«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2001-12-19 | #234, 2001-12-20 | #235, 2001-12-21


ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Մայրաքաղաքից դուրս գիտական մտքի կազմակերպման կայուն գործոն է դառնում ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի «Գիտական աշխատություններ» ժողովածուն: Ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչությունում տպագրվող պարբերականի հերթականՙ երրորդ համարը, ինչպես նախորդները, հարուստ նյութ է պարունակումՙ ներառելով հայագիտության եւ հատկապես շիրակագիտության տարբեր ոլորտներ:

Ժողովածուի առաջին բաժնում տպագրված երկու տասնյակից ավելի գիտական հոդվածները վերաբերում են Հայաստանի, նրա հյուսիս-արեւմուտքի վաղ շրջանների աշխատանքային գործիքներին, կենցաղին ու հավատալիքներին, աքեմենյան եւ հելլենիստական ժամանակաշրջանների կառուցողական եւ ճարտարապետական արվեստի հուշարձանների առանձնահատկություններին, պատմության, ազգագրության, լեզվական, հոգեբանական, մշակութային այլեւայլ իրողություններին ու խնդիրներին: Արդիական հնչեղություն ունեցող կարեւոր պատմական թեմայի է անդրադառնում Գայանե Քոչարյանը «Արտաշես Ա Բարին որպես հզոր պետականության կերտող» հոդվածում: Այստեղ պատմական աղբյուրների տեղեկությունների գիտական վերլուծությամբ Արտաշես Առաջինի «բոլոր առաքինական գործերից եւ բարեկարգություններից» հառնում է, հեղինակի բնորոշմամբ, հայ իրականության մեջ խոր հետք թողած անհատականությունՙ երկհարյուրամյա արքայատոհմ հիմնած, Հայաստանի քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնած ողջամիտ քաղաքագետի, խոհեմ բարենորոգչի, հմուտ տնտեսագետի, ճարտար քաղաքաշինարարի, լայնախոհ պետական գործչի կերպարը, որի գործունեությամբ կերտվեց հզոր պետական կառույց, զարգացան համազգային մշակույթն ու գիտությունը, տնտեսությունն ու հաղորդակցության ուղիները, ստեղծվեցին անհրաժեշտ նախապայմաններ Տիգրան Բ Մեծի միջազգային ասպարեզում ունենալիք նշանակալի դերի համար: Մեծ Հայքի Գուգարք նահանգի ութերորդ գավառը եղած երկրամասի հնագույն ժամանակներից մինչեւ 18-րդ դարավերջի պատմության սեղմ ուրվագիծ է Աշոտ Մելքոնյանի «Ջավախքի պատմական անցյալից» հոդվածը: ՀՀ արդի տեղանվանաբանության սկզբունքային խնդիրներ են արծարծվում Դերենիկ Ս. Վարդումյանի համանուն հոդվածում, որտեղ ի մասնավորի հերթական անգամ առաջ է քաշվում հանրապետության երկրորդ քաղաքի անվան ներկայիս թրքաշունչ «Գյումրի» տարբերակից հրաժարվելու եւ քաղաքին իր պատմական ու հայեցի «Կումայրի» անունը վերադարձնելու հարցը: Շիրակի մարզկենտրոնի աշխատանքային ռեսուրսների եւ բնակչության զբաղվածության վերլուծության փորձ է Համլետ Սարգսյանի եւ Արտաշես Բոյաջյանի համատեղ հետազոտությունը:

«Հրապարակումներ եւ հաղորդումներ» բաժնում առավել ուշագրավներից մեկն Արթուր Նիկողոսյանի անդրադարձն է Ալեքսանդրապոլի «Ճշմարտություն որոնողների ընկերության» գործունեությանը, 20-րդ դարասկզբի պատմական մի դրվագում հայ ազատագրական շարժմանը նրա անդամների մատուցած անգնահատելի ծառայությանը: Արմեն Տիգրանյանի «Քյոռօղլի» անավարտ օպերայի երաժշտական եւ նյութի բանահյուսական արժեքի մասին է Հասմիկ Ստեփանյանի հրապարակումը:

Ժողովածուն ամբողջանում է երրորդ համարում ավելացած գիտական լրատուով եւ տպագրված բոլոր նյութերի բովանդակությունների անգլերեն հակիրճ ամփոփումով:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4