«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2001-12-19 | #234, 2001-12-20 | #235, 2001-12-21


«ԽՈՍՔԻՑ ԱՆԴԻՆ Է ԲՈՒՆ ԻՄԱՍՏԸ»

Կարպիս Սուրենյան «Պսակ թարգմանական»

«Նա (Սանատկումարա իմաստունը) ուսուցանում է Նարադային, որ գիտե բոլոր մանտրաները, բայց տխուր է եւ ուզում է իմանալ Ատմանի մասին, որով կարող է հաղթահարել տխրությունը: Ո՞վ է առասպելական Սանատկումարան, եթե ոչ ներհուն հավերժական իմաստնության խտացում, որ տխրության հաղթահարող անդրանցական ուղի է ցույց տալիս Նարադային: Ասված է. «Նրան, ով սրբեց բծերն իր վրայից, պատկառելի Սանատկումարան ցույց է տալիս մյուս ափը խավարի: Սկանդա են կոչում նրան, այսինքնՙ այն կողմն անցնող, ճանապարհ ցույց տվող»:

Հասցնո՞ւմ ենք ապրել մեր ժամանակն արդյոք, որի գերագույն իմաստավորումն ինքնաճանաչման երկարատեւ ճանապարհը հաղթահարելն է, թե՞ անկատար տողանցումներ կատարելովՙ հեւքոտ ճամփորդի նման դժվարանցելի ճանապարհներին միշտ հանգրվաններ ենք փնտրումՙ շարունակելու մեր ընթացքը հետագա: Եվ եթե Սանատկումարայի իմաստնությանն անսալ փորձենքՙ բծերը մեր վրայից մաքրելու (երբեմն սիզիփյան աշխատանքի նմանվող), թերեւս սկսենք իրապես ապրել.

Այստեղից սկսեցիՙ հոգեհարազատության «գայթակղությունից» թերեւս: Կարպիս Սուրենյանի «Պսակ թարգմանական» նորընծա ժողովածուն բացվում է Հին Արեւելքի կրոնափիլիսոփայականՙ համատիեզերական նախասկզբնական գոյի իմաստը քննող հնդկական Չհանդոգյա ուպանիշադով (ք.ա. VIII-VII դդ.) եւ կեցությանՙ մարդուն այնքան խրթին թվացող հարցերը պարզորեն մեկնող չին մտածող Չժուան Ցեի (369-286) «Ծեր ձկնորսը» պատմությամբ, որտեղ ներդաշնության հասնելու եւ հոգեւոր բավարարվածության ճանապարհն առաջին հայացքից պարզ թվացող բանաձեւման մեջ է ամփոփված. «Ամենավատ բանը, որ կարող է վիճակվել մեզ, ուրիշների հանդեպ բարյացակամության պակասն է»:

Աշխարհի ներքին ընկալումների սուր զգացողությունների պահերին (երբ տրվում են այդպիսիք) մերձենում ենք մեր գոյութենականության սկզբին եւ որոնում ճշմարտությունըՙ թերեւս վախենալով մահից, ենթագիտակցորեն զգալով, որ քննելի է հետագիծը մեր ողջ ապրածի: Իսկ հին չինական իմաստնությունն ասում է. «Դառն է այն ակունքը, որից կյանքի բոլոր ձեւերը կյանք ունեն իրենց մեջ: Ով կորցնում է դաՙ մեռնում է: Ով ստանում է դաՙ ապրում է: Դրա հոսքին դեմ գնալՙ նշանակում է կործանման դիմել: Դրա հոսքի հետ ընթանալ նշանակում է հաջողության հասնել: Ուստի որտեղ կա Դաոն, իմաստունը հարգանք կմատուցի դրան»: Մի փոքր եթե խորհենք այս մասին, մեզ տրված թանկ էներգիան գուցե չվատնենք այսքան անտեղիՙ նմանվելով սեփական ստվերից սարսափող այն մարդուն, որն ուժասպառության աստիճան փախչում էՙ իրեն կրնկակոխ հետեւող ստվերից ազատվելու համար եւ մեռնում է «կյանքից», որովհետեւ մտքով չի էլ անցնում, թե «պարզապես հանգիստ նստելով մի ստվերում, կազատվեր իր սեփական ստվերից էլ, իր ոտնահետքերից էլ»:

Իր մտահայեցումների մեջ իրականությունից, բառերից ու իրերից անդին, ժամանակների երբեմն անգո թվացող տարածություններում, իմ զգացողությամբ, հին ու իմաստուն ժամանակների հոգեւոր լիցքեր կրող առանձնահատկությամբ է օժտված գրող, թարգմանիչ Կարպիս Սուրենյանը: Նա հայ մտավորական իրականության մեջ քաղաքակրթության ամենատարբեր շերտեր կրող սակավաթիվ այն գրողներից է, որ կյանքի ընթացքն ապրել է ինքնարտահայտման դժվարին կերպին հավատարիմ, կյանքի առաջադրած բազում հարցերի պատասխանները որոնելով իր ներքին ճշմարտություններում: Գրական վաստակի առատ հունձքով Կարպիս Սուրենյանը ժամանակի մեջ իր դրոշմը թողել է վաղուց արդենՙ մեր գրական անդաստանում գեղարվեստական արձակ էջերի եւ թարգմանությունների իրոք պատկառելի ժառանգությամբ («Մաքուր ձեռքեր», «Բնիկ որտեղացի՞ եք», «Արեւորդիներ», «Ոգու ամրոցներ», «Երանության կղզին», «Հին պատմություն», «Ճիշտը կյանքն է», Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ», Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը»: Թվածս գրականությունն արդեն իսկ վկայություն է վերն ասվածի եւ նոր չէ, որ պիտի գնահատանք տրվի գրողի եւ թարգմանչի գրչի վարպետությանը, այնպես որ գրականագիտական վերլուծության հավակնությունից զերծ եւ զուտ ընթերցողական մակարդակում կփորձեմ ներկայացնել «Սարգիս Խաչենց» հրատարակչության վերջերս լույս ընծայածՙ գրողի «Պսակ թարգմանական» ժողովածուն: Արժեքավոր եւ հետաքրքիր մի գիրք, որտեղ Սուրենյանն ի մի է բերել տարբեր տարիներինՙ ֆրանսերենից, գերմաներենից, անգլերենից եւ ռուսերենից կատարած փոքրածավալ թարգմանությունները, որոնք լույս են տեսել մամուլում կամ մնացել անտիպՙ տարբեր պատճառներով:

Համաշխարհային գրականության այս ընտրանին գրողի գեղագիտական հայացքների, լայն առումով աշխարհընկալման դրսեւորման փաստ է անշուշտ: Գրողի հետաքրքրությունների ոլորտը խիստ ընդգրկուն է ու բազմազան (ժանրային եւ ժամանակային իմաստով նաեւ)ՙ սկսած հնագույն երկու քաղաքակրթություններիցՙ հնդկական եւ չինական, վեդայական գրականության մեջ կենտրոնական տեղ գրավող եւ հնդկական փիլիսոփայական միտքը խտացնող ուպանիշադներից, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների հարթության վրա կյանքի իմաստաբանական կողմը մեկնող չինական զրույցից մինչեւ XIX-XX դդ. եվրոպական գրականություն (Հաուպտման, Էքզյուպերի,ՈՒ. Ս. Մոեմ, Ֆրանս, Սարոյան, Դոստոեւսկի:) Այստեղ հստակորեն երեւում է գրողի անհատական մոտեցումը գրականությանը, հավատամքն արվեստում եւ հոգեւոր որոնումները, որ էՙ մարդու գոյութենական առեղծվածը, աշխարհի հետ նրա հարաբերակցությունը եւ երազանքըՙ հեքիաթային հեռավոր մոլորակիՙ ազատ ոգու բաղձանքով:

Այս գրքի հրատարակումը ճշմարիտ, մնայուն գրականության վերհիշեցում է նաեւ եւ շատ անհրաժեշտՙ հոգեւոր-մշակութային, գրական արժեքների վարընթաց մեր ժամանակներում:

Կարեւորենք նաեւ գրքի մեկ այլ առանձնահատկություն: Թարգմանական արվեստի նկատմամբ դեռեւս պատանեկան տարիներից եկած սիրով եւ ինքնաբուխ նվիրումով կատարած այս աշխատանքներից յուրաքանչյուրն ունի իր նախապատմությունը եւ շարժառիթը, որոնց եւ մասնավոր անդրադառնում է գրողը: Պատումի անկեղծությունն ու ամիջականությունն ավելի զգայուն եւ մտերմիկ է դարձնում հեղինակի հաղորդակցումն ընթերցողի հետՙ ստեղծելով Սուրենյան արվեստագետի, հարուստ ներաշխարհով մտավորականի եւ մարդու ազնիվ կերպարը:

Յուրաքանչյուր թարգմանությանը նախորդող իր խոսքում Սուրենյանը տեղեկություններ է հաղորդում հեղինակի եւ նրա ստեղծագործության, նաեւ շարժառիթների մասին: Երբեւէ պատվերով չկատարելով որեւէ գործ, նա աշխատել է հոգու թելադրանքով, հանգամանքների բերումով նաեւ: Թարգմանական արվեստիՙ մշակութային, ճանաչողական, տարբեր ժողովուրդների փոխադարձ մերձեցման եւ փոխըմբռնման նշանակության գիտակցումով հանդերձ գրողը պատասխանատվությամբ է վերաբերվում ինչպես հեղինակին, այնպես էլ ընթերցողին: («Եթե քեզ էլ ուրախություն տա, դիմում է ընթերցողին, ինչպես ինձ է տվել, ես ավելի եւս կուրախանամ»): Լավագույն թարգմանությունները, որոնք համարժեք են հեղինակային ստեղծագործություններին, ըստ Սուրենյանի, արվում են «ստեղծագործաբար թարգմանելու ինքնաբուխ մղումի ու սիրո բնատուր ձիրքի շնորհիվ» եւ ավելի խոր կենսափորձ ու գրական հարստություն են պահանջում:

Առանձին ուսումնասիրության նյութ է Սուրենյանի լեզունՙ հեղինակային եւ թարգմանական: Հայերենի հմուտ իմացության շնորհիվ, լեզվական նրբություններին քաջատեղյակ, բառի բծախնդիր ընտրությամբ նրա թարգմանությունները հնչում են բնագրային հարազատությամբ: Յուրաքանչյուր գործ ընթերցողին է ներկայացվում լեզվամտածողության ուրույն ոճով, ինչպես Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ՙ զանգի զրնգուն մաքրությամբՙ մեղեդային, նուրբ, տարաշխարհիկ, Սարոյանի պատմվածքներըՙ հին իմաստնությունների պես պարզ ու իմաստուն, Անատոլ Ֆրանսի «Կյումեցի երգչի»ՙ հարուստ, շքեղ լեզունՙ հին հայերենի, արեւելահայերենի եւ արեւմտահայերենի հրաշալի համադրումով:

Վեց ամիսների անընդմեջ եւ մանրակրկիտ աշխատանքների ընթացքում գրողի բծախնդիր հայացքի ներքո վերամշակվել եւ բյուրեղացել են նախկին թարգմանություններըՙ հավատարիմ բնագրային ոճին եւ իմաստային ամբողջականությանը: Հայ ընթերցողին ներկայացվող ուշագրավ թարգմանությունների այս ժողովածուն շահեկան է հատկապես նրանց ուղեկցող գրողի հիշատակություններով, ինքնատիպ խոսք-էսսեով, որոնց բնորոշ են հեղինակի կենսափիլիսոփայական խորը ընդհանրացումներըՙ վերապրած հոգեւոր անհատական փորձառությամբ, տիեզերական հավերժահոսում մարդու եւ բնության փոխակերպում-զարգացումների գաղտնախորհուրդ ընթացքի, մարդկային կյանքի բուն նպատակի որոնումներով եւ իր սեփական պատասխաններով:

«... Քո լավը տալ մարդկանց, ու տալովՙ դուրս գալ ինքդ քեզնից, հաղթահարել անհատի գոյութենական մենությունդ, շենանալ հոգեպես, քեզ տրված լավն էլ ընկալելով: Ու ընկալես անմահ իմաստուն Սոկրատեսի էլ ձայնը քո մեջ, այն սքանչելի աղոթքը, որով նա ներքին գեղեցկություն էր հայցում աստվածներից: Ճշմարիտ է, ճշմարիտ, ներքին գեղեցկությունն է, լայն իմաստով սերն է, որ ի զորու է քո իսկ աչքերով լուսավորելու եւ ի հայտ բերելու բուն հմայքը կյանքիՙ աստղազարդ երկնքի խորհուրդից մինչեւ առօրյա մտերմիկ իրողությունները քո շուրջ, ինչպիսին էլ լինեն վերիվայրումները քո վիճակներում: Հին աստվածները վաղուց լռել են, այսպես ասած, բայց չէ՞ որ, ըստ էության, մարդկային իմաստությունն ինքն իրեն է ուղղում սոկրատյան այդ սքանչելի աղոթքը, հենց ինքնադաստիարակությամբ աճեցնելու, ծաղկեցնելու ներքին գեղեցկության բնատուր սերմերը մարդու մեջ, միաժամանակ ջանալով մաքրել հոռի սերմերի արձակած որոմներից: Այստեղ էլ սակայն, իր ձայնն է միացնում հին չինացի մեծ բանաստեղծ Բո Ցյուին այն հարցով, թե ինչպես անես, որ ծաղիկներդ չվնասվեն, երբ ջանում ես մաքրել որոմներից»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4