Կոմիտասի երաժշտագիտական ժառանգությունը հարստացավ վերջերս անգլերենով լույս տեսած նրա հոդվածներով եւ ուսումնասիրություններով:
«Komitas: Essuys and Articles» ստվար հատորը Վաչե Պարսումյանի թարգմանությամբ լույս է ընծայել Կալիֆոռնիայի «Drazark Press» հրատարակչությունը, տպագրության հովանավորն է Նուբար Ուզունյանը:
Ժողովածուն ամփոփում է Կոմիտաս Վարդապետի ինքնակենսագրականը, երաժշտագիտական հիմնասյուն աշխատություններըՙ հայ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությանը նվիրված, ինչպես նաեւ մեծագույն հետաքրքրականություն եւ պատմական արժեք ներկայացնող նամակներ: Դրանց թվում. 1907-ին Բեռլինից գրած «Examining Committee for Music» կազմակերպության նախագահ Վահրամ Մանկունուն եւ 1910-ին Էջմիածնից գրված կաթողիկոս Մաթեւոս Իզմիրլյանին:
Գիրքը պարունակում է անհրաժեշտ նոտային օրինակներ, Կոմիտասի գրչին պատկանող տեսական աշխատություններ եւ Վարդապետի մասին լույս տեսած գրականության ցանկեր:
Բարձրաճաշակ է հատորի գեղարվեստական ձեւավորումը, որում զետեղված են մեծն Կոմիտասի գեղանկարչական լավագույն դիմանկարների լուսանկարները:
Մեծ գնահատման ու երախտագիտության են արժանի հիշյալ կարեւոր նախաձեռնման հեղինակներն եւ այն իրագործողները: Այսպիսով, հայոց հանճարիՙ XIX դ. երկրորդ-XX դ. առաջին կեսերի միջազգային չափանիշներով մեծ երաժշտական բանահավաքի, ֆոլկլորագետի, երաժշտաբանի, ազգային երգարվեստի մարգարիտների անզուգական մշակողիՙ մասնագիտական բարձրակերտ մտքի թռիչքն ու այսօր էլ իր արդիականությունը պահպանող միտումները, շնորհիվ անգլերենով հրատարակված լինելուՙ հասու կդառնան աշխարհին: Հաղթահարելով ազգային շրջանակը, հնարավորություն կունենան դուրս գալու միջազգային ասպարեզ, եւ, համոզված ենքՙ պիտանի լինելու ու հաստատվելու համաշխարհային երաժշտագիտական մտքի շտեմարանում:
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ