնավորի, թե ինչու է բացարկ հայտնում դատարանին: Ամբաստանյալը որոշակի ոչինչ չհայտնեց, եթե չհաշվենք նրա անընդհատ դժգոհությունները ճնշումների եւ այլնի վերաբերյալ: Դատավորն էլ, բնականաբար, մերժեց բացարկը: Այս ամենին հաջորդեց նիստի առավել կարեւոր հատվածը, այսինքնՙ ամբաստանյալ Կարեն Հունանյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ հայտնաբերված հակասությունների հրապարակումը: Այդ հակասությունների վերաբերյալ, վկայակոչելով ամբաստանյալի բոլոր «կասկածելի» ցուցմունքները, մեղադրող Գագիկ Ավետիսյանը հարցեր ուղղեց նրան: Դրանք, ինչպես եւ սպասվում էր, պատասխանի չարժանացան ամբաստանյալի կողմից, թեպետ մեկնաբանություններից վերջինս զերծ չմնաց: Հակասություններին ծանոթանալու (իսկ դրանք բազմաթիվ էին) ընթացքում ամբաստանյալն անընդհատ նշում էր, թե երբեւէ չի պնդել իր նախաքննական ցուցմունքներից եւ ոչ մեկը: Սակայն ո՚չ հերքում, ո՚չ հաստատում, ո՚չ էլ պարզաբանում էր իր ցուցմունքներում հայտնաբերված հակասությունները: Մի պահ այնպիսի տպավորություն էր, թե դատավորն ու մեղադրողը ուր որ է սկսելու են համոզել ու խնդրել ամբաստանյալին, որ հարցերին պատասխանի: Սակայն նրանց «մանկավարժական» մեթոդներն ապարդյուն անցան: Միայն մեկ հարց էր, որ, ըստ երեւույթին, համբերությունից հանեց ամբաստանյալին. նա չկարողացավ զսպել իրեն ու վերաբերմունք չարտահայտել: Իր նախաքննական ցուցմունքներում ամբաստանյալը հայտնել է, թե ԱԺ դահլիճ մտնելուն պես ինքը սպանել է Վազգեն Սարգսյանին, եղբայրըՙ նախագահությունում նստածներին: Այս քայլն, ըստ նրա նախաքննական ցուցմունքի, ինքն ու եղբայրը կատարել ենՙ հիմնվելով Նաիրիի կողմից նախապես հաշվարկված ծրագրին: Այսինքնՙ պատահական քայլ նրանց գործողություններում չի եղել: Հիշենք, սակայն, Կարեն Հունանյանիՙ դատարանի դահլիճում հնչեցրած ցուցմունքները, որոնցում հակառակ բնութագրում է տրվում իրենց գործողություններին: Կարեն Հունանյանը մերթ ասում էր, թե իրենք, դահլիճ մտնելով, նախ օդ են կրակել, մերթ ինքն ու եղբայրը հայտարարում են, թե ԱԺ դահլիճում ներկաներից որեւէ մեկին սպանելու մտադրություն չեն ունեցել, թե իրենց նպատակը պարզապես հեղաշրջում կատարելն էր, մերթ Նաիրի Հունանյանը պնդում է, թե սպանությունների պատճառը եղբոր անկառավարելի վարքն է եղել եւ այլն: Այս ամենը լսել ենք դատարանի դահլիճում, այնինչ բոլորովին հակառակն է ասվել նախաքննական մարմնին:

Կարեն Հունանյանն իր նախաքննական ցուցմունքներում հայտնել է, օրինակ, հետեւյալը. «Երբ ԱԺ դահլիճի նախասրահում էինք, Նաիրին ինձ ասաց, որ սպանեմ վարչապետին, ինքն էլ կսպանի Դեմիրճյանին ու Բախշյանին: Ես Վազգենի հանդեպ անձնական թշնամանք չեմ ունեցել: Այս գործողությունների ծրագիրը Նաիրին կազմել էր դեռեւս տանը»: Դատարանի դահլիճում, սակայն, ամբաստանյալը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ինքը երբեք չի առաջնորդվել սոսկ եղբոր հրահանգներով, այլ մասնակցել է իրենց ծրագրի մշակմանը, կամակատար չի եղել, այլ սեփական նախաձեռնությամբ, ինքնուրույն է գործել: Երբ մեղադրողը նրա ուշադրությունը հրավիրեց այս հակասությանը, ամբաստանյալը վերստին պնդեց դատարանում հնչեցրած ցուցմունքը. «Ես ոչ մի հրահանգ էլ չեմ ստացել եղբորիցս, իսկ նախաքննական ցուցմունքներս քննիչների ճնշումների արդյունքն են»:

«Մեր նպատակը հստակ էր. պիտի սպանեինք միայն վարչապետին ու ԱԺ նախագահին: Մյուսներն անզգույշ սպանություններ են», մեկ այլ ցուցմունքում էլ (նույնպես նախաքննական) հայտնում է նա: «Ի վերջո, դու այս ամենում որոշի՞չ, թե՞ համեստ դեր ես ունեցել», հարցրեց մեղադրողը: Պատասխան չհետեւեց:

Այլ անճշտություններ էլ կային: Ամբաստանյալն իր ցուցմունքներից մեկում նշում է, թե հոկտեմբերի 27-ի գործողությունների համար նախատեսված զենքը ձեռք են բերել դեպքից 5 օր առաջ, մինչդեռ, մեղադրողի խոսքերով, փաստերը վկայում են, որ արդեն հոկտեմբերի 13-ին զենքերն իրենց ձեռքին էին: Նույն կերպ ամբաստանյալը հակասական պատասխան է տալիս այն հարցին, թե հատկապես որտեղ են իրենք կազմ ու պատրաստ վիճակի բերել ինքնաձիգներըՙ տա՞նը, թե՞ ԱԺ մուտք գործելիս. ամբաստանյալը տարբեր ցուցմունքներում տարբեր վարկածներ է նշում: Ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանիՙ զենքը ձեռք բերելու գործին մասնակից լինել-չլինելու վերաբերյալ ցուցմունքում եւս հակասություններ գտնվեցին: Այսպիսի «աննշան» հարցերին, սակայն, ամբաստանյալը չէր պատասխանում: Նա պատասխանում էր գլխավորինՙ այն ամենին, ինչն առնչվում էր իրեն ու Նաիրիին, իրՙ կամակատար լինել-չլինելուն, Նաիրիիՙ հրահանգիչ լինել-չլինելուն եւ այլն: Մեղադրողն այդքանով չամփոփեց հակասությունների հրապարակումը, երկուշաբթի այս փուլը կշարունակվի:

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4