Ջոան Լանդնի «Գիլգամեշ» գիրքը
«Գրածս պատմությունները բոլորովին էլ արտասովոր չեն: Դրանք ծնունդ են առել ինչ-որ պատկերից կամ երազից, բայց ոչ շոշափելի կամ գիտակցական բանից: Դրանք սկիզբ են առել ինչ-որ տեղ եւ ինչ-որ ժամանակ: Այս վեպը հատկապես ծնվել է երազներից, որոնք յուրահատուկ որակ եւ թրթիռ են առաջացնում», ասել է ավստրալիացի ճանաչված գրող Ջոան Լանդնը, խոսելով իր նոր գրքիՙ «Գիլգամեշի» մասին:
Ասուրա-բաբելական դյուցազնավեպի հերոսի նման Լանդնի վեպում Էդիթ անունով մի ավստրալուհի հատկանշական ճանապարհորդություններ է կատարում Երկրորդ աշխարհամարտից առաջ եւ հետո: Արեւմտյան Ավստրալիայից Էդիթն ուղեւորվում է Լոնդոն, Հայաստան, Միջին Արեւելք եւ ապա վերադառնում հայրենիք: Այն հարցին, թե ինչն է մղել իր հերոսին Հայաստան ուղարկելու, հեղինակը պատասխանել է. «Երազներս շփոթի էին մատնել ինձ: Տեսնում էի օտար մի երկիր, որի պատկերներն աստիճանաբար հյուսվում էին ինչպես ցանկացած երեւակայական գործի մեջ: Երբ մի օր այդ պատկերներն ու իրադարձությունները պատմեցի բազմաթիվ ճամփորդություններ կատարած իմ բարեկամներից մեկին, նա զարմանքով բացականչեց. «Դու Հայաստանն ես նկարագրում»: Այդ խոսքերից ոգեշնչված, սկսեցի հավելյալ ուսումնասիրություններ կատարել եւ խորանալ հայկական մշակույթի եւ պատմության մեջ: Տեղեկացա, որ դարեր շարունակ պարսիկներ, մոնղոլներ, թուրքեր եւ այլ ազգություններ հարձակվել են հայկական քաղաքակրթության վրա, որը հակառակ կրած ծանր կորուստներինՙ շարունակել է գոյատեւել»:
Ջոան Լանդնը չի բավարարվել լոկ ուսումնասիրություններ կատարելով: Նա Հայաստան է այցելել 1997-ին, երբ «Գիլգամեշ» վեպն արդեն ձեւավորման ընթացքում էր, եւ վերահաստատել է շատ բան, որ մինչ այդ միայն երազներում էր տեսել կամ երեւակայել: «Շատ անհանգիստ կզգայի ինձ, եթե Հայաստան այցելած չլինեի, նրա օդը չշնչեի եւ քայլելով նրա փողոցներում նրա իրականությունն ապրած չլինեի», ասել է նա իր այցելության առնչությամբ ավստրալիական «Դի էյջ» թերթի լրագրողին, որի վերջերս լույս ընծայած հոդվածից էլ գրողի մասին այս նյութը տպել է Կանադայում լույս տեսնող ՌԱԿ «Ապագայ» շաբաթաթերթն իր նոյեմբերի 26-ի համարում:
Ջոան Լանդնի մյուս գրքերի շարքում թերթը նշում է «Սիսթր Շիփս» պատմվածքների ժողովածուն, որը 1986-ին արժանացել է Արեւմտյան Ավստրալիայի «Ուիք լիթրըրի» եւ «Դի Էյջ Բուք ըվ դը Յըր» մրցանակներին եւ «Նամակ Կոստանտինին» երկրորդ ժողովածուն, որն արժանացել է «Սթիլ Ռուդ» եւ «Պրեմիեր» մրցանակներին: Հեղինակն այս ամիս Մելբուռնում կայացող «Էյջ Մելբուռն ռայթրզ» փառատոնի հյուրն է:
Հ. Ծ.