ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկինում ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանի գործը դեռեւս բացահայտված չէ, քննության ընթացքում մի շարք վարկածներ դուրս են բերվել գործից, մյուսների շուրջ աշխատանքները շարունակվում են: Լրագրողների հետ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը: Մեկնաբանելով նշված գործի քննության երկու ամսով երկարաձգման հանգամանքները, նա նշեց, որ քննչական գործողությունները ձգձգելու նպատակ եւ ցանկություն չկա, եւ համապատասխան մարմիններին ցուցումներ են տրված գործի քննությունը հնարավորինս արագացնելու վերաբերյալ: Ըստ դատախազի, չի բացառվում, որ բավարարվեն Մ.Սաղաթելյանի փաստաբանի ներկայացրած որոշ միջնորդություններ:
Ա. Թամազյանը շեշտեց, որ Մ. Սաղաթելյանի կողմից բուհի ավարտական կեղծ դիպլոմի ձեռքբերման փաստին ներկայիս ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի մասնակցության մասին քննությունը տեղեկատվություն չունի, սակայն, փաստի հետ կապված մեծ քանակությամբ տվյալներ կան, որոնք օգտագործվում են որպես ապացույց: Նա իրազեկեց, որ նախարարությունից վերջերս ստացվել են ոչ մեծ պաշտոններ զբաղեցնող երկու անձանց կողմից իրենց փաստաթղթերի կեղծման հետ կապված տվյալներ, որոնց քննությունը հանձնվել է համայնքների դատախազություններին:
Գլխավոր դատախազը նկատեց, որ իշխանությունները Մ. Սաղաթելյանի գործին չեն միջամտում. «մայր» գործին սկիզբ են տվել ՆԳ նախարարությունից ստացված նյութերը, որտեղ եղել են քրեական գործի հարուցման հիմքեր, եւ հարուցված գործին միացվել են հետագայում ստացված այլ նյութեր: Նրա գնահատմամբ, գործը քրեականից քաղաքական հարթություն տեղափոխելու մասին որոշ խոսակցությունները դժվարացնում են քննությունը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդարացի է, որ Աղամալ Հարությունյանը (անզգույշ սպանության մեջ մեղադրվող) ազատության մեջ է, իսկ Մ. Սաղաթելյանը ձերբակալված, Ա. Թամազյանն ասաց, որ վերջինիս նախնական կալանքի պատճառ է նաեւ իշխանազանցության մեղադրանքը: Այն երկարաժամկետ ազատազրկման պատժամիջոց է առաջադրում, իսկ Ա. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը նաեւ ազատազրկման հետ չկապված պատիժ է նախատեսում: Բացի այդ, ըստ գլխավոր դատախազի, երբ նման պատժի այլընտրանք նախատեսող մեղադրանքի առկայության դեպքում անձի նկատմամբ ազատազրկում է կիրառվում, խափանման միջոցի ընտրության հարցում քննիչը, հետագայում նաեւ դատարանը պետք է պատճառաբանեն ավելի մեղմ պատժամիջոցի կիրառման անհնարինությունը: