«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2001-12-19 | #234, 2001-12-20 | #235, 2001-12-21


ՀԱՅ ԼԵԳԵՈՆԵՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՍՏՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ

Արդեն շուրջ մեկ ամիս ավարտվել է ֆուտբոլային մրցաշրջանը եւ թիմերն աստիճանաբար սկսում են նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Մենք ընթերցողներին տեղեկացրել էինք, որ ձմռան այս շրջանում հայաստանցի որոշ ֆուտբոլիստներ մեկնել են Իրան եւ Լիբանան: Բեյրութի ՀՄՄ-ում Գագիկ Սիմոնյանի եւ Վիգեն Աբրահամյանի հետ հանդես կգա նաեւ «Արարատի» կիսապաշտպան Համլետ Մխիթարյանը: Իսկ ահա, «Զվարթնոցի» ռմբարկու Մհեր Ավանեսյանը մինչ ՀՀ առաջնության մեկնարկը հանդես կգա Իրանում: Ավելի վաղ այդ երկիր էին մեկնել «Արարատի» ֆուտբոլիստներ Մայիս Ազիզյանը, Արամ Սարգսյանն ու Արշակ Ամիրյանը, «Փյունիկի» խաղացողներ Արթուր Քոչարյանը, Արմեն Սանամյանն ու Սլավա Սուքիասյանը: Առաջիկայում հայ լեգեոներների թիվը կաճի: Մասնավորապես, ուկրաինական թիմերը հետաքրքրվում են «Սպարտակի» մի քանի ֆուտբոլիստներով:

Իսկ ինչպիսի՞ն են գործերը մեր այն լեգեոներների, ովքեր անցած մրցաշրջանն անցկացրին արտասահմանյան թիմերում: Նախկին շիրակցիներ Հարություն Վարդանյանի եւ Արթուր Պետրոսյանի համար մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին շվեյցարական «Յանգ Բոյզում»ՙ նպաստելով առաջնության առաջին փուլում թիմի առջեւ դրված հիմնական խնդրի կատարմանը: Ֆուտբոլասերները հավանաբար տեղյակ են, որ «Յանգ Բոյզը» տեղ է զբաղեցրել ուժեղագույն ութնյակում եւ իրավունք ստացել եզրափակիչ փուլում պայքարելու առաջնության պարգեւների համար: Նշենք, որ առաջնության հանդիպումներում ստացած գնահատականների միջին ցուցանիշով Հարություն Վարդանյանը ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաեւ լավագույն պաշտպան: Լավագույնների ցանկում Արթուր Պետրոսյանը 6-րդն է, իսկ կիսապաշտպանների մեջՙ 2-րդը: Ինչպես միշտ, իր բարձրության վրա էր Սարգիս Հովսեփյանը: Նա, անշուշտ, հայ լեգեոներներից լավագույնն է եւ իր բարձր կարգը հաստատեց ոչ միայն «Զենիթում», այլ նաեւ ՀՀ հավաքականում: «Կռիլյա Սովետովում» հանդես եկող Կարեն Դոխոյանի հասցեին էլ ռուսական մամուլում դրվատանքի շատ խոսքեր գրվեցին: Ցավոք, Կարենը վերջերս Երեւանում վիրահատվեց եւ բժիշկների խորհրդով ստիպված է մարզումները սկսել միայն հունվարի կեսերին: Ի տարբերություն վերը նշված ֆուտբոլիստների, ՀՀ հավաքականի անդամ Ալբերտ Սարգսյանի գործերը «Լոկոմոտիվում» հաջող չընթացան: Դեռեւս ամռանը Երեւանում մեր հետ ունեցած զրույցի ժամանակ Ալբերտը հայտնել էր, որ իր եւ գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի հարաբերությունները ջերմ չեն, որի հետեւանքով էլ ինքը հազվադեպ էր տեղ գտնում թիմի հիմնական կազմում: Դեկտեմբերին լրացավ «Լոկոմոտիվի» հետ Սարգսյանի կնքած պայմանագրի ժամկետը: Սյոմինը հայտարարել էր, որ ինքը դեմ չէ Սարգսյանիՙ այլ թիմ տեղափոխվելուն: Հայ ֆուտբոլիստը հրավեր էր ստացել բուլղարական «Լեւսկի» ակումբից, սակայն պայմանագրի կետերի շուրջ համաձայնություն ձեռք չէր բերվել: Առայժմ Սարգսյանը մնում է «Լոկոմոտիվում»: Նրանով հետաքրքրվում են նաեւ ռուսաստանյան այլ ակումբներ եւ բացառված չէ, որ Սարգսյանն ընդունի որեւէ թիմի հրավերը:

Սարգիս Հովհաննիսյանը, որը հայ առաջին լեգեոներն էր Ռուսաստանում, հանդես էր գալիս ՌԴ առաջին դիվիզիոնի առաջնության մասնակից Կազանի «Ռուբինում»: Ցավոք, վերջին տարիներին վնասվածքներն անընդհատ հետապնդում են 33-ամյա ֆուտբոլիստին, որի պատճառով նրան չի հաջողվում կայուն խաղ ցուցադրել: Սարգիսը մեկնել է Շտուտգարտ, որտեղ պետք է վիրահատվի: ՀՀ հավաքականի հարձակվող Անդրեյ Մովսիսյանը եւս 2 տարով երկարաձգել է պայմանագիրը «Սատուրնի» հետ: Ռոման Բերեզովսկին Մոսկվայի «Տորպեդոյում» իրեն վատ չդրսեւորեց, թեեւ եղան առանձին ձախողումներ:

ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստըՙ Արսեն Ավետիսյանը, դեռեւս անցյալ մրցաշրջանի կեսերից մեկնեց Սոչի, որտեղ հանդես եկավ ՌԴ առաջնության երկրորդ դիվիզիոնի մասնակից «Ժեմչուժինայում»: Ուրախալի է, որ Արսենն այնտեղ էլ աչքի ընկավ արդյունավետ խաղով: Ընթացիկ առաջնությունում նա 18 գնդակով դարձել է թիմի լավագույն ռմբարկու: Ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2002 թ. դեկտեմբերին: Չնայած դրան, ակումբը նրան տրանսֆերի է հանել: Արսենով հետաքրքրվում են ՌԴ առաջին խմբի, ինչպես նաեւ Չինաստանի թիմերը: Եթե գործարքը չկայանա, Ավետիսյանը մտադիր է շարունակել ելույթները «Ժեմչուժինայում»:

Արա Հակոբյանը խաղում էր Դոնեցկի «Մետալուրգում»: Վստահ է խաղում Ռոմիկ Խաչատրյանը Կիպրոսի «Օլիմպիակոսում», իսկ ՀՀ հավաքականի ավագ Երվանդ Սուքիասյանըՙ Հունաստանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4