Որ խմելու ջրի, ներքին ցանցի հարցերը Գորիսում ամենացավալին ու շահարկվածն են, այդպես է, որ մայիս-հունիս ամիսների համեմատ նկատելի է գրաֆիկով ջրամատակարարման բարելավում, այդ էլ այդպես է: Իրողություն է եւ այն, որ որքան էլ թվերը լրատվամիջոցներին տրամադրվեն կամ ոչ, Գորիսում աղեստամոքսային տրակտի խանգարումները, հիվանդությունները միշտ էլ իրենց «ծանրակշիռ» տեղն ունեն: Վերջին ամսում էլ «շնորհ արեց» դեղնախտըՙ 20 դեպք: Չնայած ընդունված է ասել, որ դեղնախտը «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն է, բայց ինչպես ավելի պարզ դարձավ օրերս Գորիսի քաղաքապետարանում կայացած արտահերթ խորհրդակցությունից, խթանող հանգամանքներ էլ կան. խողովակների մաշվածությամբ ու որոշ քաղաքացիների «ինքնագործունեությամբ» պայմանավորված խափանումներ, խմելու ջրի եւ կոյուղու խողովակաշարերի «համագործակցության» վերահաս վտանգ, ջրի վարակազերծման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններՙ կապված ջրաքանակների եւ հեղուկ քլորի պակասի հետ, մասսայական սանլուս աշխատանքների ոչ մեծ ընդգրկում.
Քննարկում-ելույթներում ընդգծվեց, որ խմելու ջրի կարգավորման օրախնդիրը միայն քաղաք մտնող ջրաքանակներով, գրաֆիկով ջրամատակարարմամբ չի պայմանավորված. խողովակաշարերի մաշվածությանը զուգահեռ, գուցե ավելին, զգացնել են տալիս միջոցների բացակայությունը, վարձավճարների հավաքման. աքիլլեսյան գարշապարը:
Ահազանգի պես հնչեց «Գորիս-ջուր» մասնաճյուղի տնօրեն Յու. Պետրոսյանի խոսքը. «Ես ընդունում եմ բոլոր մեղադրանքները, որովհետեւ անկախ այն բանից, թե ինչու դրանք կան կամ ինչ է արվածՙ կան: Բայց եկեք մեղավորներ չփնտրենք, պարզապես մեկընդմիշտ գտնենք դրանց լուծման միջոցները եւ ճանապարհները»: Քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի փաստարկն էլ ահազանգ էր. «Այսօր իմ աշխատասենյակ մտավ մի քաղաքացի եւ ասաց, որ իր երեխան հիվանդացել է դեղնախտով, որ եթե նրան մի բան պատահիՙ դատի կտա: Ես հասկանում եմ նրան»: Փոխմարզպետ Զավեն Գրիգորյանը սեւեռեց այն միտքը, որ «եթե մասնաճյուղի գլխադասը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է, ուրեմն նա էլՙ մարզային եւ համայնքային իշխանությունների սատարումի պարագայում, պարտավոր է նորմալ տեխնիկական մատակակարարում իրականացնել: Գլխադասի ներկայացուցիչն էլ հավաստեց, որ մեկ շաբաթվա ընթացքում համատեղ կկազմեն միջոցառումների ծրագիրՙ առաջնայնությամբ խափանումների, վթարների օպերատիվ վերացման, վարակազերծման խնդիրների լուծման, հաշվանցումներիՙ պարտքերի դիմաց տարանցիկ հաշվին փոխանցելու մեխանիզմների հնարավորինս ճշտման: Թիվ 3 դպրոցի տնօրեն Յու. Ալեքսանյանը նկատեց, որ «վարձավճարների հավաքումը չի լուծվիՙ մինչեւ ջրաչափեր չտեղադրվեն, ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհում է արվում»: Հետաքրքրական է վաստակավոր էներգետիկ Լյովա Առուստամյանի դիտարկումը. «Եթե սպասենք ջրաչափերին, եղած խողովակներն էլ կքրքրվեն: Ողջ քաղաքի առողջությունը վերջնականապես չվտանգելու համար անհրաժեշտ է առաջինը սկսել ներքին ցանցի այն հատվածներից, որտեղ փականները հաղորդակից են կոյուղուն, անհրաժեշտ է տեսություններից արագ գործի անցնել: Բոլորս նորմալ, անխափան ջրամատակարարում ենք ուզում, բայց ինչպե՞ս. վարձավճարների հավաքմանը պիտի բոլորս նպաստենք»: Գուցե, ինչպես Յու. Պետրոսյանն ասաց, այլեւս մեղավորներ չփնտրենք:
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս